ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ Երեւանում մեկնարկել է Երեւանի շախմատի 5-րդ բաց առաջնությունը, որի բացման արարողությանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Երեւանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը, ֆեդերացիայի նախագահության անդամները:

 

Մրցաշարի աշխարհագրությունն այս տարի ընդլայնվել է. մասնակցում է ավելի քան 290 շախմատիստ, որից 71-ը՝ միջազգային կոչում ունեցող, այդ թվում՝ 23 միջազգային գրոսմայստեր 13 երկրից:

Թե՛ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, թե՛ Երեւանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը շեշտել են՝ չնայած նրան, որ Հայաստանը դժվար օրեր է ապրում, մեր երկիրը պատրաստ է ընդունել միջազգային մրցաշարերն ամենաբարձ մակարդակով:

«Հայաստանի համար այս շատ բարդ ժամանակաշրջանում նմանօրինակ միջազգային մրցաշարը նաեւ մեր երկիրը հանրահռչակելու առաքելություն ունի եւ ցույց տալու, որ, չնայած այսպիսի արհավիրքներին, մենք տոկուն ենք ու կարողանում ենք անգամ այս պահերին մաքառել, պայքարել եւ փաստել, որ Հայաստանը կա եւ լինելու է հավիտյան: Սպորտն աճ է գրանցում, երբ կան մրցաշարեր, ու փորձ է ձեռք բերվում հենց այսպիսի մրցաշարերի միջոցով: Միայն մարզվելով հնարավոր չէ չեմպիոն դառնալ, իսկ այսպիսի մրցաշարերն օգնում են մարզիկներին բարելավել իրենց վարպետությունը, դառնալ ավելի սառնասիրտ, վստահ եւ հետագայում գրավել ավելի լուրջ բարձունքներ»,- ընդգծել է Կարեն Գիլոյանը:

Նշենք՝ մրցաշարի առաջին համարը միջազգային գրոսմայստեր Կարեն Գրիգորյանն է՝ 2643 վարկանիշով: Երկրորդ տեղում օրեր առաջ Ծաղկաձորի մրցաշարում հաղթանակած Հնդկաստանի հավաքականի թեկնածու, միջազգային գրոսմայստեր Աբհիմանյու Պուրանիկն է: Հայ շախմատիստների թվում են նաեւ լեգենդար Ռաֆայել Վահանյանը, Արցախից Հովիկ Հայրապետյանը, Արթուր Դավթյանը, Հրայր Սիմոնյանն ու այլք:

9 տուր շարունակ մասնակիցները կպայքարեն 15 մլն դրամ մրցանակային ֆոնդի համար:

Հոկտեմբերի 3-ին՝ 5-րդ տուրի ավարտից հետո, կանցկացվի նաեւ ավանդական դարձած բլից մրցաշարը:

 

 

 

ԱԱ-Ի ՈՒՂԵԳԻՐ

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը Փարիզում կայանալիք 2024 թվականի օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել. այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Դավթյանը Բելգիայի Անտվերպեն քաղաքում մեկնարկած աշխարհի առաջնությունում օլիմպիական խաղերի անվանական ուղեգիր է նվաճել բազմամարտի արդյունքներով:

 

 

ՄԵՍՍԻՆ ՉԻ ՕԳՆԻ

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ «Ինտեր Մայամիի» 36-ամյա հարձակվող Լիոնել Մեսին շարունակում է վերականգնվել վնասվածքից հետո եւ չի կարողանա օգնել ամերիկյան թիմին հաջորդ խաղում. հաղորդում է ESPN-ը։ Արգենտինացի Խերարդո Մարտինոյի գլխավորած թիմը ՄԼՍ-ի կանոնավոր առաջնությունում հոկտեմբերի 5-ին կմրցի «Չիկագո Ֆայրսի» հետ։ Մեսիի վերադարձը խաղադաշտ սպասվում է հոկտեմբերի 8-ին «Ցինցինատիի» դեմ խաղում։ Մեսին բաց է թողել երեք հանդիպում։ «Ինտեր Մայամիում» անցկացրած 12 խաղում Մեսին խփել է 11 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

 

 

«ԲԱՐՍԵԼՈՆԱ»-Ի ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել բրազիլական «Կորինտիանսի» 18-ամյա բրազիլացի հենակետային կիսապաշտպան Գաբրիել Մոսկարդոյին. հաղորդում է Diario Sport-ը։ Կատալոնական ակումբի նորանշանակ մարզական տնօրեն Դեկուն արդեն բանակցում է «Կորինտիանսի» հետ։ Հնարավոր է՝ տեղափոխությունը տեղի ունենա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Տրանսֆերի գումարը կարող է կազմել 30 միլիոն եվրո։ Մոսկարդոն եւս ցանկանում է կարիերան շարունակել Եվրոպայում։

 

 

ԳՎԱՐԴԻՈԼԱՅԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

Անգլիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է երկու անընդմեջ պարտությունը։ Անգլիական լիգայի գավաթի խաղարկությունում «Մանչեսթեր Սիթին» պարտվել էր «Նյուքասլ Յունայթեդին» (0:1), Անգլիայի Պրեմիեր լիգայում՝ «Վուլվերհեմփթոնին» (1:2)։ «Այդպես էլ է պատահում, երբեմն մենք էլ պարտություններ ենք կրում։ Հիմա մենք պետք է հաղթահարենք այս փուլը։ Շուտով կվերադառնան վնասվածքներից հետո վերականգնվող ֆուտբոլիստները»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է BBC-ն։ Անգլիայի առաջնության 7 տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» 18 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Հաջորդ տուրում մանչեսթերյան թիմը Լոնդոնում հոկտեմբերի 8-ին կհյուրընկալվի փոխչեմպիոն «Արսենալին»։ Հոկտեմբերի 4-ին «Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրում կմրցի գերմանական «Լայպցիգի» հետ։

 




Լրահոս