Այս պահին ոստիկանական մեծ ուժեր են կուտակվել Հակակոռուպցիոն դատարանում, որոնք եկել են Արմեն Աշոտյանի դատական գործով դատարանում հնարավոր անկանոն վիճակը կարգավորելու համար։
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Արմեն Գևորգի Աշոտյանը հանդիսանալով բարձրաստիճան պաշտոնատար անձ՝ ՀՀ կրթության և գիտության նախարար, ինչպես նաև հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, օգտագործելով իր պաշտոնից բխող հեղինակությունը, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, այն է՝ հանձնարարել է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի ռեկտոր Միքայել Նարիմանյանին՝ կատարել օրենքով և հիմնադրամի կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորություններից չբխող գործողություն, իսկ Մարթա Սիմոնյանին՝ մասնակցել նշված գործողության կատարմանը, այն է՝ առանց հոգաբարձուների խորհրդի հաստատման, համալսարանի անունից նույն կազմակերպության նախագահ Մարթա Սիմոնյանի հետ կնքել համագործակցության հուշագիր, դրա հիման վրա կազմակերպությանն անդամակցած աշխատակիցների աշխատավարձերի 0,5 տոկոսի չափով գանձումներ իրականացնել և փոխանցել «Հերացի» արհեստակցական կազմակերպությանը՝ հետագայում նույն գումարներով՝ կազմակերպության և «Նավասար» ՍՊ ընկերության «Ծովասար» հյուրանոցային համալիրի տնօրեն Վաչիկ Սաղաթելյանի միջև պայմանագրեր կնքելու, այդ պայմանագրերով շուկայականից բարձր գներով անշարժ գույքեր ձեռք բերելու համար՝ քողարկված նպատակ ունենալով այդ կերպ կատարել հանցավոր ճանապարհով ստացված՝ առանձնապես խոշոր չափերով գումարի փոխանցում և թաքցնել դրա հանցավոր ծագումը:
Միքայել Նարիմանյանը, օգտվելով Արմեն Աշոտյանի հովանավորչությունից, խուսափելով հնարավոր բացասական հետևանքներից, նպատակ ունենալով կատարել Արմեն Աշոտյանի հանձնարարությունը, տեղեկացված չլինելով Արմեն Աշոտյանի կողմից փողերի լվացում կատարելու մտադրության մասին, գիտակցելով, որ տրված հանձնարարության արդյունքում կատարում է հիմնադրամին պատկանող գույքի առանձնապես խոշոր չափերով վատնում, «Հերացի» արհեստակցական կազմակերպության նախագահ Մարթա Սիմոնյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ հիմնադրամի գումարները հիշյալ կազմակերպությանը փոխանցելու, այդ գումարներով Արմեն Աշոտյանի հետ առնչություն ունեցող «Նավասար» ՍՊ ընկերության «Ծովասար» հյուրանոցային համալիրի տնօրեն Վաչիկ Սաղաթելյանից շուկայականից բարձր գներով հանգստի տներ ձեռք բերելու և ավել վճարվելիք գումարները Վաչիկ Սաղաթելյանինը դարձնելու շուրջ: Իր հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով Միքայել Նարիմանյանը նախ՝ 2015 թվականի սեպտեմբերի 1-ին համալսարանի կանոնադրության 46-րդ կետի 7-րդ ենթակետով սահմանված պահանջի խախտմամբ՝ առանց հոգաբարձուների խորհրդի հաստատման, համալսարանի անունից նույն կազմակերպության նախագահ Մարթա Սիմոնյանի հետ կնքել է համագործակցության հուշագիր, որի համաձայն՝ հիմնադրամը պարտավորվել է կազմակերպությանն անդամակցած աշխատակիցների աշխատավարձերի 0,5 տոկոսի չափով գանձումներ իրականացնել և փոխանցել կազմակերպությանը, բացի այդ, կազմակերպությանը փոխանցել հուշագրի ստորագրման պահին «Աշխատողների սոցիալական աջակցության ֆոնդ»-ում հավաքագրված գումարը՝ հուշագրով չնշելով գումարի չափը: Կնքված հուշագրի հիման վրա համալսարանի կողմից «Հերացի» արհեստակցական կազմակերպությանը փոխանցվել է 189.275.200 ՀՀ դրամ:
Արմեն Աշոտյանի հիշյալ գործողությունների արդյունքում էական վնաս է պատճառվել «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի իրավունքներին և օրինական շահերին, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝ խաթարվել է հիմնադրամին պատկանող գույքի տնօրինման՝ կանոնադրությամբ սահմանված կարգը, հեղինակազրկվել է հիմնադրամի բարի համբավը և հիմնադրամը զրկվել է իրեն պատկանող՝ առանձնապես խոշոր չափերով գույքը սեփական հայեցողությամբ օգտագործելու և տնօրինելու իրավունքից:
Շարունակելով իրականացնել Արմեն Աշոտյանի հանձնարարությունը՝ փաստացի համալսարանին պատկանող՝ արդեն իսկ «Հերացի» արհեստակցական կազմակերպության տնօրինմանը հանձնված առանձնապես խոշոր չափերով գումարները կնքված պայմանագրերի ուժով Վաչիկ Սաղաթելյանինը դարձնելու նպատակով, կազմակերպությունն ի դեմս նախագահ Մարթա Սիմոնյանի՝ 2015 թվականի դեկտեմբերի 21-ին «Ծովասար» հյուրանոցային համալիրի տնօրեն Վաչիկ Սաղաթելյանի հետ կնքել է անշարժ գույքի կառուցապատման իրավունքի առուվաճառքի չորս պայմանագրեր, որոնցով կազմակերպությունը 24.970.000 ՀՀ դրամով ձեռք է բերել Գեղարքունիքի մարզի Նորաշեն համայնքի 9-րդ փողոցի 5 հողամասի 1/1 հասցեում գտնվող, 61.21 քմ մակերեսով, պայմանագիրը կնքելու օրվա դրությամբ 23.555.000 ՀՀ դրամ արժողությամբ հանգստի տունը, 18.895.000 ՀՀ դրամով՝ նույն հողամասի 1/2 հասցեում գտնվող, 46.21 քմ մակերեսով, պայմանագիրը կնքելու օրվա դրությամբ 18.150.000 ՀՀ դրամ արժողությամբ հանգստի տունը, 16.903.000 ՀՀ դրամով՝ հողամասի 1/3 հասցեում գտնվող, 41.33 քմ մակերեսով, պայմանագիրը կնքելու օրվա դրությամբ 16.240.000 ՀՀ դրամ արժողությամբ հանգստի տունը, 25.424.000 ՀՀ դրամով՝ հողամասի 1/5 հասցեում գտնվող, 61.43 քմ մակերեսով, պայմանագիրը կնքելու օրվա դրությամբ 23.640.000 ՀՀ դրամ արժողությամբ հանգստի տունը:
Այնուհետև, Միքայել Նարիմանյանին վստահված՝ հիշյալ կազմակերպությանը փոխանցված առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակությունն ավարտին հասցնելու նպատակով կազմակերպությունն ի դեմս նախագահ Մարթա Սիմոնյանի՝ 2016 թվականին «Նավասար» ՍՊ ընկերության հետ կնքված պայմանագրով 99.414.000 ՀՀ դրամով ձեռք է բերել նույն հողամասի 1/34 հասցեում գտնվող, պայմանագիրը կնքելու օրվա դրությամբ 66.300.000 ՀՀ դրամ արժողությամբ նկուղը, ժամանցի և սպորտի դահլիճը:
Արմեն Աշոտյանի հանձնարարությունը կատարելու և այդ նպատակով Միքայել Նարիմանյանի հետ համատեղ մասնակցությամբ վերջինիս վստահված գույքի առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու համար վերը նշված հինգ պայմանագրերի կնքման արդյունքում Մարթա Սիմոնյանը ոչ միայն նշված ընկերությանն է փոխանցել Արմեն Աշոտյանի հանցավոր գործողությունների արդյունքում ստացված 185.606.000 ՀՀ դրամը, այլև հափշտակել՝ Վաչիկ Սաղաթելյանի սեփականությունն է դարձրել ընդհանուր 147.885.000 ՀՀ դրամ արժողություն ունեցող հինգ անշարժ գույքերը շուկայականից բարձր գնով՝ 185.606.000 ՀՀ դրամով ձեռք բերելու արդյունքում ավել վճարված՝ ընդհանուր 37.721.000 ՀՀ դրամը:
Արդյունքում՝ Արմեն Աշոտյանը, օգտագործելով Մարթա Սիմոնյանին և Միքայել Նարիմանյանին, օրինականացրել է հանցավոր ճանապարհով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու արդյունքում ստացված գումարից ընդհանուր 185.606.000 ՀՀ դրամը՝ այն փոխանցելով իր հետ առնչություն ունեցող «Նավասար» ՍՊ ընկերությանը և նշված դրամական միջոցները փոխարկել գույքի՝ նպատակ ունենալով թաքցնել և խեղաթյուրել այդ գույքի հանցավոր ծագումը:գոէծը դատարանում է։
Ք․ Մ․