ՔՆՆԱԴԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի մի շարք քաղաքացիներ քննադատել են սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից իրականացրած «հակաահաբեկչական գործողությունները», որի հետեւանքով մահացել են երեխաներ:

 

Նրանց քննադատությունը տեղի իշխանություններին զայրացրել է, ինչի հետեւանքով նրանք հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում եւ կալանավորվել:

Բլոգեր եւ լրագրող Նուրլան Գահրամանլին օնլայն քննադատել է Ադրբեջանի ռազմական հարձակումը: Սեպտեմբերի 20-ին նրան բերման են ենթարկել իր տնից եւ բանտարկել 1 ամսով ապօրինի տեղեկություններ տարածելու համար: Լրագրողը դատարանում պնդել է, որ իրեն ոստիկանությունում ծեծել են ու սպառնացել:

Նախկին դիվանագետ Էմին Իբրահիմովը սեպտեմբերի 20-ին իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է. «Ղարաբաղում Ադրբեջանի գործողությունները սպասարկում են Ռուսաստանին»: Նա նույնպես 1 ամսով բանտարկվել է:

Հակապատերազմական ակտիվիստ Նեմեթ Աբբասովը կրկին  ֆեյսբուքյան էջում գրել է՝ «Էթնիկ հայերի զտում»: Մեկ օր անց ձերբակալվել է: Նեմեթ Աբբասովին 1 ամսով կալանավորել են:

Սեպտեմբերի 20-ին ձերբակալվել է արհմիության առաջնորդ եւ հակապատերազմական ակտիվիստ Աֆիադին Մամմադովը: Նա նույնպես քննադատել է Ադրբեջանի կողմից իրականացրած հակաահաբեկչական գործողությունները, որի արդյունքում շատ երեխաներ են մահացել: Մամմադովի տունը շրջապատել են ձերբակալելու նպատակով եւ բռնություն կիրառել. պաշտպանվելու նպատակով նա դանակահարել է իրավապահներից մեկին: Նրան կալանավորել են 5 տարի ժամկետով:

30-օրյա ժամկետով ձերբակալվել է եւ կալանավորվել ժողովրդավարական ակտիվիստ Ամրահ Թահմազովը դատապարտող գրառման համար:

Նա ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Ադրբեջանի ագրեսիան եւ անմեղ երեխաների մահը»:

Ադրբեջանի իշխանությունները կոչ են արել զգուշանալ նման հակապետական ու հակառազմական ակտիվիստներից: Նաեւ նշել են, որ ցանկացած  ապօրինի  գրառման հեղինակ պատասխանատվության կենթարկվի:

Հավելենք նաեւ, որ  նախքան սեպտեմբերի 19-ի՝ Ադրբեջանի կողմից իրականացրած «հակաահաբեկչական գործողություններ»-ը, որի հետեւանքով մահացել են երեխաներ, Ադրբեջանի իրավապահները Ղազախի շրջանում ձերբակալել էին մի խումբ ընդդիմադիր ակտիվիստների։

«Թուրան» գործակալության տվյալներով՝ Ժողովրդական ճակատի ներկայացուցիչները բերման են ենթարկվել նախկինում Հայաստանում բնակված ադրբեջանցիների հետ հարցազրույցի պատճառով։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ձերբակալված երեք ակտիվիստներից մեկն ազատ է արձակվել, երկրորդին մեղադրանքն է առաջադրվել ոստիկանին չենթարկվելու հոդվածով, երրորդ ակտիվիստը՝ Ֆարիդ Ալիեւը, շարունակում է մնալ ոստիկանության շրջանային վարչությունում: Ըստ «Թուրան»-ի աղբյուրների՝ նրա դեմ թմրանյութերի հետ կապված գործ է նախապատրաստվում:

ՕՖԵԼՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

Women’s club-ը՝ ԱՄՆ-ում

Women’s club-ի անձնակազմն այս օրերին գտնվում է ԱՄՆ-ում: Նախատեսված ներկայացումը չեղարկվել է: Դերասաններն էլ ունեն հստակ ժամանակացույց հետ գալու համար, ինքնաթիռի տոմսերն արդեն գնված են եւ փոփոխության ենթակա չեն:

Նշենք, որ Women’s club-ի ո՛չ ղեկավար կազմը, ո՛չ դերասանները հանդես չեն եկել որեւէ հրապարակմամբ կամ հայտարարությամբ, սակայն իրավիճակով պայմանավորված՝ նախատեսված ներկայացումը չի կայացել: Ամերիկայի մեր հայրենակիցներն էլ մտահոգ են, թե ինչ ճակատագիր են ունենալու գնված տոմսերը:

Նշենք, որ ԱՄՆ-ում է նաեւ դերասանուհի Տոմա Պետրոսյանը, որը ծնունդով Արցախից է:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել Տոմայի հետ` պարզելու համար, թե երբ են պատրաստվում վերադառնալ, եւ ինչ վիճակում են իր հարազատները, որոնք Արցախում էին, սակայն որեւէ արձագանք չստացանք:

 

 

ՀԱՄԵՐԳԸ ԿԿԱՅԱՆԱ՞

Հուլիսի վերջին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը գրառում էր կատարել ֆեյսբուքյան իր էջում, որը դարձել էր մեծ քննարկումների թեմա: Մասնավորապես, ասվում էր, որ Հայաստան է գալիս համաշխարհային մեծ աստղերից մեկը:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ այդ աստղը, ո՛չ ավել, ո՛չ պակաս, Քելվին Քորդոզար Բրոդուս Կրտսերը կամ բոլորիս հայտնի Սնուփ Դոգգն է: Օրեր անց պետբյուջեից 6 միլիոն դոլար հատկացվեց սեպտեմբերի 23-ին «Հրազդան» մարզադաշտում կայանալիք՝ 25.000 հոգու համար նախատեսված համերգի իրականացման համար:

Նախատեսված համերգից օրեր առաջ՝ սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանը սանձազերծեց հերթական անմարդկային գործողություններն Արցախի ու արցախցու դեմ: Արցախահայությունը ստիպված էր բռնի կերպով լքել իր հայրենիքը, ավելի ուշ էլ՝ սեպտեմբերի 28-ին, Սամվել Շահրամանյանը ստորագրեց մի փաստաթղթի տակ, համաձայն որի՝ Արցախի հանրապետությունը հունվարի 1-ից այլեւս գոյություն չի ունենա:

Այս ամենի ֆոնին անհանգստության ու մտահոգության ալիք էր բարձրացրել Սնուփ Դոգի երեւանյան համերգը: Մարդիկ պահանջում էին չեղարկել այն: Համերգը կազմակերպող ընկերությունը՝ «Դոպինգ Սփեյս»-ը, հանդես եկավ հայտարարությամբ, որից պարզ դարձավ, որ համերգը հետաձգվում է անորոշ ժամկետով:

«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց «Դոպինգ» գովազդային գործակալության հիմնադիր Հայկ Սիմոնյանի հետ՝ պարզելու, թե արդյոք կա հստակեցում այս մասով.

«Առաջիկայում հանդես կգանք հայտարարությամբ: Այս պահին ասել չեմ կարող, թե ինչքան ժամանակով է հետաձգվել»:

Հարցին, թե արդյոք հնարավոր է կայացման տեղը փոխվի, քանի որ գնալով եղանակը ցրտում է, իսկ «Հրազդան» մարզադաշտը բաց տարածք է, Սիմոնյանը նշեց, որ, ամենայն հավանականությամբ, չի փոխվի:

ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցցանցերի իր էջերում անդրադարձել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի՝ Ադրբեջանի սահմանապահների կողմից ձերբակալմանը։

«Ես միանում եմ իմ հայրենակիցներին՝ պահանջելով անվտանգ ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին եւ Ադրբեջանում կալանավորված մյուս բոլոր հայերին։ Քանի որ տասնյակ հազարավոր ընտանիքներ փախչում են Լեռնային Ղարաբաղից՝ անվտանգ ապաստան ստանալու Հայաստանում, կալանավորումը դառնում է տագնապալի միտում:

Ռուբեն Վարդանյանն աչքի է ընկնում որպես խաղաղության բացահայտ ջատագով ոչ միայն մեր տարածաշրջանում, այլեւ աշխարհում։ Նա աշխարհահռչակ բարերար է, գործարար եւ «Ավրորա» մրցանակի մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրը, որը խաղաղության տարածման ջատագով է եւ ամբողջ աշխարհի մարդկանց տրամադրում է կրթություն եւ առողջապահություն»,- գրել է Մխիթարյանը։

 

 

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ՝ ՇԱԽՄԱՏՈՒՄ

Մեխիկոյում անցկացվող շախմատի աշխարհի մինչեւ 20 տարեկանների առաջնության 8-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչ Մամիկոն Ղարիբյանը սպիտակ ֆիգուրներով ոչ-ոքի խաղաց Հունգարիան ներկայացնող Գլեբ Դուդինի հետ եւ 6 միավորով բաժանում է 4-10-րդ տեղերը։

Առաջատարներն են 6,5-ական միավոր վաստակած ֆրանսիացի Մաուրիցին, կոլումբացի Ավիլա Պավասը եւ Դուդինը։

Կանանց առաջնությունում Մարիամ Մկրտչյանը սպիտակներով պարտության մատնեց Կանադայի ներկայացուցիչ Սվիտլանա Դեմչենկոյին եւ 6 միավորով բաժանում է 4-6-րդ տեղերը։

Միանձնյա առաջատարը ամերիկացի Կարիսա Յիպն է՝ 7 միավոր։ Բուլղարացի Բելոսլավա Կրաստեւան եւ կուբացի Ռոքսանգել Օբրեգոն Գարսիան ունեն 6,5-ական միավոր։

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ասյա Եդիգարյանը 8-րդ տուրում սեւ ֆիգուրներով պարտվեց ռուսաստանցի Տատյանա Գետմանին եւ 4 միավորով բաժանում է 35-48-րդ տեղերը։

Հայաստանը ներկայացված է երեք շախմատիստներով։

Առաջնության ավարտին մնացել է երեք տուր։

 

 




Լրահոս