Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, Աղջիկ երեխաների միջազգային օրն է: 2012 թ. հոկտեմբերի 11-ին Միավորված ազգերի կազմակերպությունն առաջին անգամ աշխարհում նշեց Աղջիկ երեխայի միջազգային օրը, որի թեման այդ տարի եղավ երեխաների ամուսնությունը:
Նշված թեմայով ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը հրապարակել էր զեկույց՝ «Չափազանց վաղաժամ ամուսնություններ. վերջ դնել երեխաների ամուսնությանը» վերնագրով:
Չնայած այդ երևույթը նվազեցնելու ջանքերին` ըստ «Չափազանց վաղաժամ ամուսնություններ. վերջ դնել երեխաների ամուսնությանը» զեկույցի` երեխաների ամուսնության հաճախականությունը վերջին տասնամյակում մնացել է նույնը
Եթե ներկա միտումները շարունակվեն, ապա մինչև 2030-ը յուրաքանչյուր տարի ամուսնացող մանկահասակ հարսնացուների թիվը 2010-ի 14.2 մլն-ից հասած կլինի 15.1 մլն-ի՝ աճելով ավելի քան 14%-ով:
Զարգացող երկրներում (բացառությամբ Չինաստանի) ամեն երեք աղջկանից մեկը ամուսնական դաշինք կմտնի մինչև 18 տարեկանը:
2010 -ին 158 երկիր հայտարարեց, որ առանց ծնողական համաձայնության կամ այլ համապատասխան մարմնի հաստատման` ամուսնության նվազագույն օրինական տարիքը կանանց համար սահմանել է 18 տարեկանը: Այդուհանդերձ, 2010թ. զարգացող երկրներում (բացառությամբ Չինաստանի) յուրաքանչյուր երեք աղջիկներից մեկը կամ 67 միլիոն աղջիկ ամուսնացել էր մինչև 18-րդ տարեդարձը: Այդ մանկահասակ ամուսնությունների կեսը տեղ էր գտել Ասիայում, իսկ ևս մեկ հինգերորդը՝ Ենթասահարային Աֆրիկայում: Ինչևէ, այս երևույթը լայնորեն տարածված է նաև Լատինական Ամերիկայի, Մերձավոր Արևելքի և Արևելյան Եվրոպայի մի շարք համայնքներում:
Գրանցվել է նաև առաջընթաց, և, ըստ զեկույցի, մանուկների ամուսնությունները նվազել են մի շարք զարգացող երկրներում՝ ներառյալ Հայաստանը, Բոլիվիան, Եթովպիան և Նեպալը, ի թիվս այլ երկրների: