«KREMLIN Award» տեսակի կոնյակ , 4000 դոլար կաշառք. ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանի գործը մտավ դատարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայկ Սարգսյանը, 2000 թվականից զբաղեցնելով Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանի պաշտոնը, հանդիսանալով պետության կողմից ստեղծված հիմնադրամի անունից իրավունք, պարտականություն և պատասխանատվություն առաջացնող գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, նույն ֆակուլտետի տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի դոցենտ, նույն հիմքով պաշտոնատար անձ հանդիսացող Գագիկ Պետրոսի Տոնոյանի հետ խմբի կազմում, իրենց ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանող Սերգեյ Սամվելի Քեյանի օգտին ապօրինի գործողություն կատարելու դիմաց վերջինիցս պահանջել և ստացել են մանր չափերով՝ ընդհանուր 480.000 ՀՀ դրամ կաշառք:

Հայկ Սարգսյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանի տեղակալ, տնտեսագիտության և միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի դոցենտ, պաշտոնատար անձ հանդիսացող Արմեն Ռովելի Ներսիսյանի հետ խմբի կազմում, իրենց ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ ֆակուլտետի հինգերորդ կուրսի ուսանող Արփի Բյուզանդի Ծառուկյանի օգտին թողտվություն, հովանավորչություն և ապօրինի գործողություն կատարելու համար Պետրոս Սայաթի Հովհաննիսյանից Հայկ Սարգսյանի՝ Երևանի քաղաքի Աբովյան 52 հասցեում գտնվող աշխատասենյակում 2023 թվականի փետրվարի 17-ին ստացել են 19.000 ՀՀ դրամ արժողությամբ «KREMLIN Award» տեսակի կոնյակ և խոշոր չափերով՝ 1.571.560 ՀՀ դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլար կաշառք:

Այսպես. Պետրոս Հովհաննիսյանը Արփի Բյուզանդի Ծառուկյանի /Ավետիսյան/ օգտին թողտվություն, հովանավորչություն և ապօրինի գործողություն կատարելու համար ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանին խոշոր չափերով կաշառք տալու դիտավորությամբ 2023 թվականի փետրվարի 17-ին ներկայացել է վերջինիս՝ Երևանի քաղաքի Աբովյան 52 հասցեում գտնվող աշխատասենյակ և իր հետ նախապես որպես կաշառք վերցված, ստվարաթղթե տոպրակում տեղադրված 19.000 ՀՀ դրամ արժողությամբ «KREMLIN Award» տեսակի կոնյակի տուփի մեջ տեղադրել 1.571.560 ՀՀ դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլարը:

Հիշյալ կոնյակը և դրանում տեղադրված գումարը տոպրակով հանձնելով Հայկ Սարգսյանին՝ խնդրել է կոնյակին ուշադիր լինել:

Հայկ Սարգսյանը, Պետրոս Հովհաննիսյանից տեղեկանալով նույն ֆակուլտետի հինգերորդ կուրսի ուսանող Արփի Ծառուկյանի կողմից ծննդաբերելու և նորածնի խնամքով զբաղված լինելու հանգամանքով պայմանավորված՝ ուսումնական գործընթացի հետ կապված խնդիրներ ունենալու մասին, ստացած կաշառքի դիմաց իր ծառայողական լիազորություններն օգտագործելով՝ վերջինիս օգտին թողտվություն, հովանավորչություն և ապօրինի գործողություն կատարելն իրագործելու նպատակով՝ հեռախոսազանգի միջոցով իր աշխատասենյակ է հրավիրել դեկանի տեղակալ Արմեն Ներսիսյանին և տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի լաբորանտ Մանե Ռուբենի Հայրապետյանին ու նրան  կաշառքի դիմաց օգնել են։

Գործով նախաքննության ավարտ է հայտարարվել ըւ գործը դատարանում է։




Լրահոս