ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԸ ԿԴԻՄԵՆ ԱԱԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբեր ամիս մուտք գործեցինք մի շարք հայ տնտեսվարողների ակտիվ բողոքի ակցիաներով:

 

«Stop Wildberiies Armenia» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության շենքի մոտ։ Նրանց պահանջը հետեւյալն էր՝ Հայաստանում արգելել «Wildberiies» եւ «Ozon»  առցանց խանութներից  էժան պատվիրված ապրանքների վաճառքը։ Բողոքի ակցիան ընդհատվեց, եւ կողմերն էլ լռեցին, քանի որ «Wildberiies»-ը խոստացել էր լուծել  տեխնիկական այդ խնդիրը: Խնդիրը ինչ-որ չափով լուծվեց, սակայն առաջ եկան նոր հանգամանքներ, ավելի ճիշտ՝ նոր տարբերակներ, որն էլ կրկին բողոքի ալիք բարձրացրեց տնտեսվարողների մոտ, բայց երկրում տիրող քաոսային իրավիճակից ելնելով՝ որեւէ քայլի ներկա պահին չեն դիմի տնտեսվարողները:

«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց «Stop Wildberiies Armenia» նախաձեռնության անդամ, տնտեսվարող Արման Թումասյանի հետ, որը նշեց.

«Ներկա իրավիճակից ելնելով` մենք ամեն բան դադարեցրել ենք, բայց խնդիրը չի լուծվել: Ռուսական տարբերակով, այո՛, ալեւս հնարավոր չի լինում պատվիրել, բայց ներկա պահին նոր խարդախություն կա, որն էլ ակտիվ տարածում են շատ հայտնի հայ բլոգերներ: Մենք դիմելու ենք  Ազգային անվտանգության տնտեսական հանցագործությունների բաժին:

Հայց ենք ներկայացնելու, որ Հայաստանում կան մոտ 7-ից 8 հոգի բլոգերներ ե՛ւ «Իստագրամ»-ում, ե՛ւ «Ֆեյսբուք»-ում, որոնք ակտիվ տարածում են այդ խարդախությունը: Այստեղ կա 2 տարբերակ՝ կա՛մ դու պետք է շատ լավ ծրագրավորող լինես, որ կարողանաս նման տարբերակներ գտնես ու տարածես, կա՛մ էլ համագործակցություն կա «Wildberiies»-ի որոշ կառույցների հետ, եւ երկու տարբերակում էլ դա համարվում է տնտեսական հանցագործություն:

Տնտեսվարողի խոսքով՝ եթե դա չհամարվեր տնտեսական հանցագործություն, ապա «Wildberiies»-ը ինչո՞ւ պետք է ուղղեր տեխնիկական այդ սխալը եւ փակեր բոլոր հնարավոր տարբերակները, որ այլընտրանքային եւ զարտուղի ճանապարհներով վաճառքներ չիրականացվեն:

«Մենք չենք բողոքում ոչ մի օնլայն հարթակի դեմ. մենք էլ ենք օգտվում, կլինի դա «Wildberiies», թե «Ozon», մեր պայքարը այս կառույցների դեմ չէ: «Wildberiies»-ը այդ տեխնիկական  խարդախությամբ մեր ամբողջ սեզոնային առեւտուրը ոչնչացրեց: Տեխնիկական խնդիրը երբ լուծվեց, 15-20 տոկոսով առեւտուրը տնտեսվարողների մոտ կարգավորվեց, իսկ հիմա այդ այլընտրանքային ձեւերը, որոնք ակտիվ տարածում են բլոգերները, վնասում են մեր պետությանը: Ներկա պահին էլ այդ խարդախությունը անում են, «VPN» տարբերակով մտնում են, ինչ պետք է պատվիրում են, անջատում են, հասցե են փոխում, ու էլի նույն իրավիճակը. դա ոչնչացնում է մեր շուկան: Մեզ մի բան է հետաքրքրում. այդ տարբերակները «Wildberiies»-ն է տրամադրում, թե ոչ, որովհետեւ նման  տարբերակներ գտնելու համար դու լուրջ ծրագրավորող պետք է լինես: Ով ասաց, որ եթե ես կոշիկը բերեմ 4000 դրամով, պիտի վաճառեմ 12000. չկա նման բան, մենք էլ ենք այդ օնլայն կայքերից օգտվում եւ բացարձակ դեմ չենք: Մեր խնդիրն այն է, որ լինեն հավասար մրցակցության պայմաններ»:

Պարոն Թումասյանի հետ խոսեցինք նաեւ բնակիչների դժգոհություններից՝ կապված սպասարկման հետ, մարդիկ դժգոհում եւ բողոքում են, որ, դեռ խանութ չմտած, ուզում են դուրս գալ.

«Դա կուլտուրայի հարց է: Եթե պետք է իմ ենթակայության տակ աշխատի ծանոթ կամ բարեկամ եւ բարեհամբյուր չկարողանա սպասարկել, նախ դա վանում է հաճախորդին, հետո նաեւ մեծ վնաս է հասցնում ինձ , եւ նման աշխատողներից ես կազատվեմ, որովհետեւ մարդկանց երկրորդ անգամ խանութ է բերում ոչ թե քո ապրանքը, այլ քո ջերմ սպասարկումը»:

Պարոն Թումասյանը նաեւ հավելեց, որ մոտ ապագայում հնարավոր է անգամ վաճառողների սպասարկման հետ կապված վերապատրաստման հարց լինի, քանի որ մեր առաջ պետք է ունենանք եվրոպական երկրների օրինակը, որով էլ կխթանենք մեր պետության զարգացմանը:

ՕՖԵԼՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՊԵՍԿՈՎԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ

«Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքման հարցը մնում է արդիական»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Բացի այդ, նրա խոսքով, ծրագրեր կան տարածաշրջանում զարգացնելու տրանսպորտային հաղորդակցությունն ու նյութատեխնիկական ապահովումը։

«Սա չափազանց կարեւոր է Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի համար: Մենք հուսով ենք, որ այդ աշխատանքը կշարունակվի»,- ասել է Պեսկովը։

Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահների հետագա աշխատանքին, ապա Կրեմլի ներկայացուցիչն ասաց, որ նրանց աշխատանքը քննարկման առարկա է դառնալու ադրբեջանական կողմի հետ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լեռնային Ղարաբաղի ղեկավար Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել պետական բոլոր կառույցները մինչեւ 2024 թվականի հունվարի 1-ը լուծարելու մասին։

Հրամանագիրն ընդունվել է «ներկայիս ծանր ռազմաքաղաքական իրավիճակի առնչությամբ՝ ելնելով առաջնահերթությունից՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ֆիզիկական անվտանգության եւ կենսական շահերի ապահովումը»։

Օ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

«ՅՈՒՆԻՍԵՖ»-Ի ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

«Ավելի քան 88,000 մարդ Լեռնային Ղարաբաղից մուտք է գործել Հայաստան, եւ ընդհանուր թիվը կարող է հասնել 120,000-ի»,- ուրբաթ օրը ՄԱԿ-ի ճեպազրույցում ասաց ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Կավիտա Բելանին։ Նրա խոսքով՝ հոգնած ու վախեցած մարդկանց հսկայական ամբոխներ են հավաքվում գրանցման կենտրոններում։

«Նրանք ինն ամիս շրջափակման մեջ են ապրել, – ասաց նա:- Նրանք անհանգիստ են, վախեցած եւ պատասխաններ են ուզում»: «Մենք պատրաստ ենք ընդունել մինչեւ 120 հազար մարդ։ Դժվար է կանխատեսել, թե քանիսը կժամանեն այս փուլում»,- հավելեց նա՝ պատասխանելով փախստականների թվի մասին հարցին: «Նախնական գնահատականները հիմնված էին 70,000-ից 90,000 փախստականների վրա, բայց դրանք պետք է թարմացվեն»,- ավելացրեց նա:

«Փախստականների գրեթե մեկ երրորդը երեխաներ են»,- ճեպազրույցում ասել է ՄԱԿ-ի մեկ այլ պաշտոնյա։ «Մեզ ամենաշատն անհանգստացնում է այն, որ նրանցից շատերը բաժանվել են իրենց ընտանիքներից», – ասաց «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի տարածաշրջանային տնօրեն Ռեգինա Դե Դոմինիսիսը:

Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի խոսնակ Հիշամ Դիաբն ասաց, որ փախստականների հոգեկան առողջությանն աջակցելու հսկայական կարիք կա: «Իրավիճակը հաճախ ներառում է ընտանիքներ, որոնք գալիս են երեխաներով, որոնք այնքան թուլացած են, որ նրանք ուշաթափվում են իրենց ծնողների գրկում», – ասաց նա:

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի օպերատիվ մենեջեր Կառլոս Մորացանին ասաց, որ հինգշաբթի օրը Ղարաբաղից վառելիքի պահեստի պայթյունի եւ վերջին մարտերի զոհերի մոտ 200 դի է հանվել։

«Մենք նախատեսում էինք, որ տարհանումն ավելի երկար գործընթաց լինի,- ասաց նա:- Այս շաբաթ տարհանումը շատ արագ անցավ»։

 

 

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻՆ

Սեպտեմբերի 19-ին՝ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիայից հետո, շարունակվում է արցախահայերի բռնի տեղահանումը: Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 06:00 դրությամբ, ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 84 770 անձ:

Բռնի տեղահանված արցախցիները հաշվառում անցնելուց հետո, ըստ ցանկության, օգտվում են կառավարության տրամադրած աջակցությունից: Նրանք, ովքեր չունեն կեցության նախապես որոշված վայր, կառավարությունն ապահովում է համապատասխան կեցավայրով:

Սեպտեմբերի 28-ին ներկայացված տեղեկության համաձայն՝ 17 հազար 153 անձ օգտվել է Հայաստանի կառավարության կողմից տրամադրված կեցավայրերից: Արագածոտնի մարզում տեղաբաշխվել է 988 անձ, Արարատի մարզում՝ 3 հազար 665 անձ, Արմավիրի մարզում՝ 1231, Գեղարքունիքի մարզում՝ 1542, Լոռու մարզում՝ 663, Կոտայքի մարզում՝ 4 հազար 156, Շիրակի մարզում՝ 783, Սյունիքի մարզում՝ 1958, Վայոց ձորի մարզում՝ 1070 անձ, Տավուշի մարզում՝ 797 անձ:

Աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է:

Նիկոլ Փաշինյանը  հայտարարեց նաեւ, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին ՀՀ բյուջեից կհատկացվի միանվագ 100-հազարական դրամ:

ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ

 

 

ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ՝ ԴՈՒԲԼԻՆՈՒՄ

Դուբլինում Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի ընթացող նիստի ժամանակ մի խումբ հայ եւ իռլանդացի երիտասարդներ Թուրքիայի եւ Ադրբեջանի դեմ ուղղված բողոքի ակցիա են իրականացրել:

Նրանք հանդես են եկել «Ամոթ Ադրբեջանին», «Թուրքիան եւ Ադրբեջանը ցեղասպան են», «Կանգնեցրե՛ք ցեղասպանությունը», «Մենք Լեռնային Ղարաբաղի հայերի կողքին ենք» վանկարկումներով:

Երիտասարդները տեւական ժամանակ մնացել են այնտեղ, համաժողովին մասնակցող պատվիրակներից շատերը դուրս են եկել նիստից եւ հեռվից լուսանկարել նրանց:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իջել եւ զրուցել է երիտասարդների հետ. նրանք ընդգծել են, որ Հայաստանի կառավարության, Լեռնային Ղարաբաղի բնակչության կողքին են:

Երիտասարդներն իրենց զորակցությունն են հայտնել բռնի տարհանվող մեր հայրենակիցներին՝ նշելով, որ ցանկանում են գրավել միջազգային հանրությունը ներկայացնող խորհրդարանների նախագահների ուշադրությունը։

 

 




Լրահոս