Արա Շիրազին արտերկիր չեն տանի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քանդակագործ Արա Շիրազը փետրվարի 24-ից «Նաիրի» բժշկական կենտրոնում է: Նրա վիճակը ծայրահեղ ծանր է: Armlur.am լրատվականի թղթակցի հետ զրույցում «Նաիրի» և «Էրեբունի» բժշկական կենտրոններում անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ծառայության ղեկավար Անատոլի Գնունին ասաց, որ Արա Շիրազի մոտ մասնագետներն ախտորոշել են ինսուլտ: Քանդակագործը դեռ անգիտակից վիճակում է, նրան միացված է արհեստական շնչառություն հաղորդող սարք:

Արդյոք անհրաժեշտությո՞ւն կա հիվանդին արտասահման տեղափոխել:

Գնունու խոսքով`  մասնագետներն անում են ամեն ինչ՝ հիվանդին միջազգային չափանիշներին համապատասխան տեղում բուժելու համար:

«Արա Շիրազը հիվանդանոց բերվել է ծայրահեղ ծանր վիճակում: Նա բազմաթիվ ինսուլտներ է ունեցել,  հիմա նրա մոտ կրկնակի ինսուլտ է: Եթե հարազատները ցանկություն հայտնեն, մենք կարող ենք արտասահմանից բուժօգնության խմբեր կանչել կամ հիվանդին տեղափոխել արտասահմանյան որևէ  բուժհաստատություն: Բայց հարազատները մեր առաջ նման պահանջ չեն դրել»,- մանրամասնեց  բժիշկը:

Մեր թղթակիցը զրուցեց նաև Արա Շիրազի եղբոր` Վանանդ Շիրազի հետ, ով ասաց, որ իրենք հույս ունեն` Շիրազը ոտքի կկանգնի: «Մենք հույսով ապրում ենք»,- անկեղծացավ  քանդակագործի եղբայրը:

Պրն. Շիրազից հետաքրքրվեցինք` հնարավոր է հարազատները Արա Շիրազին տեղափոխեն  արտասահման: Վանանդ Շիրազի խոսքով` սա այն դեպքը չէ, երբ կարելի է հիվանդին արտասահման տանել:

«Այն գործողությունները, որոնք կանեն դրսում, անում են նաև այստեղ»,- ասաց մեր զրուցակիցը:

Արա Շիրազի զարմուհի, Սիլվա Կապուտիկանի տուն-թանգարանի տնօրեն Ռաֆլետա Հաջյանն էլ մեզ հետ զրույցում ասաց.

«Շիրազին օրական  40.000 դրամի դեղ են  ներարկում:

Աստիճանաբար ավելանում  է արյան զեղումը, չեն գործում լյարդն ու միզապարկը: Էլ չեմ խոսում՝ ինչքան դեղ ու պլազմա են ներարկում»,- ասաց տիկին Հաջյանը` հավելելով, որ կառավարական մակարդակով  ուշադիր են քանդակագործի նկատմամբ:




Լրահոս