Armlur.am-ն արդեն տեղեկացրել էր, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի մի խումբ բնակիչներ Քարվաճառ-Վարդենիս ավտոճանապարհը փակելու սպառնալիքով հավաքվել են փողոցում:
Քիչ առաջ տեղեկացանք, որ դժգոհող վարդենիսցիներին ընդունել է քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը՝ քաղաքապետարան հրավիրելով նաև Վարդենիսի ոստիկանապետ Վալերի Բաղյանին, որից դժգոհում են մարդիկ:
Ոստիկանապետն ասել է, թե ինքը կատարում է իր մասնագիտական պարտականությունները, և պետք է կանխի Սոտքի ոսկու հանքավայրից իրականացվող գողության դեպքերը: Սակայն վարդենիսցիները նրան են ցույց տվել Սոտքի ոսկու հանքավայրի մուծած հարկերի տվյալները (այս հանքավայրը տարիներ շարունակ շահագործվում է, մեծ ծավալով ոսկի է կորզում, սակայն 0 դրամ հարկ է վճարում պետությանը):
«Բա ինչո՞ւ հանքին չեք ասում մի թալանի մեր հողը, մեր ոսկին մի գողացի մեր պետությունից՝ առանց փող տալու»,-հարցադրում են կատարել վարդենիսցիները:
Հիշեցնենք, որ Armlur.am-ի թղթակցի հետ զրույցում հավաքված քաղաքացիներից մեկը դժգոհել էր` ասելով. «Մենք գիտենք, որ մեր գյուղացիք վատ բան են անում՝ հանքից ոսկի հանելով: Բայց ի՞նչ անեն, ճար չունեն, ո՞նց ապրեն: Էս միլպետն էլ դրել բոլորին տեռորի է ենթարկում. Մարդ կա՝ տունն արդեն երրորդ անգամ են խուզարկում գազան-վայրենու նման: Էրեխեքը միլիցու ավտո տեսնելիս չորանում են վախից: Սենց ապրել չի լինի: Մարդկանց էլ տանում վախացնում են, թե՝ չբողոքեք, ձեն չհանեք. Սենց ո՞նց կլնի»:
Քաղաքացիները մտնում են Վարդենիսի քաղաքապետարան