Արցախում դեռ կան որոշ խմբեր, որոնք թաքնվում են։ Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Մեր տվյալներով դեռ կան որոշակի խմբեր, որոնք թաքնվում են այս տարածքում:Տարածքը բավականին մեծ է, լեռնային, անտառապատ, ուստի ժամանակ կպահանջվի՝ տարածքն ամբողջությամբ զինված խմբավորումներից մաքրելու համար»,- ասել է Ալիևը:
Նա նաև խոսել է ռուսական կողմի առաջարկած արտգործնախարարների հանդիպման մասին, որին մասնակցելուց Հայաստանը հրաժարվել է։
«Ցավոք, հայկական կողմը հրաժարվեց այս հանդիպումից։ Հիմա հարց է առաջանում՝ Հայաստանը խաղաղությո՞ւն է ուզում։ Կարծում եմ՝ ոչ, որովհետև եթե խաղաղություն ցանկանար, չէր հրաժարվի այս հնարավորությունից։ Հայաստանի վարչապետը 6 ժամ թռնում է Գրանադա, այնտեղ անհասկանալի հանդիպման է մասնակցում, որտեղ քննարկվում է Ադրբեջանը՝ առանց Ադրբեջանի, բայց նա չի կարողանում 2-3 ժամով Բիշքեկ թռչել, կարևոր գործեր ունի», – ասել է Ալիևը:
Նա հավելել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում իրենք պատրաստ են շարունակել աշխատանքը։