Ինչպես հայտնում է ՏԱՍՍ ռուսական լրատվամիջոցը, Հայաստանը դիզվառելիքի և բենզինի մատակարարման քվոտան ավելացնելու խնդրանքով դիմել է Ռուսաստանի Դաշնությանը, որը բավարարվել է մասամբ։
«Համաձայն երկու երկրների կառավարությունների միջև 2013 թվականին ստորագրված համաձայնագրի՝ Հայաստան բնական գազի, նավթամթերքի և չմշակված բնական ադամանդների մատակարարման ոլորտում համագործակցության մասին, Ռուսաստանի Դաշնությունը հաստատում է Հայաստանի համար նավթամթերքի արտահանման ինդիկատիվ քվոտաները յուրաքանչյուր տարվա համար։ 2023 թվականի հոկտեմբերին բենզինի և դիզվառելիքի քվոտան սպառվել է, և հայկական կողմը դիմել է քվոտայի մեծացման խնդրանքով, որը բավարարվել է մասամբ»,- նշել են գերատեսչությունում։ Քվոտայի ավելացումը հայ ներկրողներին հնարավորություն է տվել գնել Ռուսաստանից և ներկրել 15 հազար տոննա բենզին և 20 հազար տոննա դիզվառելիք, պարզաբանել են նախարարությունից՝ հավելելով, որ «Երևանը երբեք չի խնդրել Մոսկվային դիզվառելիք կամ բենզին անվճար մատակարարել»:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն տեղեկություն էր տարածել, որ ի պատասխան Հայաստանի ղեկավարության կոչի՝ Ռուսաստանը սկսել է մատակարարել հանրապետությանն անհրաժեշտ նավթամթերքը։ Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունը պարզաբանել է, որ Մոսկվան իր դաշնակիցներին ընդառաջել է 2013 թվականի դեկտեմբերին ստորագրված համապատասխան միջկառավարական համաձայնագրի շրջանակներում՝ չնայած սեպտեմբերի 21-ին ՌԴ կառավարության կողմից երկրից առևտրային բենզինի և դիզվառելիքի արտահանման ժամանակավոր արգելքի սահմանմանը։