Վաղ առավոտից «Արցախբանկ»-ի մուտքի մոտ անվերջանալի հերթեր են։ Արցախի մեր հայրենակիցներն են եկել, իրենց ավանդներին են ուզում տեր կանգնել։
Շատերը հույս չունեն, որ իրենց գումարները, ավանդները կստանան, շատերն էլ լուռ սպասում են՝ տեսնեն՝ ինչ կլինի։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առեւտրային բանկերն այս պահին գույքագրում են ստեղծված իրավիճակի հետեւանքով առաջացած եւ հնարավոր այլ խնդիրները, որի արդյունքում կառավարության եւ Կենտրոնական բանկի հետ գործակցությամբ անհատական կամ ընդհանուր լուծումներ կառաջարկվեն եւ կներկայացվեն։
Արցախում բանկերի բոլոր մասնաճյուղերը ՀՀ տարածքում լիցենզավորված եւ գրանցված բանկերի մասնաճյուղեր են: Համապատասխանաբար, քաղաքացիների սպասարկումն իրականացվելու է՝ անկախ նրանց գտնվելու վայրից:
Այլ կերպ ասած, բանկերը պետք է հասկանան եղածը, ծավալները, չափերը եւ այլն, գնահատեն ու հասկանան իրենց անելիքը՝ զուգահեռաբար սպասարկելով քաղաքացիներին։
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով՝ ըստ ամենայնի, Հայաստան տեղափոխելու խնդիր չկա, ամենն արդեն Հայաստանում է։ Տվյալներ են ճշտում, օրինակ՝ պետք է հասկանան, թե որ ավանդատուն է Հայաստանում, ով է զոհվել, ով է վիրավոր։ Սա իրենից երկարատեւ ու ձգձգվող, բազում անհայտներով գործընթաց է ենթադրում։
«Արցախբանկ»-ի կառավարիչներից մեկը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ցանկանալով անանուն մնալ, հայտնեց, որ որեւէ խնդիր չկա, ավանդները, այդ թվում՝ ոսկիներն արդեն Հայաատանում են, մնացած գործարքները կատարվում են օնլայն։
««Արցախբանկ»-ը եւս հսկվում է ԿԲ-ի կողմից այնպես, ինչպես մնացած բանկերը։ Այսինքն՝ եթե, օրինակ, վարկառուն գրանցված է եղել Արցախում, դա մենք եւս տեսնում ենք, քանի որ մի համակարգ է, ամեն ինչ օնլայն է»։
ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ