ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ՝ ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է. «Միջազգային իմ բոլոր գործընկերների հետ հանդիպումների, տարբեր ձեւաչափով ամենօրյա քննարկումների ժամանակ շարունակ ներկայացնում եմ արցախահայության շուրջ ստեղծված աղետալի իրավիճակը՝ բարձրաձայնելով այնպիսի խնդիրների հրատապ կարգավորումը, ինչպիսիք են ներքոթվարկյալները.

 

  1. հնարավոր բոլոր օղակներով պետք է օր առաջ արցախահայության՝ Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվելու հարցերը հիմնական լուծում ստանան:
  2. Արցախցին Հայաստանում պետք է ապրի իր սեփական տանը եւ հայրենիքում նոր կյանքի ադապտացվի: Արցախահայության վերաբնակեցման համար Հայաստանին տրված օգնության գումարներով պետք է մարդկանց համար տներ գնվեն: Չպիտի՛ թույլ տանք նրանց արտագաղթը:
  3. Արցախահայերի առողջության, կրթության, աշխատանքի պահպանման (գտնելու) եւ շարունակականության համար պետք են հստակ եւ տեսանելի ջանքեր գործադրվեն:
  4. Միջազգային մանդատով դիտորդները պետք է Արցախում տեղակայվեն, որքան հնարավոր է, շուտ: Այդկերպ կփորձենք իրացնել արցախահայության սեփականության իրավունքի պահպանումը եւ չեզոքացնել քաղաքացիներին ու պետությանը պատկանող գույքի ավերման հավանականությունը: Նաեւ պետք է ստեղծվեն երաշխիքներ, որ մարդիկ կարողանան իրենց սեփական գույքը անվնաս դուրս բերել կամ տնօրինել, ինչպես կկամենան:
  5. Հայկական մշակութային եւ կրոնական ժառանգության պահպանումը հրամայական է: Ինչպես Արցախում այս պահին գտնվող ռուս խաղաղապահները, այնպես էլ միջազգային դիտորդները պետք է արգելեն Շուշիի սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու եւ հայկական մյուս կրոնական կոթողների պղծման ու ոչնչացման հանցավոր սցենարի կրկնումը:
  6. Հայերի գերեզմանները պետք է անձեռնմխելի լինեն եւ հեռու ադրբեջանական վայրագություններից:
  7. Եթե Արցախում դեռ կան Պաշտպանության բանակի զինվորականներ, նախկին եւ ներկա պաշտոնյաներ (իրենց ընտանիքների հետ), առանց թիրախավորման, անխոչընդոտ ու անվտանգ պետք է կա՛մ ապրեն Արցախում, եթե ուզում են, կա՛մ դուրս գան առանց հետապնդման: ՀՀ-ում կամ այլուր նրանք պետք է ապրեն առանց արհեստական խոչընդոտների եւ մտացածին քրեական հետապնդումների:

Ռուբեն Վարդանյանի, Լեւոն Մնացականյանի, Դավիթ Մանուկյանի, Դավիթ Բաբայանի ու մյուս գերեվարված մեր հայրենակիցների ազատությունը բոլորիս խնդիրն է, ԱՄԵՆՕՐՅԱ ԱՇԽԱՏԱՆՔԸ։

  1. Աշխարհի բոլոր դերակատարները պետք է փաստարկված տվյալներ ունենան իրենց ձեռքի տակ, որպեսզի հայտարարեն, որ ադրբեջանական, այսպես կոչված, «հակաահաբեկչական գործողությունները», որոնք սկսվեցին սեպտեմբերի 19-ից եւ ընթացան 9 ամիս շրջափակված Արցախի խաղաղ բնակչության էթնիկ զտմամբ եւ ցեղասպանությամբ, վկայում են ոչ միայն ադրբեջանի կեղծ հումանիզմի, նրանց հետ խաղաղ համագոյակցության անհնարինության, այլեւ այն մասին, որ միջազգային դերակատարների դատապարտող հայտարարությունները ոչինչ չարժեն:
  2. Պետք է բոլորս ջանքեր գործադրենք, որպեսզի դատապարտող հայտարարությունները փոխարինվեն հստակ գործողություններով՝ աջակցելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչմանը, որի մասին բազմիցս բարձրաձայնել եմ միջազգային ամբիոններից, ինչպես նաեւ Ադրբեջանի նկատմամբ կոնկրետ պատժամիջոցներ կիրառվեն՝ որպես ցեղասպան, ագրեսոր երկրի:

Աշխարհի բոլոր կետերում պետք է լսելի դարձնենք մեր ձայնը, որ Արցախի ցեղասպանությունը անպատիժ իրականացրած Ադրբեջանը նույն սցենարը ձգտում է կրկնել անկախ, ինքնիշխան Հայաստանի նկատմամբ: ՀՀ-ից արդեն 3 տարի օկուպացրած տարածքներն Ադրբեջանը չի վերադարձնում ու էլի անպատիժ է….

Նիկոլ Փաշինյանի անկարող ու ապիկար իշխանության վրա հույս չեմ դնում. բոլորս մեր տեղում պիտի այս կետերի շուրջ աշխատենք՝ հանուն մեր ժողովրդի եւ հայրենիքի, որը ծանր վիրավոր է»:

 

 

 

ԻՐԱՎԻՃԱԿԸ՝ ԿՈՒԹՈՒՄ

«Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում կրակոցներ չկան, հանգիստ է»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Կութի գյուղապետ Գրիգորի Ավագյանը:

ՀՀ ՊՆ-ն երեկ հայտարարություն տարածեց, որ հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14:25-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ:

Մեզ հետ զրույցում գյուղապետ Գրիգորի Ավագյանն ասաց, որ այս պահին գյուղում չէ, բայց զրուցել է բնակիչների հետ, իրեն փոխանցել են, որ այս պահին կրակոցներ չկան: «Զանգել եմ գյուղ, ասացին, որ ամեն ինչ նորմալ է, հանգիստ է, նույնիսկ գյուղատնտեսական աշխատանքներով էին զբաղված մարդիկ: Կրակոցներ մեզ մոտ միշտ էլ լինում են. այնպես չէ, որ առաջին անգամն է»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է սնունդ տեղափոխող մեքենային, գյուղապետն ասաց, որ այն ՊՆ-ի ենթակայության տակ գտնվող մեքենա է:

 

 

 

ԶԵՆՔ ԿՏՐԱՄԱԴՐԻ՞

«ԱՄՆ-ն պետք է Հայաստանին զենք տրամադրի»,- իր X միկրոբլոգում գրել է ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանը։

«Հիմա մենք պետք է զինենք Հայաստանը համապատասխան պաշտպանական զենքով՝ ներխուժումը կանխելու համար: Անիմաստ է ասել, որ Ուկրաինան չպետք է տարածք կորցնի զինված ագրեսիայի արդյունքում, իսկ Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ ազգային շահերի մեջ չի մտնում։ Մենք պետք է ավելի շատ զինեինք Ուկրաինան մինչեւ 2014 թվականի ներխուժումը, ինչպես ես կոչ էի անում տասը տարի առաջ»:

 

 

 

ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ

«Երեւանի ավագանու ընտրությունների երկրորդ փուլ թույլ տալ չի կարելի այս իրավիճակում, երբ որ ադրբեջանական զորքը կանգնած է Երասխի մոտ, երբ որ 100 հազար փախստական լցվել է ՀՀ, եւ յուրաքանչյուր կոպեկը կարեւոր է»,- հայտարարել է «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը (Դոգ)՝ արձագանքելով Հայկ Մարությանի հայտարարությանը:

«Կա այսպիսի մի վտանգ, ամենամեծ վտանգը՝ «ռոբասերժական կլանը» չպիտի իր դիրքերն ամրապնդի: Ես՝ որպես ընդդիմություն, ավելի նախընտրում եմ, որ սրանք չամրապնդվեն, քան թե Ավինյանը չվերարտադրվի»:

 

 

 

ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ՝ ԸՍՏ ԱԼԻԵՎԻ

 

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, 74-րդ միջազգային տիեզերագնացության կոնգրեսի բացման արարողություն ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը խոսել է տարածաշրջանում կատարված իրադարձությունների մասին:

Նա պնդել է, թե իրենք վերջ են դրել հակամարտությանը եւ այդ հակամարտության լուծման ճանապարհին պահպանել են իրենց արժանապատվությունը՝ միաժամանակ վերականգնելով միջազգային իրավունքը:

«Այսօր մենք կարող ենք թեւակոխել Հարավային Կովկասում խաղաղության դարաշրջան։ Սա մեր կարծիքն է։ Համագործակցություն, փոխշահավետ նախագծեր. մենք այսօր ցույց ենք տալիս այս ամենը»,- ընդգծել է պետության ղեկավարը։

Հավելենք, որ Ադրբեջանի Հանրապետությունը «Խաղաղության դարաշրջան» թեւակոխեց՝ սպանելով անմեղ բնակիչների, որոնց թվում կային նաեւ երեխաներ, ծերեր: Եվ այդ ամենը նրանք անում են բացահայտ՝ ժամանակ առ ժամանակ իրենց կայքէջերում հրապարակելով դաժան կադրեր, օրինակ՝ թե ինչպես են քանդում, ավերում բնակիչների տները, մշակութային կոթողները, որոնք դարերի պատմություն ունեն, ծաղրում կամ տանջում տարեցներին եւ նման շատ այլ դեպքեր, իսկ միջազգային կառույցները դեռ պետք է ամեն բան իրենց աչքով տեսնեն, նոր համոզվեն:

 

 

 

ԹՈՒՐՔԻԱՆ ՉԻ ԸՆԴՈՒՆԻ

Ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները, Եվրամիությանն անդամակցելու նոր պահանջներն ու պայմանները Թուրքիան չի ընդունի:

Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` հավելելով, որ Թուրքիան կատարել է Եվրամիությանը տված բոլոր խոստումները, սակայն դաշինքը չի կատարել իր խոստումներից գրեթե ոչ մեկը:

«Չնայած վարչակազմերի փոփոխությանը՝ Եվրամիության անարդար եւ կողմնակալ վերաբերմունքը մեր երկրի նկատմամբ, որը անհամատեղելի է հավատարմության սկզբունքի հետ, չի փոխվել: Ինչպես Թուրքիան, այնպես էլ մենք ակնկալիքներ չունենք Եվրամիությունից, որտեղ մենք ստիպված են եղել 60 տարի սպասել»,- ասաց նա։




Լրահոս