ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության (ՊՊԳՎ) պետի պաշտոնը զբաղեցրած Վ. Մ.-ի կողմից հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 1.5 մլրդ դրամի գույքի օրինականացման (փողերի լվացում) կոռուպցիոն սխեմա, ինչպես նաև շուրջ 50 միլիոն ՀՀ դրամի պետական միջոցների յուրացման կազմակերպման դեպք, որում ներգրավված են եղել նաև ՀՀ ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձինք:
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վ. Մ.-ն, 1992-2018թթ. ընթացքում ՀՀ ՊՆ համակարգում և ոստիկանությունում զբաղեցնելով տարբեր, այդ թվում՝ Արաբկիրի և Կենտրոնականի զինվորական կոմիսարի, ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ պետի պաշտոնները, ապօրինի զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչպես նաև՝ օգտագործելով պաշտոնեական դիրքը, կազմակերպել է օբյեկտների պահպանության իրականացման մասին պայմանագրերով տնտեսվարող սուբյեկտների վճարած առանձնապես խոշոր չափերով գումարների յուրացումը:
Մասնավորապես՝ Վ. Մ.-ն, 2015 թվականի ապրիլի 13֊ին ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ պետի պաշտոնում նշանակվելուց հետո, նույն վարչության Արմավիրի պահպանության բաժանմունքի պետի պաշտոնը զբաղեցրած Խ. Ա.-ին հրահանգել է հափշտակել վերջինիս վստահված պետական միջոցներից և որպես մասնաբաժին յուրաքանչյուր ամիս իրեն տալ 1000 ԱՄՆ դոլար’ երաշխավորելով, որ հափշտակությունը չի բացահայտվի: Արդյունքում՝ Վ. Մ.-ի կազմակերպմամբ, գիտությամբ և թողտվությամբ Խ. Ա.-ն, չունենալով տնտեսվարող սուբյեկտների հետ կանխիկ գործարքներ իրականացնելու լիազորություն, առանձին տնտեսվարող սուբյեկտների հետ ձեռք է բերել բանավոր պայմանավորվածություն’ օբյեկտների պահպանության իրականացման մասին պայմանագրերով ստացվելիք վարձավճարները բաժանմունքի հաշվեհամարին փոխանցելու փոխարեն առձեռն նույն բաժանմունքի ջոկի հրամանատար Ա. Ա.-ին տալու վերաբերյալ:
Խ. Ա.-ի հրահանգով յուրաքանչյուր ամիս Ա. Ա.-ն տնտեսվարող սուբյեկտներից առձեռն հավաքել է հիշյալ գումարները, որոնք ամբողջությամբ հանձնել է Խ. Ա.-ին, ով նշված գումարները չի մուտքագրել բաժանմունքի արտաբյուջետային հաշվեհամարին, այլ իր վերադաս Վ. Մ.-ի պահանջով յուրացրել է դրանք՝ յուրացված գումարից յուրաքանչյուր ամիս 1000 ԱՄՆ դոլարը տալով Վ. Մ.-ին: Նույն ժամանակահատվածում բաժնի հաշվապահի պարտականությունները կատարող անձինք Խ. Ա.-ի հրահանգով բաժանմունքի կողմից ՊՊԳՎ ներկայացվող հաշվետվություններում ներառել են ակնհայտ կեղծ, այն է’ տնտեսվարող սուբյեկտների քանակի և նրանց կողմից վճարված գումարների չափի վերաբերյալ խեղաթյուրված և անարժանահավատ տեղեկություններ’ նման կերպ քողարկելով Վ. Մ.-ի կազմակերպմամբ կատարված հափշտակությունը:
Արդյունքում՝ Վ. Մ.-ն վերը նշված ժամանակահատվածում պաշտոնեական դիրքն օգտագործելով, կազմակերպել է ընդհանուր 13.935.200 ՀՀ դրամի յուրացումը, որից 8.239.390 ՀՀ դրամին համարժեք 17.000 ԱՄՆ դոլարը որպես իր մասնաբաժին հափշտակել է: Բացի այդ, նույն հանցավոր սխեմայով պետական միջոցներ են հափշտակվել նաև ՊՊԳՎ պետի պաշտոնը զբաղեցրած երկու այլ անձանց պաշտոնավարման ընթացքում: Ընդհանուր առմամբ՝ Վ. Մ.-ի և նշված անձանց կազմակերպմամբ պետական միջոցներից հափշտակվել է շուրջ 50 մլն ՀՀ դրամ:
Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վ. Մ.-ն օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով՝ 1.418.060.977 ՀՀ դրամի չափով գույքը:
Մասնավորապես՝ Վ. Մ.-ն, 1992-2018թթ. ՀՀ ՊՆ և ոստիկանական համակարգերում աշխատելու ընթացքում ունենալով բացառապես աշխատավարձից գոյացած օրինական եկամուտներ, նշված ժամանակահատվածում ձեռք է բերել և օտարել բազմաթիվ շարժական և անշարժ գույքեր, ՀՀ֊ում գործող բանկերում կատարել է ապօրինի ստացված կանխիկ գումարների տարբեր չափերով մուտքեր և ձևակերպել ավանդներ, փոխանցումներ կատարել ՌԴ և այլ պետություններ, որոնց գումարային արժեքը էականորեն գերազանցել է նրա օրինական եկամուտների չափը:
Բացի այդ, Վ. Մ.-ն ձեռնարկատիրական գործունեությանը մասնակցելու, պետական գույքի յուրացմանը հանցակցելու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի (եկամուտների)՝ 1.408.544.977 ՀՀ դրամին համարժեք 2.811.900 ԱՄՆ դոլարի, 9.400 եվրոյի, 4.361.814 ՌԴ ռուբլու և 28.819,7 բրիտանական ֆունտ ստերլինգի հանցավոր ծագումը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով օրինականացրել է դրանք՝ որպես օրինական եկամուտ փոխանցել է իր բանկային և քարտային հաշիվներին՝ մի մասը ներգրավելով որպես ավանդ և դրա դիմաց ստանալով տոկոսներ, իսկ մյուս մասը կանխիկացրել և ներգրավել է ձեռնարկատիրական գործունեությունում, այդ թվում՝ 2017-2018 թթ. ընթացքում ՌԴ֊ից ձեռք է բերել ընդհանուր 240.000 ԱՄՆ դոլար արժողությամբ «Ռոլս Ռոյս Գոստ», «Մերսեդես Ս500» և «Բենթլի Կոնտինենտալ» մակնիշի ավտոմեքենաներ, որոնց միջոցով իրականացրել է ավտովարձույթի ծառայություն՝ ստանալով շուրջ 95.160.000 ՀՀ դրամի եկամուտ:
Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Վ. Մ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1֊ին կետով:
Վ. Մ.-ի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է: