Վահրամ Սահակյանը՝ «հենց այսօրվա հայի» մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ հոկտեմբերի 5-ին «Մոսկվա» կիոթատրոնի Կարմիր դահլիճում՝ Վահրամ Սահակյանը ներկայացրեց ֆիլմային հատվածներով համեմված իր նորագույն «Հենց այսօրվա հայը» տրագիկոմեդիան։

Ներկայացման կազմակերպիչները հայտնում են, որ եթե դուք արդեն դիտել եք հոկտեմբերի «Հենց այսօրվա հայ»- ին, ապա չմոռանանք, որ հենց այսօրվա հայը կատարելագործվում է եւ նոյեմբերի 11-ին կայանալիք ներկայացման մեջ ավելանում են հենց նոյեմբեր ամսվա հային բնորոշ նոր գծեր։ Ներկայացումը հիմնականում չի փոխվում, բայց ավելանում են նոր մանրապատումներ, նոր մենախոսություններ եւ նոր ֆիլմային հատվածներ։

ArmLur.am-ը ներկայացման մանրամասների մասին զրուցել է ժամանակակից գրող, բանաստեղծ, թատերագիր, դերասան Վահրամ Սահակյանի հետ.

Պարոն Սահակյան, Դուք անընդհատ նշում էիք, որ ցանկանում եք, որպեսզի մտածող հայը գա Ձեր ներկայացմանը, նրանք, որոնք չեն կարողանում նստել իրենց տեղերում: Ովքե՞ր եկան ներկայացմանը: Դուք գո՞հ եք ներկայացումից: Ձեր սպասելիքներն արդարացա՞ն:

– Ինչպես եւ սպասելի էր՝ ներկայացմանը եկել էին երեկվա, այսօրվա եւ վաղվա հայերը, այլ ոչ հենց այսօրվա հայերը։ Հենց այսօրվա հայը, ում ես ներկայացնում եմ իր տարատեսակ նողկալի դրսեւորումներով՝ դա ստորության մարմնավորումն է, դա անարգանք է երկրի, պետության եւ հայրենիքի համար։

Մարդիկ իրենց հույզերով, գնահատականներով կիսվե՞լ են Ձեզ հետ, ի՞նչն է նրանց ամենաշատը դուրս եկել:

– Մարդիկ իրոք հուզվել են, մանավանդ ներկայացման վերջում ցուցադրված ֆիլմային մասից, որտեղ ավելի հստակ է ցուցադրվում այսօրվա եւ հենց այսօրվա հայի միջեւ եղած անդունդը։

«Ժողովուրդ» օրաթերթը խոսել է հանդիսատեսի հետ, նրանք ասում են, որ ընդհանուր առմամբ հրաշալի էր ու շատ տեղերում «կպնում» էր մարդկանց հոգուն, այն ամենը ինչի մասին շատերը լռում էին, դուք խոսել եք, սակայն մի քանի բանի չեք անդրադարձել: Օրինակ, հայի այն տեսակին, որը քաղաքականությամբ չի զբաղվում: Երկիր են հանձնում, ողբերգություն է տեղի ունենում ու այս ֆոնին շատ-շատերը պարզապես ասում են, որ «քաղաքականությամբ չենք զբաղվում»: Ինչու՞ չեք անդրադարձել այս տեսակին:

– Ճիշտն ասած կոնկրետ «ես քաղաքականությամբ չեմ զբաղվում» հային ես անդրադարձել եմ իմ նախորդ բոլոր ներկայացումներում, մանավանդ այս տարվա փետրվարին ներկայացված «Պատվախաղ 2» տրագիոմեդիայում։ Բայց ուզում եմ նշել, որ հենց այսօրվա հայը շարունակ փոխվում է եւ կատարելագործում եւ կոնկրետ հիմա՝ 2023 թվականի հոկտեմբերին «ես քաղաքականությամբ չեմ զբաղվում» արտահայտությունն արդեն արդիական չէ։ Ավելին ասեմ. հոկտեմբերին ներկայացված հենց այդօրվա հայն ուրիշ է, նոյեմբերինն ուրիշ է լինելու, իսկ դեկտեմբերինն ընդհանրապես երեւի վիժվածքագույն գարշանք լինի։ Եւ նրանք ծնում են իրենց նոր արտահայտությունները։

Զրուցեց Մարիամ Ղազարյանը




Լրահոս