ԱԺ «Քաղաքացիական Պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը հանդիսանում է ՔՊ կուսակցության վարչության փոխնախագահը։
2018 թվականին խորհրդարան եկած պատգամավորն այդ տարվա հոկտեմբերին Երևանի Շենգավիթ վարչական շրջանում բազմաբնակարան շենքում բնակարան է գնել։ Հաջորդ բնակարանը գնել է 2022 թվականի մարտին՝ կրկին Երևանում, որն արժեցել է 21 մլն դրամ։
Բազմաբնակարան շենքում ձեռքբերված 2 բնակարաններն էլ համատեղ սեփականությամբ են։
Պապոյանը հայտարարագրել է մեկ մեքենա՝ Vaz մակնիշի 1992 թվականի արտադրության, որը ձեռք է բերել 2011 թվականին։
Նրա բանկային ավանդները կազմել են 11 հազար 299 դոլար, բանկային հաշիվների մնացորդը կազմել է 775 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 2 մլն 240 հազար դրամ։
Պատգամավորի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 15 մլն 532 հազար դրամ, որից 9 մլն 574 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է ՀՀ ԱԺ աշխատակազմից։ Եկամտի 1 մլն 821 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ տետական տնտեսագիտական համալսարանից։ 1 մլն 857 հազար դրամը Պապոյանը ստացել է ՊԵԿ-ից, ըստ երևույթին եկամտահարկի վերադարձի օրենքով, սակայն հայտարարագրում նշված չէ հիփոթեք ունենալու մասին որևէ տող։
Եկամտի մյուս կեսը վարկեր, փոխառություններ են Յունիբանկ ԲԲԸ-ից, Հայբիզնեսբանկ ՓԲԸ-ից, Հայբիզնեսբանկ ՓԲԸ-ից, Ինեկոբանկ ՓԲԸ-ից։ Պապոյանն այս վարկերի մարմանն ուղղել է 5 մլն 230 հազար դրամ։
Հիշեցնենք նաև, որ Պապոյանն ըստ երևույթին բնակարաններ ձեռք բերելու իր փորձով պայմանավորված, որոշել էր նախագիծ ներկայացնել բնակարանների հիփոթեքի ձեռքբերման վերաբերյալ։
Պապոյանն առաջարկել էր օրենքը փոխել, որ կառուցապատողներին բանկը հիպոթեքային պայմանագրերի գումարները տրամադրի ոչ թե կառուցապատման սկզբում, այլ՝ վերջում, երբ բնակարանները հանձնվեն շահառուներին։ Նա բազմիցս նշել էր, որ նախագիծը պետության համար է, ուստի պատրաստ է հարվածների դիմակայել։ Նա դիմակայեց և նախագիծը առաջին ընթերցումով ընդունվեց։
Էմմա Միքայելյան