Ո՞Վ Է ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԻՆ ԲԱՆԱԿՑԵԼՈՒ ՄԱՆԴԱՏԸ ՏՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի նախկին ԱԽ Սամվել Բաբայանը Արցախից Հայաստան տեղափոխվելուց հետո շտապել էր Հանրային հեռուստաընկերություն եւ մի շարք աղմկահարույց հայտարարություններ արել, որոնք կա՛մ վրիպել են մեր իրավապահների աչքից, կա՛մ էլ պարզապես ցանկություն չունեն իշխանությունների սիրելի Սամվել Բաբայանի հայտարարությունների մասով քրգործ հարուցել: Այսպիսով, Հանրայինին տված իր հարցազրույցում Սամվել Բաբայանը հայտարարել էր, թե ինքը քողարկված բանակցություններ է վարել Ադրբեջանի հետ, ավելին՝ ինչպես ինքը հայտարարեց, որոշ հարցերի շուրջ արդեն համաձայնության են եկել Ադրբեջանի հետ: «Մենք Ադրբեջանի հետ պայմանավորվել էինք ավտոնոմ ռեսպուբլիկայի շուրջ, կետ առ կետ գրած էր (23 կետ)։ Ադրբեջանը համաձայնել էր»,-ասել էր Բաբայանը: Նա նաեւ ասել էր, որ Արցախի 3 նախագահներն էլ պետք է կալանավորվեն. այդպես էլ արեց Բաքուն: Հետաքրքիր է, որ այս ընթացքում Բաբայանը որեւէ պաշտոն չէր զբաղեցնում ո՛չ ՀՀ-ում, ո՛չ էլ Արցախում, ուստի որեւէ իրավասություն չուներ բանակցություններ վարելու, այն էլ՝ թշնամի երկրի հետ: Հարց է առաջանում՝ ո՞վ է Սամվել Բաբայանին մանդատ տվել, որ թշնամու հետ բանակցություններ վարի, իր հարցազրույցում էլ նա չէր բացահայտել դա: Հաշվի առնելով, որ Արցախում Սամվել Բաբայանը ոչ ընդունելի եւ անհասկանալի կերպար է, դժվար թե ԱՀ իշխանությունները նրան այդ կարեւոր հարցը վստահեին, մյուս կողմից էլ՝ եթե հաշվի առնենք Նիկոլ Փաշինյանի հետ նրա մտերմությունը, թերեւս բացառվում է, որ առանց նրա գիտության Սամվել Բաբայանը բանակցություններ վարեր: «Ժողովուրդ» օրաթերթի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն է միջնորդ հանդիսացել եւ Նիկոլ Փաշինյանից երաշխիքներ ստացել, որպեսզի Սամվել Բաբայանին մանդատ տրվի՝ Ադրբեջանի բանակցություններ վարելու: Տեղեկությունը ճշտելու համար փորձեցինք կապ հաստատել Անդրանիկ Քոչարյանի հետ, որը, ինչպես միշտ, խուսափեց մեր զանգերին պատասխանելուց: ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանն էլ, որը ե՛ւ Սամվել Բաբայանի, ե՛ւ Անդրանիկ Քոչարյանի մտերիմ ընկերն է, մեզ հետ զրույցում ասաց, որ չկա նման բան: «Անդրանիկ Քոչարյանն ու Նիկոլ Փաշինյանն ի՞նչ կապ ունեն. Սամվել Բաբայանն Արցախում է եղել, ուստի Արցախի իշխանությունների՝ Արայիկ Հարությունյանի հետ պետք է համաձայնեցներ, Անդրանիկ Քոչարյանը չէր կարող միջնորդ լինել»,-ասաց Մելքոնյանը: Փաստ է, որ Բաբայանից հետո բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք Հակարիի կամրջով անցան, կալանավորվեցին Բաքվի կողմից:

 

 

 

 

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, այժմ Պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետ Երջանիկ Հակոբյանի եւ նրա եղբոր՝ Ավան վարչական շրջանի ղեկավար Վահե Հակոբյանի գործերը լավացել են։ Համենայնդեպս, այդ մասին են վկայում նրանց ներկայացրած պաշտոնական հայտարարագրերը։ Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հակոբյանը 36.7 միլիոն դրամով նորակառույց շենքում բակարան է գնել, որը գտնվում է Արաբկիր վարչական շրջանում։ 2021թ.-ին նա վարկ է վերցրել 16 միլիոն դրամ։ Երջանիկ Հակոբյանը 2022 թ.-ի հայտարարագրում նշել է, որ իր դրամական միջոցները կազմել են 15 հազար դոլար եւ 10 միլիոն դրամ, իսկ եկամուտը՝ 12 միլիոն դրամ (ՊԵԿ-ի աշխատավարձը)։ Պատգամավոր եղած ժամանակ՝ 2019 թվականին, Հակոբյանը զբաղվում էր մեքենաների առուվաճառքով։ Հակոբյանը գնել է տարբեր տարիների արտադրության 3 հատ ավտոմեքենա, տարվա վերջում դրանցից երկուսը վաճառել է։ Երջանիկ Հակոբյանի եղբայրը 2021 թ.-ին 3 միլիոն դրամով վաճառել է երկու տարի առաջ 2 միլիոն դրամով գնած Nissan Versa ավտոմեքենան։ Նույն տարում նրա դրամական միջոցները կազմել են 10.5 միլիոն դրամ եւ 11 հազար դոլար։ Մի խոսքով, գործարար եղբայրները պետական գործի են անցել, որոնց մանրամասներին կանդրադառնանք առաջիկայում:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ քաղաքական իշխանությունը ՀՀ կառավարության շենքի ներսից արգելապատնեշներ է ամրացրել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ ԱԱԾ-ն բացահայտել է, որ «Երկրապահ» կամավորական նախկին խմբի ղեկավար, ԵԿՄ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը, ինչպես նաեւ մի խումբ անձինք, իբր, փորձել են իշխանությունը յուրացնել: Այս մեղադրանքով Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը այս պահին կալանավորված է եւ գտնվում է Նուբարաշենի բանտում: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ այսքանով ամեն ինչ չի ավարտվում. ՀՀ իրավապահ համակարգը այս օրերին ակտիվ կերպով ուսումնասիրում է սեպտեմբերի 19-ին ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիայի մասնակիցների տեսանյութերը: Մասնավորապես, իրավապահները փնտրում են կառավարության շենքի ապակիների վրա հարձակում գործած անձանց, որպեսզի պատժեն նրանց, բայց դեռ չի հաջողվել ֆիքսել կոտրողների դեմքերը:

 

 

 

Երեկ տհաճ միջադեպ տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովում: Երբ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն իր ելույթով կշտամբեց ՔՊ-ական պատգամավորներին, որոնք լայն ժպիտներով էին ԱԺ նիստերի ողջ ընթացքում, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վիրավորեց նրան՝ ասելով, թե սեփական փորձով էր կիսվում: Ի պատասխան՝ Աննա Մկրտչյանն ասաց. «Այ տխմա՛ր, ձայնդ կտրի՛ր»: ԱԺ նախագահը շարունակեց. «Այ չինական.. Անդաստիարակ երեւույթ ես էլի.. Ամեն մեկին բերել շպրտել են ստեղ»: Աննա Մկրտչյանն էլ ասաց. «Քեզ են շպրտել…»: Այս վիրավորանքներով լեցուն բանավեճին խառնվեց Ալեն Սիմոնյանի նախկին, շատ հարցերում նաեւ ներկա օգնական-պատգամավոր Հասմիկ Հակոբյանը՝ առաջարկելով անվտանգության աշխատակիցներին ներս հրավիրել: «Որ գրկի». սեքսիստական պատասխանով ավարտեց իր խոսքը ԱԺ նախագահը: Հիրավի, «կարեւոր» բանավեճ էր խորհրդարանական մեր երկրում՝ Հայաստանի ու արցախահայության այսօրվա մարտահրավերներին «համահունչ»: ՔՊ-ականները չեն գիտակցում իրենց պատասխանատվության չափաբաժինը:

 

 

 

 




Լրահոս