ՎԵՐԱԴԱՐՁՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2023 թվականի հոկտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության եւ «ԱՕԿՍ» ՍՊ ընկերության բաժնետերերի միջեւ կնքված հաշտության համաձայնությունը հաստատվեց Վարչական դատարանի կողմից:

 

Աբովյան 3 հասցեում գտնվող 526.9 քմ շենքի (հանրության շրջանում հայտնի «ԱՕԿՍ»-ի շենքի) եւ 0,0467 հա մակերեսով հողամասի սեփականության իրավունքը վերադարձվեց Հայաստանի Հանրապետությանը:

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, 2022 թվականի նոյեմբերի 18-ին Հայաստանի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում ընդգրկված Աբովյան 3 հասցեի շենքը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու նպատակով հայց էր հարուցել Վարչական դատարան:

Հայց հարուցելու հիմքում դրվել էր այն հանգամանքը, որ Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության մինիստրների սովետի՝ 1955 թվականի նոյեմբերի 24-ի թիվ 699 կարգադրությամբ՝ Արտասահամանյան երկրների հետ մշակութային կապերի կոմիտեի՝ «ԱՕԿՍ»-ի հաշվեկշռին հանձնվել էր գույք, այդ թվում՝ Աբովյան 3 հասցեի շենքը:

Հետագայում՝ 1992 թվականի հուլիսի 30-ին, ստեղծվել էր «Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի եւ համագործակցության հայկական ընկերություն» կազմակերպությունը, որը, առանց օրինական հիմքերի, հանդես է եկել որպես Արտասահամանյան երկրների հետ մշակութային կապերի կոմիտեի իրավահաջորդ եւ 2001 թվականին, ներկայացնելով իր ստեղծումից շուրջ 37 տարի առաջ ընդունված վերոհիշյալ կարգադրությունը, ստացել էր «ԱՕԿՍ»-ի շենքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման վկայական:

Նկատի ունենալով վերոգրյալը՝ Գլխավոր դատախազությունը Վարչական դատարան ներկայացված հայցով պահանջում էր անվավեր ճանաչել Կադաստրի կոմիտեում Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի եւ համագործակցության հայկական ընկերության՝ 2001 թվականի հուլիսի 3-ին եւ «ԱՕԿՍ» ՍՊ ընկերության անվամբ 2011 թվականի նոյեմբերի 25-ին կատարված իրավունքի պետական գրանցումները:

Հայցադիմումը Վարչական դատարան էր մուտքագրվել 2022 թվականի նոյեմբերի 22-ին:

2023 թվականի սեպտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության եւ «ԱՕԿՍ» ՍՊ ընկերության բաժնետերերի միջեւ կնքվել էր հաշտության համաձայնություն: Համաձայնությունը նույն օրը մուտք էր արվել Վարչական դատարան:

Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանի ապօրինի մասնավորեցման վերաբերյալ քննվող քրեական վարույթով նախաքննությունը Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում շարունակվում է:

 

 

 

ԳԱԼԵՅԱՆԸ՝ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 44-օրյա պատերազմի հերոս Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին, «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ նրան հետազոտել են եւ ասել, որ կրկին հետազոտման անհրաժեշտություն է առկա։ Նշենք, որ սեպտեմբերի 9-ին դատարանը բավարարել էր Գարիկ Գալեյանին կալանավորելու միջնորդությունը:

Վերջինիս փաստաբան Վահան Հովհաննիսյանի պնդմամբ՝ կալանքն անթույլատրելի է, քանի որ Գալեյանն ունի պատժի եւ կալանքի կրմանը խոչընդոտող 3 հիվանդություն: Դատարանի որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ դատարան։

Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ Գալեյանի անձնական խուզարկությամբ վերջինիս մոտ հայտնաբերվել եւ վերցվել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա է եղել 3 միանման պոլիէթիլենային փաթեթ՝ համապատասխանաբար 1.59 գրամ, 1.51 գրամ եւ 1.60 գրամ ընդհանուր քաշերով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող յուրահատուկ հոտով դեղնականաչավուն զանգվածներով:

Ոստիկանության փորձագիտական կենտրոնից ստացված եզրակացության համաձայն` նրա մոտ հայտնաբերված նյութը հանդիսանում է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց։

 

 

 

ՀԱՐՎԱԾԵԼ Է ՄԱՏՈՒՑՈՂԻՆ

Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում,  «Գինետուն»  ռեստորանային համալիրում աշխատանքային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ բարմենը խոհանոցային դանակով հարվածել է մատուցողին:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ ամենի արդյունքում ռեստորանում սկսվել է իրարանցում։ Մատուցողին շտապ տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բժիշկները պարզել են, որ նա հարվածը ստացել է գոտկատեղի հատվածում։

Բժիշկները վիրահատել են մատուցողին, վիճակը գնահատվում է նորմալ։

 

 

 

ՀԱՓՇՏԱԿԵԼ ԵՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՑ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Թամարա Վլադիկի Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել:

Մասնավորապես, նա 2021 թվականին խարդախությամբ «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցում» հիմնադրամից հափշտակել է 4 մլն 100 հազար ՀՀ դրամ:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԽՈՒՍԱՓԵԼ Է ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ

Պաշտպանության բանակի N զորամասի (դիվիզիայի) հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, գնդապետ Մ.Բ.-ն 2020 թվականի հոկտեմբերի 3-ին, աջ ծնկահոդի շրջանում վնասվածք ստանալու պատճառաբանությամբ, դիմել է Հադրութի շրջանի Տող գյուղում ծավալված Մեխակավանի զինվորական հոսպիտալ: Մ.Բ.-ի աջ ծնկահոդի հատվածում հայտնաբերվել է միայն այտուց, տեղադրվել է ֆիքսատոր հոդի շարժունակությունը սահմանափակելու նպատակով:

Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթին հայտնում են դատախազությունից, վերադաս հրամանատարության կողմից Մ.Բ.-ին հանձնարարվել է շարունակել զինվորական ծառայության պարտականությունների կատարումը, մասնավորապես՝ Հադրութ քաղաքում գտնվող անձնակազմի հետ իրականացնել բարոյահոգեբանական աշխատանքներ: Գիտակցելով, որ առկա չէ իր առողջական վիճակով պայմանավորված զինվորական ծառայության պարտականությունների կատարումը դադարեցնելու հնարավորություն՝ Մ.Բ.-ն մարտական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած լինելու պատրանք ստեղծելու նպատակով աջ ծնկահոդի այտուցված հատվածը բազմակի մշակել է յոդ տեսակի հեղուկով, վիրակապել նույն հեղուկով խիտ թաթախված բինտով՝ աջ ծնկային հոդի շրջանում առաջացնելով 2-րդ աստիճանի այրվածք:

2020 թվականի հոկտեմբերի 10-ին՝ ժամը 11:00-ից մինչեւ 12:00-ն ընկած հատվածում՝ դիվիզիայի հրամանատարական կետի տեղափոխման ժամանակ, հակառակորդի կողմից հրետակոծության է ենթարկվել Մ.Բ.-ին ու համածառայողին տեղափոխող ավտոմեքենան: Հրետակոծության հետեւանքով բեկորային վիրավորում է ստացել միայն վարորդը: Նույն ավտոմեքենայում գտնված, մարմնական որեւէ վնասվածք չստացած Մ.Բ.-ն, օգտագործելով այն հանգամանքը, որ ոչ ոք տեղեկություն չունի իր վիճակի մասին, անձնակազմին տեղեկացրել է, թե, իբր, հրետակոծության արդյունքում վիրավորում է ստացել:

Մ.Բ.-ի վարքագծի հիման վրա՝ համածառայողները վերջինիս ուղարկել են «Հադրութի շրջանի բուժական միավորում» ՓԲԸ, իսկ 2020 թվականի հոկտեմբերի 10-ին Մ.Բ.-ն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

2023 թվականի սեպտեմբերի 27-ին Մ.Բ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ռազմական դրության ժամանակ խաբեության եղանակով զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելու համար:

2023 թվականի սեպտեմբերի 29-ին դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը եւ վարույթի նյութերի հետ հանձնել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

 




Լրահոս