50 հազարից ավել արցախցի արդեն աջակցություն է ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջիկա շաբաթներին մեծ ծավալի աշխատանք է նախատեսվում իրականացնել տեղահանված արցախցիների մասով։ Այս մասին այսօր նշել է կառավարության hումանիտար կենտրոնի աշխատանքները համակարգող փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

Խոսելով 100 հազար դրամի աջակցության մասին, նա նշել է, որ դրանք կատարվելու են անկանխիկ։

«Այն բոլոր մեր հայրենակիցները, ովքեր ունեն քարտային հաշիվներ, իսկ նրանք, ըստ մեր ունեցած տվյալների, 50 հազարը գերազանցող թվով անձինք են, վերջին երկու օրերի ընթացքում մեծամասամբ արդեն ստացել են իրենց դրամական փոխանցումները: Ուզում եմ հիշեցնել, որ նրանք, որոնք չունեն բանկային քարտային հաշիվներ, այս օրերի ընթացքում պետք է առևտրային բանկերում բացեն իրենց հաշիվները»,- հայտնեց փոխվարչապետը:

Նա հիշեցրեց, որ այս աջակցության հիմնական շահառու կարող են դառնալ Արցախից տեղահանված այն անձինք, որոնք Հայաստանում չունեն բնակարան կամ բնակելի տուն և շարունակում են գտնվել հանրապետությունում:

«Աջակցությունը պետք է կազմի 40 հազար դրամ՝ յուրաքանչյուր մարդու հաշվով՝ անկախ տարիքից՝ բնակության վարձի ծախսերի և 10 հազար դրամ՝ կոմունալ ծախսերի փոխհատուցման նպատակով»,- նշեց Տիգրան Խաչատրյանը։

Փոխվարչապետի խոսքով՝ ամենակարևոր հարցը երկարատև զբաղվածության ծրագրերն են:




Լրահոս