ՀՌՈՄԻ ՍՏԱՏՈՒՏՆ ՈՒ ԴՐԱ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր մեկնարկելու է ԱԺ ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի առաջին նիստը։ Նիստի օրակարգում ներառված է 18 հարց։ Վերջերս ամենաշատ քննարկված Հռոմի ստատուտի հարցը օրակարգում 14-րդն է։ Ամենայն հավանականությամբ, այս հարցը հենց նիստերի առաջին օրն էլ կքննարկվի, սակայն կընդունվի, թե ոչ, պարզ կդառնա քվեարկությունից հետո։ ՔՊ-ի այս քայլը արվում է նրա համար, որ հակառուսական տրամադրությունները քաղաքացիների շրջանում ավելի ամրապնդվեն։ Նիկոլ Փաշինյանը ամեն հնարավոր եղանակով ասում է. «Այդ գործընթացը ամենեւին էլ կապված չէ ՀՀ-ՌԴ հարաբերությունների հետ, կապված է սահմանային լարվածությունների հետ»: Թեեւ, ըստ Փաշինյանի, այն կապված չէ ՀՀ-ՌԴ հարաբերությունների հետ, սակայն ռուսական կողմը շատ կոշտ է արձագանքել՝ այն համարելով «տոքսիկ որոշում»։ Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը հայտարարել էր, որ այս նախագծի ընդունումը ամենաբացասական հետեւանքները կունենա երկկողմ հարաբերությունների վրա։ Մինչ այդ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հայտարարեց, որ սա ենթադրում է երկկողմ համաձայնագրի ստորագրում, որը հնարավորություն է տալիս որոշակի երաշխիքներ ստեղծել այն անհանգստությունների համար, որոնք որոշ գործընկեր պետություններ կարող են ունենալ։ Տեքստը ներկայացվել է ամիսներ առաջ, սպասում են գործընկերների առաջարկին։ Իշխանությունները, այս քայլին գնալով, չեն մտածում, որ Հայաստանը առերեւույթ մեծ կախվածության մեջ է Ռուսաստանից, այսինքն՝ յուրաքանչյուր ոլորտում կա ռուսական դրոշմ՝ գազ, էլեկտրաէներգիա, ռուսական ընկերություններ, որոնցից գոյանում է նաեւ ՀՀ բյուջեի որոշակի մասը։ Կա նաեւ հայկական սփյուռք ՌԴ-ում: Ռուսական կողմի սպառնալիքները, թե ամեն բան վատ կլինի, եթե ընդունվի Հռոմի ստատուտի մասին նախագիծը, կարող է գործել, եւ մի քանի օրվա ընթացքում ռուսական կողմը Հայաստանին կարող է զրկել եւ՛ գազամատակարարումից, եւ՛ էլեկտրաէներգիայից։ Այսինքն՝ իշխանությունները կրկին չեն գիտակցում, թե ինչ է կատարվելու եւս մեկ սխալ որոշումից հետո, կրկին մտադրված քայլեր են անում Հայաստանի վաղեմի բարեկամներին վանելու հարցում եւ փորձում են բարեկամություն հաստատել երկրի հետ, որի հետ կապերը խզել ենք. վառ օրինակ են հարաբերությունները եւ դիվանագիտական կապերը, որոնք ստեղծվում են Հունգարիայի հետ։

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ չնայած ավագանու ընտրություններում կրած պարտությունից հետո իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներսում ծանր ու տխուր իրավիճակ էր ստեղծվել, իշխանականները տեւական ժամանակ խորը հիասթափության մեջ էին, բայց ինչպես իշխանական մեր աղբյուրներն են փոխանցում, ՔՊ-ականների «սրտից մի մեծ քար է ընկել», քանի որ կարողացել են իրենց հարցերը կարգավորել: Այսպիսով, ինչպես հայտնի է, հոկտեմբերի 10-ին Երեւանի նորընտիր ավագանու առաջին նիստը պետք է տեղի ունենա, որի ժամանակ էլ քաղաքապետ պետք է ընտրվի, որը, մեծ հավանականությամբ, կլինի հենց Ավինյանը: Ավագանու նիստը տեղի կունենա այն դեպքում, եթե նիստին ներկա լինի ավագանու 33 անդամ։ «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հանրապետություն» կուսակցությունները միասին ունեն 32 մանդատ. այսպիսով, եթե մյուս երեք ուժերից անգամ մեկ ներկայացուցիչ ներկա լինի նիստին, ապա նիստը կկայանա: Նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած «Ազգային առաջընթաց» կուսակցությունը եւ ԱԺ նախկին պատգամավոր Անդրանիկ Թեւանյանի «Մայր Հայաստան» դաշինքը հայտարարել են, որ այդ օրը չեն մասնակցելու նիստին, որպեսզի քվորում չապահովեն, նիստը չկայանա, եւ նոր ընտրությունների գնան. այժմ որոշում կայացնողը «Հանրային ձայն»-ն է։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մի քանի օր բանակցելուց հետո ՔՊ-ին հաջողվել է համաձայնության գալ «Հանրային ձայն» կուսակցության հետ եւ նրանցից մեկ ձայն «կորզել»: Այսպիսով, հոկտեմբերի 10-ին կայանալիք ավագանու նիստին, բացի իշխանությունից եւ մերձիշխանական դիրքերից հանդես եկող «Հանրապետություն» կուսակցությունից, ներկա կլինի «Հանրային ձայն»-ից մեկ ներկայացուցիչ, որպեսզի այդ օրը նիստին քվորում ապահովեն: Եթե նիստը կայանում է, եւ որպես քաղաքապետ առաջադրվում է միայն 1 թեկնածու, ապա այս դեպքում անհրաժեշտ կլինի, որ նրա օգտին քվեարկի ավագանու 40 տոկոսից ավելին։ Ավագանու նորընտիր ցանկը հաստատված է, այն ունի 65 անդամ։ Այսպիսով, եթե առաջադրվի միայն 1 թեկնածու, ապա 27 կողմ ձայնն անգամ բավարար կլինի քաղաքապետ ընտրելու համար։ Ստացվում է՝ եթե «Հանրային ձայն»-ից մեկ հոգի էլ այդ օրը ներկա լինի ավագանու նիստին, եւ նիստը կայանա, ապա ՔՊ-ն եւ «Հանրապետություն»-ը, առանց որեւէ խնդրի, կարող են ընտրել Տիգրան Ավինյանին: «Հանրային ձայն» կուսակցությունը թեեւ վերջնական որոշման մասին չի հայտարարել, բայց կուսակցության առաջնորդ Վարդան Ղուկասյանը երեկ հայտարարություն տարածեց, թե Երեւանի ավագանու ընտրությունների երկրորդ փուլ թույլ տալ չի կարելի այս իրավիճակում, ավելին՝ հայտարարեց, որ նախընտրում է ավելի, որ Մարությանի եւ Թեւանյանի ուժերը չամրապնդվեն, քան թե Ավինյանը չվերարտադրվի: Նրա այս հայտարարությունը, թերեւս, հաստատում է մեր տեղեկությունները:

 

 

 

ՀՀ իշխանությունները անասելի վախեցած են Արցախի հանձնման գործընթացից հետո սպասվող զարգացումներից: Դրան պատրաստվելու համար նախ տարածում են կեղծ նարատիվներ, թե արցախցիներին, որոնք դուրս կգան փողոց, պետք է զրկել օգնություն ստանալու հնարավորությունից: Ապա նաեւ անձնական ինքնապաշտպանությամբ են զբաղված: «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը ֆիքսեց, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը շրջում է ծառայողական ավտոմեքենայով, որի վրա ոչ թե կառավարական համարանիշներ են, այլ օպերատիվ: Նա օպերատիվ համարանիշներով քողարկում է իր ով լինելը, որպեսզի Արարատ Միրզոյանի ծեծի դառը օրինակն իրեն չսպառնա: Իսկ որ իշխանությունները սպասում են այդպիսի ցասման, միանշանակ է:

 

 

 

2022 թվականի դեկտեմբերի 1-ին հայտարարություն եղավ այն մասին, որ Հայաստանն ու Հունգարիան վերսկսում են դիվանագիտական հարաբերությունները։ Հայաստանի եւ Հունգարիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները, Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի  որոշմամբ, կասեցվել  են 2012 թվականից՝ 2004-ին Հունգարիայում հայ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի սպանության համար դատապարտված Ռամիլ Սաֆարովի` Ադրբեջան արտահանձնումից հետո: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ որ այս հայտարարությունից գրեթե մեկ տարի անց այս մասով նաեւ ՀՀ ԱԺ-ում է գործընթաց սկսվել։ Մասնավորապես, ԱԺ-ում ստեղծվում է Հայաստան-Հունգարիա բարեկամական խումբ։ Այս խմբի անդամները հաստատվել են, սակայն կազմված են միայն իշխանական պատգամավորներից։ Խմբի ղեկավարը Հռիփսիմե Գրիգորյանն է, անդամներն են Արսեն Թորոսյանը, Գայանե Եղիազարյանը, Միքայել Թումասյանը, Մարիա Կարապետյանը: Ընդդիմությունը ներկայացված չէ Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբում:

 

 

 




Լրահոս