Ամեն տարի հոկտեմբերի 31-ին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Հելոուինը: Տոնն ի հայտ է եկել Իռլանդիայի և Շոտլանդիայի կելտերի հին ավանդույթներից, որի պատմությունը սկսվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի տարածաշրջանում։ Տոնը հիմնականում նշվում է անգլախոս երկրներում: Անվանումն առաջացել է հին իռլանդերեն samhain բառից, որը նշանակում է «ամռան ավարտ»։
Շոտլանդիայում Հելոուինի խորհրդանիշը շաղգամն էր, բայց Հյուսիսային Ամերիկայում դրան փոխարինել է դդումը՝ որպես ավելի էժան բանջարեղեն: Առաջին անգամ Ամերիկայում լուսատու դդումների պատրաստումը գրանցվել է 1837 թվականին։
Այս օրվա սովորույթներից է քաղցրավենիք խնդրելը: Երեխաները և մեծահասակները հագնում են դիմակներ և տնից տուն գնում: Ի դեպ, մատնանշելով այս սովորույթը՝ որոշները Հելոուինի և Բարեկենդանի միջև ընդհանրություններ են տեսնում:
Հելոուինն ավանդաբար տոնում են անգլախոս երկրներում, սակայն այն մեծ ոգևորությամբ նշում են նաև այլ երկրներում։
Վերջին տարիներին այն նշվում է նաեւ Հայաստանում, թեև Հայ առաքելական եկեղեցին օրվա հետ կապված միշտ բացասական բնույթի հայտարարություններով է հանդես գալիս:
ArmLur.am-ը կապ հաստատեց Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանի հետ պարզելու, թե ի՞նչ դիրքորոշում ունի այս առնչությամբ հայ առաքելական եկեղեցին.
«Հելոուինի տոնը հայ առաքելական եկեղեցու հետ որեւէ կապ չունի, դա տոն էլ չի կարելի համարել: Զվարճանքի օր է պարզապես եվրոպական երկրներում, որի ժամանակ իբրեւ թե բացվում են դժոխքի դարպասները, դուրս են գալիս չար ոգիները եւ դու պարտավոր ես որեւէ չար ոգու կերպարանք ընդունելով դուրս գաս փողոց…կարճ ասած պրիմիտիվ հորինված մի հեքիաթ, որը այսօր Հայաստանում տարածվում է միմյայն այն բանի համար, որի միջոցով հնարավոր է դառնում «բիզնեսներ անել»:
Ի՞նչ է սա իրենից ենթադրում: Բազմաթիվ ակումբներ մարդկանց հավաքում են, ասում են «այսօր հելոուին ենք նշում» ու սկսում են մեկը մյուսով գումարներ աշխատել՝ մոռանալով, որ հայ եկեղեցին նման կիսակախարդական բաներ չի ընդունում եւ մեր ազգայինի հետ որեւէ կապ չունի: Սա եւս մեկ միջոց է մարդկանց ազգայինից հեռացնելու: Որեւէ եվրոպական երկիր չի տոնում մեր եկեղեցական տոները, այդ դեպքում մենք ինչու՞ ենք մեր վրա պարտավորություն վերցնում անպայման նշելու այդ տոնը: Կարծում եմ մեր ազգը պետք է խորամուխ լինի: Ցանկացած չարի դեմ հայ եկեղեցին ունի մեկ հզոր բան՝ աղոթք, որը բազմաթիվ անգամներ է իր ուժը ցույց տվել. մարդիկ են բժշկվել, իղձեր են իրականացվել և այլն»:
Մարիամ Ղազարյան