ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՀԱՐԿԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների հիմնական ուղղությունները երեքն են՝ առաջինը` գործարքը հիմնավորող թղթային եղանակով դուրս գրվող փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով դուրս գրելու ամրագրումը, երկրորդը` փաստաթղթավորման պահանջների նկատմամբ հարկային հսկողության գործիքակազմի արդյունավետության բարձրացումն ու պատասխանատվության ամրագրումը, եւ վերջինը` գույքի վարձակալության գործարքներ իրականացնող, սակայն հարկերը չհայտարարագրող ֆիզիկական անձանց նկատմամբ պատասխանատվության միջոցների սահմանումը: Այս մասին հոկտեմբերի 3-ին՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի զեկուցման ժամանակ՝ ԱԺ հերթական նիստի ընթացքում, ասել է ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը:

 

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ապահովագրական գործակալները եւ ապահովագրական բրոքերները չեն կարող համարվել շրջանառության հարկ վճարողներ կամ միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ: Զեկուցողը նշել է, որ հարկային մարմինը չափագրումներ կարող է իրականացնել նաեւ ապրանքների ձեռք բերման գործարքների փաստաթղթավորման պահանջների պահպանումը պարզելու նպատակով:

«Հաշվի առնելով հարկային մարմնին բացառապես էլեկտրոնային եղանակով հաշվարկային փաստաթղթերի եւ տեղեկությունների ներկայացման անհրաժեշտությունը` դեռեւս թղթային եղանակով կազմվող հաշվարկային փաստաթղթերի դուրս գրումը եւ դրամարկղային գործառնությունների հաշվառման նպատակով դրամարկղային գրքերի վարումը նույնպես կկատարվի էլեկտրոնային եղանակով: Շրջանառության հարկ վճարողների մոտ ապրանքների (բացառությամբ հումքի, նյութերի, հիմնական միջոցների եւ արտարժույթի) ձեռք բերման գործարքների փաստաթղթավորման պահանջները չպահպանելու դեպքում կսահմանվի տուգանք` այդ ապրանքների ձեռք բերման գնի 20 տոկոսի չափով: Նույն խախտումն արձանագրելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում տուգանքը կկազմի ապրանքների ձեռք բերման գնի 50 տոկոսի չափ»,- նշել է ՊԵԿ փոխնախագահն ու հավելել, որ պատասխանատվություն կսահմանվի նաեւ այն դեպքում, երբ անշարժ գույքի վարձակալության գործարքից ծագող իրավունքները չեն ստանա պետական գրանցում:

Կարեն Թամազյանի հավաստմամբ՝ նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է նվազեցնել շրջանառության հարկ վճարողների իրացման շրջանառությունների թերհայտարարագրման հնարավոր ռիսկերը` իրականացնելով արդյունավետ հարկային վարչարարությունը, կարգավորել ապրանքների ձեռք բերման փաստաթղթավորման պահանջների նկատմամբ հսկողություն իրականացնելու հետ կապված հարցերը, դրամարկղային գործառնությունների հաշվառման նպատակով դրամարկղային գրքերի վարումը կատարվելու է էլեկտրոնային եղանակով, խրախուսել գույքի վարձակալության հանձնելու պայմանագրի գրանցումը, որի արդյունքում կնվազի գույքի վարձակալության ոլորտում առկա ստվերը:

Օրենքի նախագծի ընդունման պարագայում կարգավորումներն ուժի մեջ կմտնեն 2025 թվականի հունվարի 1-ից:

Հարակից զեկույցով հանդես է եկել Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը: Նա տեղեկացրել է խորհրդարանականներին, որ հարցը քննարկվել է հանձնաժողովում ու ստացել դրական եզրակացություն:

 

 

 

 

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԴԱՎԱՃԱՆԵՑ ԱՐՑԱԽԻՆ

«Ռուսաստանը չի ապահովել խաղաղությունն ու անվտանգությունը Արցախի շուրջ»,- հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Շառլ Միշելը Euronews-ին տված հարցազրույցում։ Շառլ Միշելը սա անվանեց «դավաճանություն» հայ ժողովրդի նկատմամբ։

 

Եվրամիության խորհրդի նախագահը կարծում է, որ Ռուսաստանը դավաճանել է էթնիկ հայերին։ «Դաս պետք է քաղել Ադրբեջանի հետ հակամարտությունից, որը ռազմական գործողության ընթացքում Լեռնային Ղարաբաղը վերադարձրեց իր վերահսկողությանը», – նշել է նա։

«Իրավիճակը պարզ է. ոչ ոք չի կարող դա չտեսնել, որ Ռուսաստանը դավաճանել է հայ բնակչությանը։ Ռուսաստանը ցանկություն է հայտնել, որ իր զինվորները ներկա գտնվեն այնտեղ եւ երաշխավորեն կայունության եւ անվտանգության վերաբերյալ համաձայնագրերը։ Եվ մենք տեսնում ենք, որ այս ռազմական գործողությունը սկսվեց առանց ասպարեզում գտնվող Ռուսաստանի կողմից նվազագույն արձագանքի՝ ի տարբերություն Եվրամիության, որն այնտեղ ռազմական ներկայություն չունի, ինչպես գիտեք», -հավելեց նա։

Շառլ Միշելն ասել է, որ մտադիր է միջնորդություն առաջարկել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ այս շաբաթվա վերջին Իսպանիայի Գրանադա քաղաքում կայանալիք Փաշինյան-Ալիեւ հանդիպման ժամանակ։

Հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ. հարցին, թե ինչպես կարելի է վստահություն ստեղծել այս պայմաններում, Եվրախորհրդարանի նախագահը պատասխանել է. «Կարծում եմ, որ Ադրբեջանը մեծ պատասխանատվություն ունի այն պահից, երբ սկսեց ռազմական գործողությունը։ Այժմ Ադրբեջանը պետք է բարի կամք դրսեւորի եւ միջազգային հանրությանը ներգրավի իրավիճակի մոնիթորինգին, որպեսզի պաշտպանվեն Ադրբեջանում ապրող ողջ բնակչության, այդ թվում՝ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը»։

Բրյուսելի եւ Բաքվի հարաբերությունները մնում են բարդ, բայց խոստումնալից: Անցյալ տարի Եվրամիությունը շատ բան արեց Ադրբեջանից ավելի շատ բնական գազ ստանալու համար։

ՕՖԵԼՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՄԵԿ ՏԱՐՈՎ ՓԱԿ ԹՈՒՆԵԼ

Տավուշի մարզպետարանը հայտարարություն է  տարածել, որտեղ  նշված է, որ Մ-4, Երեւան-Սեւան-Իջեւան ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի՝ Սեւանի լեռնանցքի թունելի (Դիլիջանի թունել) հիմնանորոգման նախագծային աշխատանքներով պայմանավորված՝ ժամանակավորապես դադարեցվելու է ճանապարհային երթեւեկությունը Սեւանի լեռնանցքի թունելով սույն թվականի հոկտեմբերի 2-ից մինչեւ հոկտեմբերի 6-ը՝ ժամը 22:00-ից մինչեւ 06:00-ն: Պատճառվող անհարմարության համար  մարզպետարանը հայցել է  երթեւեկության մասնակիցների ներողամտությունը։ Հավաստի աղբյուրից տեղեկացանք, որ ընթացիկ տարվա դեկտեմբերի վերջից մեկ տարի ժամանակով Դիլիջան-Սեւան ավտոմոբիլային թունելը փակելու են, որպեսզի թունելի վերանորոգում, ամրացում կատարեն։ Երթեւեկը կկատարվի Սեմյոնովկա-Ծովագյուղ շրջանցիկ ճանապարհով, ինչը 30- 40 րոպե կերկարացնի երթեւեկի տեւողությունը։ Մասնագետները տարօրինակ են համարում վերանորոգումը ձմռան կեսին սկսելը, նրանք կանխատեսում են, որ հաճախ մերկասառույցով պատվող Դիլիջանի բարձրադիր ոլորաններում՝ Սեմյենովկա գյուղում, կլինեն մեծ թվով ավտովթարներ, ճանապարհի խցանումներ։

 

 

 

ԴԱՏԻ ԵՆ ՏՎԵԼ

Իջեւան համայնքը, ընդդեմ «Կոկ Սիստեմ» ՍՊԸ-ի, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան հայցադիմում է ներկայացրել նախկին վիճակի վերականգնման՝ ինքնակամ կառույցի քանդման եւ արդյունքում պատճառված վնասի հատուցման պահանջներով։ Դատավոր Նարինե Անանյանը հայցը դատարանի վարույթ է ընդունել, Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի նստավայրում այդ հայցով հերթական նիստը նշանակված է նոյեմբերի 16-ին։ «Կոկ Սիստեմ»  ՍՊԸ-ն պատկանում է գործարար, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի ընտանիքին։ 2020թ. մայիսի 10-ին Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի բնակիչները փակել էին միջպետական ճանապարհը՝ բողոքելով Ազգային ժողովի նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի ընտանիքին պատկանող «Կոկ Սիստեմ» ՍՊԸ-ի «Կոկ» փոքր ՀԷԿ-ի գործունեության դեմ.  այդ փոքր ՀԷԿ-ի գործունեւթյան հետեւանքով հեղեղվել էր «Հեքիաթ» հանգստյան գոտու տարածքը։ Հավանաբար, Իջեւանի համայնքապետարանի հայցն առնչվում է այդ փոքր ՀԷԿ-ի ջրահավաք ավազանի կառուցման ընթացքում ինքնակամ կառույցի շինարարությանը։ Այդ մասին Իջեւան համայնքի ղեկավար Արթուր  Ճաղարյանին տեղեկատվական հարցում ենք ուղարկել, դեռ պատասխան չի ստացվել։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս