ԱՄՓՈՓՈՒՄ՝ ԿՈՌՆԻՁՈՐԻ ԱՆՑԱԿԵՏԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Այցիս նպատակն է, որ տեղում հասկանանք` արդյոք կազմակերպման ընթացքում որեւէ բաներ կան լրացնելու, ուղղումներ իրականացնելու»,-սեպտեմբերի 29-ին՝ Գորիսում լրագրողների հետ ճեպազրույցին, ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

 

«Հենց առաջին վայրկյանից թե՛ Կոռնիձորում, թե՛ այստեղ կազմակերպվել է առաջին բուժօգնության ծառայություն: Մեր թերապեւտները, մանկաբույժները կիրականացնեն առաջնային կոնսուլտացիա: Ցավոք սրտի, բռնի տեղահանված մեր հայրենակիցները գտնվում են նաեւ բավական ծանր առողջական վիճակում՝ 10 ամիս լինել շրջափակման մեջ, հիմնականում թերսնված, քրոնիկ հիվանդությունների համար դեղորայք չունենալով:

Մեզ համար շատ կարեւոր է հենց առաջին կետին նրանց առաջնակի բուժօգնություն տրամադրել, բայց այս կետից հետո մենք գնահատման արդյունքում հասկանում ենք, որ հոսպիտալացման կարիք կա, շտապօգնության մեքենաները տեղափոխում են արդեն հիվանդանոցային բուժօգնության»,- ասաց Անահիտ Ավանեսյանը:

Նա նշեց, որ անընդհատ հերթափոխով բուժաշխատողները կարողանում են բոլոր կարիք ունեցողներին առաջնակի բուժօգնություն, որոշակի դեղորայք, ցավազրկողներ տրամադրել: «Այստեղ են նաեւ շաքարային դիաբետով պացիենտներ, որոնք ունեն ինսուլինի կարիք: Մենք հենց այստեղ ինսուլինի բաժանման կետ ունենք եւ կարիքի դեպքում տրամադրում ենք առաջիկա օրերի համար»,- հայտնեց նախարարը:

Հանրապետության բուժհաստատություններում բուժում ստացողների թիվը փոփոխվում է: «Դրանք 60-70-ից ավելի են»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Գորիսի ԲԿ-ում գտնվող երեխաներին, ապա նախարարը նշեց, որ այս պահին հոսք կա: «Մի քանի տասնյակ երեխաներ կան, եւ որոնք հետազոտվում են, գնահատվում է վիճակը. եթե հոսպիտալացման կարիք կա, հոսպիտալացնեն, եթե ոչ, ամբուլատոր բուժումը նշանակում են, դեղորայքը տալիս են, եւ արդեն նրանք շարունակում են իրենց ընթացքը դեպի կեցավայր: Ունենք նաեւ մի քանի ծանր վիճակում գտնվող պացիենտներ, ում տեղափոխումը կիրականացնենք Երեւանի ավելի մասնագիտացված կենտրոններ: Գորիսի ԲԿ-ի թիմը 24-ժամյա աշխատանք է իրականացնում»,- ասաց Անահիտ Ավանեսյանը:

Խոսելով դեռեւս Արցախում գտնվող մեր հայրենակիցների մասին՝ նա ասաց. «Այս պահին ավտոբուսների միջոցով կազմակերպվում է մեր այն հայրենակիցների տեղափոխումը, որոնք չունեն տրանսպորտային միջոց կամ խոցելի խմբերից են՝ ծերեր, հաշմանդամներ, եւ նրանց տեղափոխումն այսօր իրականացնում ենք: Տեղափոխումներն ընթացքի մեջ են: Այս պահին սանավիացիայի անհրաժեշտություն չկա»:

Արցախում պայթյունից տուժածների առումով նախարարը նշեց, որ, ընդհանուր առմամբ, 140-ից ավելի պացիենտներ տեղափոխվել էին ԲԿ-ներ միայն այրվածքներով:

«Հիմնական ծանր ընթացքը դեռ շարունակվում է, եւ մենք ունենք ծայրահեղ ծանր վիճակում պացիենտներ. բժիշկները պայքարում են նրանց կյանքը փրկելու համար: Միասնական կերպով մենք ապահովում ենք նրանց հնարավոր բոլոր բուժօգնության համար անհրաժեշտ թե՛ դեղորայքը, թե՛ բժշկական նշանակության ապրանքներ: Բոլորիս միայն մաղթանքն է, որ օր առաջ ապաքինվեն: Գիտեք, որ այրվածքները երկար վերականգնման շրջան են ունենալու: Այդ ամբողջ ընթացքը մենք պլաստիկ վիրաբույժների եւ այլ անհրաժեշտ մասնագետների օգնությամբ ապահովելու ենք»,- ասաց նա:

 

 

 

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԸ՝ ԽՆԴԻՐ

Արցախից տեղահանվածներից շատերն ունեն նաեւ ընտանի կենդանիներ, որոնց տեղափոխման հարցը լուրջ խնդիր է դարձել։  «Դինգո» թիմի հիմնադիր Օվսաննա

Հովսեփյանը, որը զբաղվում է թափառող կենդանիների պաշտպանությամբ, դիմել էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, քանի որ Արցախից ընտանի կենդանիներին տեղափոխելու համար լուրջ խոչընդոտներ կային։

Մասնավորապես, Ստեփանակերտի քաղաքապետը թույլ չէր տվել, որ մարդիկ իրենց կենդանիների հետ նստեն Երեւանի քաղաքապետարանի կողմից ուղարկված ավտոբուսները, որոնցով կենդանի տեղափոխելը թույլատրված է եղել: Այդ մասով Երեւանի քաղաքապետարանը նույնպես հանդես եկավ հայտարարությամբ, որ բնակիչները կարող են իրենց հետ վերցնել իրենց կենդանիներին:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Դինգո» թիմի հիմնադիրը պատմեց, որ կապ է հաստատել Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի հետ, որը հերքել է, թե ինքը նման բան է ասել, եւ ավելին՝ հիմա իր շունը ծնողների հետ նստում է ավտոբուս:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել Ստեփանակերտի քաղաքապետի հետ` հասկանալու համար, թե ինչը կարող է խոչընդոտ կամ պատճառ հանդիսանալ, որպեսզի չթողնեն մարդկանց իրենց կենդանիների հետ հեռանալ կորցրած հայրենիքից, սակայն կապի բացակայության պատճառով հնարավոր չեղավ կապ հաստատել քաղաքապետի հետ:

 

 

 

ԱԼԻԵՎԸ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ Է

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Ադրբեջանի Հանրապետությունում երեկ տեղի է ունեցել 2-րդ ազգային քաղաքաշինական ֆորումը, որին ներկա են եղել գրեթե 200 օտարերկրյա հյուրեր 53 երկրներից:

Իլհամ Ալիեւը հանդիպման ժամանակ ասել է. «Սա մեր բարեկամության եւ մեր ընդհանուր շահի արտացոլումն է՝ օկուպացիայի ժամանակ ամբողջությամբ ավերված տարածքները վերականգնված տեսնելու»։

Պետության ղեկավարն ընդգծել է, որ Ադրբեջանը վերակառուցում է քաղաքները, իսկ գյուղերը զրոյից է ստեղծում: «Հետեւաբար, մենք պետք է օգտագործենք ժամանակակից տեխնոլոգիաները եւ ստեղծենք լավագույն պայմանները նախկին փախստականների համար, որոնք արդեն վերադարձել են»,- հավելել է նախագահ Իլհամ Ալիեւը։

Նախագահ Իլհամ Ալիեւը նշել է նաեւ, որ այսօր Արեւելյան Զանգեզուրը վերակառուցվում է զրոյից, ինչպես ամբողջ Ղարաբաղը։

«Մենք Զանգիլանը դիտարկում ենք որպես կարեւոր տրանսպորտային կետ՝ իր աշխարհագրական դիրքով, եւ այն պատճառով, որ այն գտնվում է տրանսպորտային միջանցքներում»։

Ընդհանուր առմամբ, արդեն հաստատվել են ութ քաղաքների եւ իննսուներկու գյուղերի գլխավոր հատակագծերը։ Ընդգծելով, որ առաջիկա տարիներին կսկսվեն բնակարանաշինության լայնածավալ աշխատանքներ, այդ թվում՝ Շուշի քաղաքում եւ այլ քաղաքներում, երկրի ղեկավարը նշել է, որ դա ծրագրի մի մասն է։

ՕՖԵԼՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՑԱԾՐ ԲԵՐՔԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Տավուշի բազմաթիվ ֆերմերներ դժգոհում են, որ  այս տարի աշնանացան ցորենի բերքատվությունը  ցածր  է եղել՝ ասելով, որ պատճառը պետական աջակցությամբ ձեռք բերված հացահատիկի ցածր որակն  էր։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում ենք արել, թե պետական աջակցությամբ  մարզի համայնքներին տրված աշնանացան ցորենի բերքատվությունը որքան է եղել։ Մարզպետի պատասխանում  գրված է. «2022 թվականին պետության կողմից մարզի հողօգտագործողներին աշնանացան ցորենի սերմացու չի հատկացվել, սակայն ՀՀ կառավարության 11 օգոստոսի 2022 թվականի N 1313Լ որոշմամբ իրականացվել է «Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022 թվականի պետական աջակցության  ծրագիր», որի շրջանակներում 1 հա-ի հաշվով յուրաքանչյուր շահառուի փոխհատուցվել է հավաստագրված էլիտային կամ առաջին վերարտադրության սերմերով ցանքի դեպքում 120,0 հազար դրամ (սերմի, պարարտանյութի եւ դիզելային վառելիքի ձեռքերման ծախսերի հաշվով), չհավաստագրված սերմերով ցանքի դեպքում՝ 70,0 հազար դրամ (միայն պարարտանյութի եւ դիզելային վառելիքի ձեռք բերման ծախսերի հաշվով)։ Սերմացուն հողօգտագործողը ձեռք է բերել անմիջապես  արտադրողներից, մատարակարներից կամ օգտագործել է իր ունեցած սերմացուն։ Աշնանացան ցորենի միջին բերքատվության ցուցանիշը կներկայացվի ՀՀ վիճակագրական կոմիտեի գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային տարածությունների, բազմամյա տնկարկների տարածությունների, համախառն բերքի եւ միջին բերքատվության մասին ամփոփ տարեկան հաշվետվությունը կազմելուց հետո»։

 

 

 

ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՇԵՆՔՆ ՈՒ ՍԵԼԱՎԸ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը  սեպտեմբերի 5-ին որոշում է ընդունել մարզպետարանի շենքի դահլիճի վերանորոգման աշխատանքների ձեռքբերումն իրականացնել մեկ անձից։ Սեպտեմբերին Տավուշի մարզպետարանի դահլիճը նորոգելու ի՞նչ անհրաժեշտություն է առաջացել, ո՞ր կազմակերպությունն է այն նորոգում, ինչքա՞ն գումար է հատկացվել դրա համար։ «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցադրմանը մարզպետարանից պատասխանել են, որ այս տարվա հորդառատ անձրեւների  հետեւանքով Տավուշի մարզպետի աշխատակազմի  շենքի  դահլիճային մասնաշենք են մուտք գործել  մեծ քանակությամբ անձրեւաջրեր՝ փչացնելով դահլիճային մասի գրեթե  ամբողջ մակերեսի մանրահատակը: Վերականգնման աշխատանքների համար հատկացվել է մեկ միլիոն 200 հազար դրամ, աշխատանքներն իրականացման փուլում են։ Մարզպետարանից չեն պատասխանել, թե որ կազմակերպությունն է մարզպետարանի դահլիճը նորոգում։ 27 տարի շարունակ  պետբյուջեից ընդհանուր միլիոնավոր դրամներ են հատկացվել մարզպետարանի շենքի պահպանության համար. ինչպե՞ս են ծախսվել այդ գումարները, որ սելավաջրերն անարգել մտել եւ  ավերել են մարզպետարանի շենքի դահլիճի  մանրահատակը։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս