«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 3-ին քննարկվել է «1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված` Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու եւ կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարություն ընդունելու մասին» օրենքի նախագիծը:
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հայտնել է, որ այս պահի դրությամբ 123 պետություն անդամակցում է Միջազգային քրեական դատարանի կանոնադրությանը: Հայաստանը Հռոմի կանոնադրությունը ստորագրել է դեռեւս 1999 թվականի հոկտեմբերի 1-ին, որից հետո վավերացման գործընթացը կասեցվել էր, քանի որ Սահմանադրական դատարանը 2004 թվականին կանոնադրությունում ամրագրված որոշ պարտավորություններ համարել էր Սահմանադրությանը հակասող:
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը կարծիք եւ հույս է հայտնել, որ փաստաթղթի վավերացումը կարող է էական նշանակություն ունենալ ՀՀ տարածքում վերոնշյալ հանցագործությունները կանխարգելելու եւ բացառելու տեսանկյունից:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ զեկուցողին հարցեր են ուղղել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները:
Մասնավորապես՝ Բաբկեն Թունյանը հարցրել է, թե ինչ է Հայաստանին տալու փաստաթղթի վավերացումը: Հիմնական զեկուցողը պարզաբանել է, որ Հռոմի կանոնադրության վավերացումը սահմանում է դատարանի իրավազորությունը Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ: Այն որոշակիորեն երաշխիք է տալու, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ցանկացած ծանրագույն հանցագործություն ենթակա կլինի Միջազգային քրեական դատարանի իրավազորությանը, եւ այն անձանց համար, որոնք մտադրություն ունեն կատարելու նման հանցագործություն, սա առնվազն կանխարգելիչ ազդեցություն կունենա:
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի դիտարկմամբ՝ այս հարցն արդեն 20 տարի է՝ Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում է: «Փաստաթղթի բովանդակությունը, բնույթը, արմատներն այնպիսին են, որ, կարծես թե, Հայաստանը պետք է լիներ առաջին երկիրը, որ պետք է վավերացներ այն: Այն իր արմատներով գնում հասնում է 1915 թվականի մայիսի 24, երբ Անտանտի պետությունները` Ռուսական կայսրությունը, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան, առաջին անգամ օգտագործեցին «մարդկայնության դեմ ուղղված հանցագործություններ» եզրույթը` Հայոց ցեղասպանությունը մեղադրելու համար: Այս փաստաթուղթն է առաջին անգամ պատմության մեջ ամրագրում կոնսոլիդացված տեսքով, թե որոնք են մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունները: Այս հարցով ՄԱԿ-ը սկսել է զբաղվել 1946-47 թվականներին: Ստատուտը որեւիցե բովանդակային քրեական արարք չի նախատեսում: Այն պարզապես ամրագրում է այն բոլոր արարքները, որոնք աշխարհի գրեթե բոլոր պետությունների օրենսդրության մեջ ամրագրված են՝ ցեղասպանություն, ռազմական հանցագործություններ, մարդկայնության դեմ ուղղված հանցագործություններ»,- ասել է հանձնաժողովի նախագահը` պարզաբանելով, թե ինչու է հարցը քննարկվում այս պահին:
«Այն հանգամանքը, որ ՀՀ տարածքում է գտնվում էթնիկ զտման` մարդկայնության դեմ ուղղված հանցագործության արդյունքում բռնի տեղահանված անձերի ստվար խումբ, հիմք է տալիս, որ Հայաստանը Միջազգային քրեական դատարանում կարող է պնդել, որ վերջինս ունի իրավազորություն այս արարքի նկատմամբ»:
Նախագիծը քննարկվել է գլխադասային հանձնաժողովի նիստում` արժանանալով դրական եզրակացության:
«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ պատգամավորներն իրենց ելույթներում անդրադարձել են Միջազգային քրեական դատարանին Հայաստանի անդամակցության դրդապատճառներին:
Խորհրդարանը 60 կողմ, 22 դեմ ձայնով ընդունել է օրենքի նախագիծը: ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունները դեմ են քվեարկել:
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՊԱՀԱՆՋԸ
Թուրքական լրատվամիջոցները հայտնում են ,որ Թուրքիան պահանջում է փակել հայկական Մեծամորի ատոմակայանը, որը գտնվում է Թուրքիայի հետ սահմանից 16 կիլոմետր հեռավորության վրա:
Թուրք պաշտոնյաները նշում են, որ դա պայմանավորված է այն ռիսկերով, որ շուտով կլրանա կայանի ծառայության ժամկետը:
Դիմումում նշվում է, որ Մեծամորի ատոմակայանը վերահսկվում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԾԸթԸՁն) կողմից:
ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ
Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունն Արցախի տարածքում առաջադրանքների կատարման համար աչքի ընկած զինծառայողներին պարգեւատրել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության գերատեսչական պարգեւներով եւ տարբերանշաններով:
«Ներկայումս ռուս խաղաղապահները շարունակում են իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում իրադրության շուրջօրյա մշտադիտարկում եւ Բաքվի ու Ստեփանակերտի հետ շարունակական փոխգործակցություն՝ ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը եւ խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի նորմերի պահպանմանը: Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է ապահովել Արցախի տարածքից ինքնուրույն դուրս եկող խաղաղ բնակիչների քաղաքացիական մեքենաների երթեւեկության անվտանգությունը»,- հայտում են ՌԴ ՊՆ-ից:
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՇՏ ԱՐՁԱԳԱՆՔԸ
Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կիրստի Նարինեն գրառում էր արել՝ մեղադրելով Ադրբեջանին Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման համար, որին էլ ի պատասխան՝ Ադրբեջանի արտաքին գործերի մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն ասել է. «Ադրբեջանը երբեք չի հետապնդել հայ բնակիչներին: Ընդհակառակը, կար ապահով միջավայր նրանց վերաինտեգրման համար: Հայաստանն է բազմաթիվ վայրագություններ իրականացրել ադրբեջանցիների նկատմամբ»:
ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ այդ փաստը հաստատել է Ղարաբաղ այցելած ՄԱԿ-ի առաքելությունը:
ՇՈՅԳՈՒԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է Արցախի ավելի քան 98 հազար խաղաղ բնակչի ճամբարում տեղավորելու մասին: Նրա խոսքով՝ զոհեր թույլ չտալու համար որոշվել է քաղաքացիական անձանց տարհանել եւ տեղավորել դիտակետերում եւ բազային ճամբարում:
Շոյգուն հայտնել է, որ հակամարտության սրման պայմաններում ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակել է կատարել իր վրա դրված խնդիրները: «Մեր խաղաղապահներին շնորհակալություն եմ հայտնում անձնուրաց եւ պրոֆեսիոնալ գործողությունների համար, որոնք օգնեցին խուսափել ավելի շատ զոհերից»,- հայտարարել է նա։
Նրա խոսքով՝ ռուս զինծառայողները մասնակցել են Ստեփանակերտի վառելիքի պահեստում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին, տուժածներին եւ կարիքավորներին բազմակողմանի բժշկական օգնություն ցուցաբերել:
ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԸ ԿԺԱՄԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆ
«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը երեկ հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, թե պետք է ապահովել արցախցիների անվտանգությունն ու մարդու իրավունքները։
«Ես ուշադիր հետեւել եմ Արցախի եւ դրա շուրջ արագ փոփոխվող իրավիճակին։ Ադրբեջանի վերջին ռազմական գործողություններից եւ տարածաշրջանի նկատմամբ հետագա վերահսկողությունից հետո՝ 2023 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ, 100.483 արցախահայեր, այդ թվում՝ ընտանիքներ, տարեցներ եւ այլ խոցելի խմբեր, լքել են իրենց տները եւ ապաստան գտնել հարեւան Հայաստանում։
Այս առումով ես ողջունում եմ Հայաստանի իշխանությունների ջանքերը՝ պաշտպանելու եւ աջակցելու բոլոր կարիքավորներին անմիջապես ՄԱԿ-ի այլ գործակալությունների եւ քաղաքացիական հասարակության աջակցությամբ: Այնուամենայնիվ, լրացուցիչ օգնություն է պահանջվում՝ համոզվելու համար, որ բոլոր անձանց կարիքները անհապաղ բացահայտվեն եւ պատշաճ կերպով լուծվեն: Ուստի, ես կոչ եմ անում Եվրոպայի խորհրդի անդամ երկրներին դրսեւորել իրենց համերաշխությունը եւ հրատապ կարգով ապահովել բոլոր անհրաժեշտ աջակցությունը:
Ադրբեջանի իշխանությունները նախաձեռնել են մի շարք քաղաքական, վարչական եւ տնտեսական միջոցառումներ՝ ուղղված Ղարաբաղի տարածաշրջանի եւ այնտեղ բնակվող մարդկանց վերաինտեգրմանը։ Այս առումով ես կոչ եմ անում Ադրբեջանի կառավարությանը երաշխավորել Ղարաբաղի տարածաշրջանում մնացած էթնիկ հայերի անվտանգությունն ու մարդու իրավունքների հարգումը՝ ներառյալ նրանց հավասար վերաբերմունքի եւ բռնությունից, ահաբեկումից եւ ատելությունից պաշտպանված լինելու իրավունքները:
Հատկապես պետք է պաշտպանված լինեն խոցելի խմբերը, ինչպիսիք են վիրավորները կամ առողջության կարիք ունեցող մարդիկ, տարեցները, կանայք եւ երեխաները։ Շատ կարեւոր է ապահովել մարդասիրական օգնություն տրամադրողների եւ մարդու իրավունքների միջազգային առաքելությունների ազատ եւ անարգել մուտքը ներկա հանգամանքներից տուժած բոլոր տարածքներ: Այս առումով ես ի գիտություն եմ ընդունում վերջերս ՄԱԿ-ի առաքելությունը Ղարաբաղի տարածաշրջանում:
Որպես մարդու իրավունքների հանձնակատար՝ ես կշարունակեմ ձգտել ներգրավել Հայաստանի եւ Ադրբեջանի բոլոր համապատասխան զրուցակիցներին՝ իմ մանդատի համաձայն, որպեսզի կարողանամ օգնել հաղթահարելու մարդու իրավունքների առկա մարտահրավերները: Այս համատեքստում եւ Հայաստանի իշխանությունների հետ համագործակցությամբ ես շուտով կմեկնեմ Հայաստան»: