22-ամյա հայ գերու հարազատները կապ են հաստատել «Կարմիր խաչ»-ի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանը հատած, Տավուշի մարզի Թովուզի շրջանի Վերին Կարմիաղբյուրի բնակիչ  22-ամյա Արսեն Խոջոյանից դեռևս ոչ մի լուր չկա: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում հայտնեց գյուղի ղեկավարը՝ Կամո Չոբանյանը: Նրա փոխանցմամբ` իրենք այսօր կապ են հաստատել ԿԽՄԿ-ի հետ, որտեղից նրանց հայտնել են, որ դեռևս ոչ մի միջոց չեն ձեռնարկել:

«Կարմիր խաչ»-ում ինձ ասացին, որ հիմա ընդամենը տվյալներ են ճշտվում` Ադրբեջանի հետ Արսենը կապ ուներ, թե՝ ոչ, նաև՝ անձնականի հետ կապված ինչ-որ տվյալներ: Արսենը, չգիտեմ, տեսողական խնդիրներ ուներ, թե՝ ոչ, բայց առողջական ուրիշ խնդիրներ չի ունեցել»,- նշեց Չոբանյանը:

Նա մեզ հայտնեց նաև, որ Խոջոյանն ընտանիքի 7 երեխաներից մեծն է, ամուսնացած չի և երեխաներ չունի: Գյուղապետի համոզմամբ` Խոջոյանը խիստ մառախուղի պատճառով է մոլորվել:

Ինչ վերաբերում է տարածված լուրին, թե վերջերս հայրենադարձված Մամիկոն Խոջոյանն ու Արսեն Խոջոյանը բարեկամներ են, գյուղապետն Armlur.am-ին հայտնեց, որ պարզապես նույն ազգից են և հարևաններ:

Իսկ Արսեն Խոջոյանի մայրը` Սվետլանան մեզ հայտնեց, որ այսօր գյուղապետ Չոբանյանն իրենց է փոխանցել ԿԽՄԿ-ի տվյալները, որպեսզի իրենք կապ հաստատեն «Կարմիր խաչ»-ի հետ: «Նամակ ենք գրել Արսենի համար, մեզ ասեցին, որ կտանեն կփոխանցեն, բայց դեռ նորություններ չունեն: Մարզպետարանից ոչ ոք մեկ չի հետաքրքրվել, մեր հետ չեն կապվել»,-ասաց հայ գերու մայրը:

Վերջինս մեզ նաև տեղեկացրեց, որ Արսենը ժամկետային ծառայություն է անցել ԼՂՀ-ի Եղնիկներ կոչվող զորամասում, իսկ մինչև սահմանն անցնելը զբաղվել է անասնապահությամբ:

Խոջոյանի մայրը հավելեց, որ ամուսինը նույնպես անասնապահ է. որդիներից մեկն այս պահին զինծառայող է, մյուս երեխաները դպրոցական են, իսկ ամենափոքրը մանկապարտեզ է հաճախում:

Տաթև Հարությունյան




Լրահոս