«Աշխարհը ուկրաինական դեպքերից հետո այլևս չի լինի այն, ինչ կա կամ եղել է»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը` ավելացնելով, որ ով էլ լինի հաղթողը, փաստ է, որ Ուկրաինան իր ամբողջության մեջ արդեն տանուլ է տվել:
Նա նշեց, որ ուկրաինական իրադարձություններն իրենց անմիջական ազդեցությունը կունենան նաև մեր տարածաշրջանի վրա` հանգեցնելով մի շարք գործընթացների: Այն լարվածությունը, որ առկա է Ռուսաստանի և Արևմուտքի միջև, ըստ քաղաքագետի՝ կազդի Հարավային Կովկասի վրա, քանի որ այս տարածաշրջանը նույնպես նրանց շահերի բախման վայրերից է:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ իր խոսքում նշեց, որ այս իրադարձությունների միակ հաղթողը Ուկրաինայի ժողովուրդն է, քանի որ նա ինքը որոշեց տնօրինել իր ապագան, կառուցել այնպիսի երկիր, որը զերծ կլինի կոռուպցիայից, մոնոպոլացված տնտեսությունից, ստեղծել մի այնպիսի իշխանություն, որը նորմալ հարաբերություններ կծավալի գործընկերների հետ:
«Այն ուղով, որով ընթացավ Ուկրաինան, իհարկե, ցանկալի չէր: Սակայն նրանք վճարեցին այն գինը, որը պահանջվում է ազատության համար»,- նշեց Արմեն Մարտիրոսյանը:
Վերջինս անդրադարձավ նաև Ղրիմի շուրջ ստեղծված իրավիճակին` նշելով, որ ինքը այդտեղ խնդիր է տեսնում, և առաջին հերթին՝ Ռուսաստանի համար: «Նախ՝ Ռուսաստանը Ղրիմում կունենա թաթարական խնդիր, որը իր ազդեցությունը կունենա հետագայում նաև Բաշկիրիայում, Թաթարստանում, ինչպես նաև՝ Անդրկովկասում` ակտիվացնելով թաթարական գործոնը տարածաշրջանում: Երկրորդ` Ղրիմը պոկելով` Ռուսաստանն ամբողջությամբ կթողնի Ուկրաինային, ինչպես տեղի ունեցավ Վրաստանի դեպքում, երբ վերջինից պոկեց Աբխազիան ու Հվ. Օսիան»,- իր խոսքում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը:
Վերջինս անտեղի համարեց համեմատել Ղրիմն ու Արցախը, քանի որ Ղրիմում ռուսների նկատմամբ բռնություններ չեն կիրառվում, իսկ Արցախում հայ ժողվուրդը հերթական ցեղասպանությունից փրկվեց. այս պարագայում պետք չէ ինչ-որ համեմատական զուգահեռներ անցկացնել Ղրիմի ու Արցախի միջև: