Ինչպես արդեն հայտնել էր Armlur.am-ը, այսօր լրագրողների հետ հանդիպման էր եկել նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանի գործով ձերբակալված Տիգրան Պետրոսյանի իրավապաշտպան Արա Զաքարյանը: Վերջինս հայտնեց, որ այս պահին իր ձեռքում կան տեսագրություններ, որոնցից երևում է, որ իր վստահորդը միջադեպի օրը փորձել է պաշտպանել Շանթ Հարությունյանին այն պահին, երբ ոստիկանները քաշքշում էին վերջինիս:
Փաստաբանի փոխանցմամբ` գործով տուժած ոստիկանն իր առաջին ցուցմունքում ասել է, թե Տիգրան Պետրոսյանն իրեն քաշքշել է, իսկ երկրորդ ցուցմունքում՝ ասել, որ նաև հրել է:
Փաստաբան Զաքարյանն այս ամենի մեջ քաղաքական ենթատեքստ է տեսնում:
«Իշխանությունները փորձում են դաս տալ բոլոր նրանց, ովքեր կփորձեն անհամաձայնություն արտահայտել իրենց գործերի նկատմամբ: Նմանատիպ որոշումներ կայացնելով` մեր դատարանները խախտում են Եվրոպական դատարանի կոնվենցիաները»,-համոզմունք հայտնեց փաստաբանը` հավելելով, որ Տիգրան Պետրոսյանի նկատմամբ արդեն երրորդ անգամ են որպես խափանման միջոց կալանքն ընդունում` հիմնավորելով, թե դա արվում է Տիգրան Պետրոսյանի կողմից նոր հանցանքների կանխման և քննությանը չխանագարելու համար:
«Ես այս պահին իմ ձեռքի տակ ունեմ բազում տեսագրություններ, որոնցում երևում է, թե ինչպես են ոստիկանները ծեծում մարդկանց, սակայն նրանց հանդեպ ոչ մի տեսակի խափանման միջոց այդպես էլ չկիրառվեց»,- հայտնեց փաստաբանը:
Նրա խոսքով՝ 3 վայրկյան տևած միջադեպի հետևանքով արդեն 4 ամիս շարունակ դատարանն ու քննչական մարմինները քննություն են անցկացնում: Նա համոզված է, որ քննիչն ինչ ասում է, դատարանը առանց կասկածելու ընդունում ու հավատում է: