Հայաստանում է գտնվում Եվրոպական միության ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչի գլխավորած պատվիրակությունը: Այսօր նա և փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հանդես են եկել հայտարարություններով:
Տիգրան Խաչատրյանը նշել է, թե քննարկման ընթացքում եկել են այն համաձայնության, որ Եվրոպական միությունը կշարունակի ավելացված աջակցություն ցուցաբերել բոլոր անհրաժեշտ ուղղություններով՝ հաշվի առնելով այն մեծ փորձառությունը, որն ունի ճգնաժամային կառավարման հարցերում։
Յանեզ Լենարչիչն իր խոսքում նշել է. «Ես եկել եմ Հայաստան ցույց տալու համար Եվրամիության ամբողջական համերաշխությունը Հայաստանի, հայ ժողովրդի և, մասնավորապես, Ղարաբաղից տեղահանված մարդկանց։ Ինչպես գիտեք, Եվրամիությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանական ուժերի վերջին ռազմական գործողությունը Ղարաբաղի հայ բնակչության դեմ։ Ինչպես գիտեք, այս ռազմական գործողությունը հանգեցրել է ավելի քան 100 հազար մարդկանց տեղահանմանը դեպի Հայաստան։ Ես վստահեցնում եմ Հայաստանին ու հայ ժողովրդին, որ այս դժվարին իրավիճակում կարող են ապավինել Եվրամիության ամբողջական աջակցությանը»։