«Այն, ինչ տեղի ունեցավ Ղրիմում, ըստ միջազգային իրավունքի, ունի մեկ գնահատական` դա օկուպացիա է, ավելին, չսադրված ագրեսիա»,- այսօր Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց «Համաձայնություն» կենտրոնի նախագահ Դավիթ Շահնազարյանը:
Վերջինս իր խոսքում նշեց, որ այն, ինչ տեղի է ունենում, ոչ թե Ղրիմի կամ Ուկրաինայի հարց է, այլ՝ ՌԴ-ի:
«ՌԴ-ն հայտարարել է, որ այն, ինչ կոչվում է միջազգային իրավունք, այլևս գոյություն չունի: Ինքն իր համար իր շահերն է համարում միջազգային իրավունք, և սա ամենամեծ մարտահրավերն է միջազգային հանրությանը»,-հայտնեց Դավիթ Շահնազարյանը` նույնացնելով ստեղծված իրավիճակը Կարիբյան ճգնաժամի հետ:
Ըստ Դավիթ Շահնազարյանի` Մոսկվայի քայլերն ապացուցում են, որ նա այլևս միջազգային հանրության ու կառույցների կարիքը չունի, և այդ կառույցներին փոխարինելու է ռուսական բռնապետությունը: Դրա պատճառը, ըստ նրա, այն է, որ իրավիճակը դուրս է եկել Կրեմլի հսկողությունից:
ԱԱԾ նախկին պետը նշեց, որ սա ձեռնոց էր` նետված միջազգային հանրությանը դեռևս 2008-ից, երբ Ռուսաստանը պատերազմ հայտարարեց Վրաստանին: Սակայն Շահնազարյանը գտնում է, որ Արևմուտքը պատրաստ չէր այդ ժամանակ դուրս գալ Ռուսաստանի դեմ, սակայն Ուկրաինան ու Մայդանը ստիպեցին Արևմուտքին փոխել քաղաքականությունը:
Բանախոսն անդրադարձավ նաև Ղրիմ-Ղարաբաղ զուգահեռներ անցկացնելու մի շարք փորձագետների փորձերին` դրանք համարելով անընդունելի, քանի որ այդ դեպքում մենք նույնացնում ենք Արցախի անկախության համար տեղի ունեցած հանրաքվեն Ղրիմի խամաճիկ պառլամենտի կողմից անցկացվող հանրաքվեի հետ: