Հուլիսի 23-ին ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության «Զվարթնոց» բաժնի աշխատակիցները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս Արեւմտյան մաքսատուն-վարչության ուղեւորների մաքսային հսկողության բաժնի աշխատակիցների հետ համատեղ բացահայտել էին թմրամիջոցների մաքսանենգության հերթական խոշոր դեպքը:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտի դարձավ, որ գործով կալանավորված է կին. վերջինս Լոռենա Գաբրիելլե Օտիմ Դի Պյվանին է: Գործով նախաքննության ավարտ է հայտարարվել, եւ այն ուղարկվել է դատարան:
Ինչպես հայտնել էր ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, օպերատիվ տեղեկություն է ստացվել այն մասին, որ, հնարավոր է, Սան-Պաուլո-Փարիզ-Երեւան ավիաչվերթով Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ժամանող ուղեւորներից մեկը Կոկաին տեսակի թմրամիջոց է տեղափոխում:
««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության «Զվարթնոց» օդանավակայանի ուղեւորային համալիրի մաքսային հսկողության գոտում անձնական մաքսային զննման է ենթարկվել Հայաստան ժամանած Բրազիլիայի քաղաքացի Լ.Պ.-ն։
Ունենալով կասկածներ, որ քաղաքացին, հնարավոր է, մարմնում թաքցնում է թմրամիջոցներ, վերջինս ենթարկվել է տեսազննության: Նրա մարմնում նկատվել են օտար մարմիններ, որոնք դուրս բերելու նպատակով ՀՀ ՊԵԿ Արեւմտյան մաքսատուն-վարչության եւ ՄԴՊ վարչության աշխատակիցների կողմից Բրազիլիայի քաղաքացին օդանավակայանից տեղափոխվել է բժշկական կենտրոն:
Բժշկական կենտրոնում իրականացված համակարգչային շերտագրման` սկանավորման արդյունքում պարզվել է, որ նրա հաստ աղիքի հատվածում առկա են գնդաձեւ օտար մարմիններ, որոնք վերջինիս մարմնից դուրս են բերվել բժշկական տարբեր միջամտությունների արդյունքում: Հայտնաբերվել է Կոկաին տեսակի թմրամիջոցին նմանվող 120 հատ օվալաձեւ պարկուճ, այդ զանգվածների ընդհանուր քաշը կազմել է 1216 գրամ։ Հայտնաբերված թմրամիջոցի շուկայական արժեքը գերազանցել է 300 հազար ԱՄՆ դոլարը։ Փաստի առթիվ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից կազմվել է մաքսանենգության դեպքի վերաբերյալ արձանագրություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի հատկանիշներով, եւ հայտնաբերված թմրամիջոցի զանգվածների հետ միասին տրամադրվել է Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Բրազիլիայի քաղաքացին ձերբակալվել է, այնուհետեւ` կալանավորվել։
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԽԱՂԱՄՈԼՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔԸ
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Աշտարակ քաղաքի՝ 1983 թվականին ծնված քաղաքացին փորձել է ինքնասպան լինել։
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նա երկհարկանի մահճակալի վերեւի ճաղավանդակից փորձել է կախվելով վերջ տալ իր կյանքին։
Սակայն տեղեկացանք, որ հարազատները նկատել են ու կանխել նրա գործողություները, շտապ տեղափոխել հիվանդանոց, որտեղ էլ բժիշկները վիճակը գնահատել են ծանր:
Դեպքից հետո իրավապաները հարցաքննել են հարազատներին, ու վերջինիս մտերիմներն ասել են, որ նա խաղամոլ է ու այդ ամենից դրդված էլ գնացել է այդ քայլին:
ԳՆԴԱԿԸ՝ ՎԵՐԱՔՆՆԻՉՈՒՄ
Հոկտեմբերի 2-ի տվյալներով՝ Երեւանում դեպտեմբերի 19-ից 25-ը տեղի ունեցած բողոքի ակցիաների արդյունքում նախաձեռնվել է 35 վարույթ, 57 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 48 անձի մեղադրանք է առաջադրվել, եւ 31 անձ կալանավորված է:
Եվ հիմա կալանավորվածների հարցը հասել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, եւ գնդակը, այսպես ասած, ՀՀ վերաքննիչ դատարանի դաշտում է: Ըստ լուրերի՝ համատարած ազատումներ են սպասվում:
Նկատենք, որ դատական համակարգում խոսակցություններ են եղել այն մասին, որ Առաջին ատյանի դատարանը բողոքի ակցիաների դեպքերով անցնող անձանց մեծ մասին 10, 15, 1 ամսյա կալանք է տվել, ու մինչեւ ՀՀ վերաքնիչ դատարանում քննեն ներկայացված բողոքները, արդեն այդ անձինք կհայտնվեն ազատության մեջ:
Ավելին՝ դատական համակարգում այն կարծիքին են, որ միգուցե իրավապահները դատարաններին ասել են՝ իրավիճակը մեղմելու համար տարեք կարճաժամկետ կալանքի, որ մայրաքաղաքում լարված մթնոլորտը հանդարտվի։
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԽՈՒՍԱՓԵԼ Է
Ավետիք Նավոյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, հանդիսանալով պայմանագրային զինծառայող, կոչումով սերժանտ, պարտավոր լինելով 2021թ.-ի փետրվարի 16-ին՝ ժամը 10։00-ին ներկայանալ ծառայության վայր՝ մասնակցելու մարտական հերթապահությանը նախորդող նախապատրաստական փուլին, 2020թ.-ի սեպտեմբերի 27-ին ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության ժամանակ, առանց հարգելի պատճառների, նշված ժամանակում չի ներկայացել ծառայության վայր, այլ միայն 2023թ.-ի փետրվարի 19-ին՝ ժամը 18։00-ի սահմաններում, ինքնակամ ներկայացել է Թիվ զորամաս՝ զինվորական ծառայությունից ժամանակավորապես խուսափելով 72 ժամից ավելի, բայց 240 ժամից ոչ ավելի տեւողությամբ։
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ
2023 թվականի հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։25-ի սահմաններում, հակառակորդը, ռասայական, ազգային, էթնիկ ծագումով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, դիպուկահար կրակոցներ է արձակել ՀՀ ՊՆ զորամասի պահպանության շրջանի՝ արեւելյան սահմանագոտու մարտական դիրքում թիկունքային ապահովում իրականացնող «ԿԱՄԱԶ 43114» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ։ Կրակոցների հետեւանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել նույն զորամասի զինծառայող Արման Տիգրանի Քոչարյանը, իսկ երկու զինծառայողներ ստացել են հրազենային վիրավորումներ եւ տեղափոխվել հոսպիտալ։ Կրակոցներից վնասվել է նաեւ «ԿԱՄԱԶ 43114» մակնիշի ավտոմեքենան. հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 15-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 15-րդ կետերով (երկու դրվագ) եւ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ կետերով, նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ավելի ուշ հաղորդում է ստացվել այն մասին, որ հակառակորդը կրակոցներ է արձակել նաեւ տուժածներին տարհանելու եւ բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով մարտական դիրք բարձրացող շտապօգնության՝ ՀՀ ՊՆ տվյալ զորամասի հաշվեկշռում գտնվող «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ։ Դրա հետեւանքով վնասվել են ավտոմեքենայի հետեւի եւ ձախ կողային ապակիները, սակայն ավտոմեքենայում գտնվող անձինք չեն տուժել։
Նշված դեպքի առթիվ եւս ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ եւ 15-րդ կետերի, ինչպես նաեւ 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ կետերի հատկանիշներով։
Ելնելով արդյունավետ քննություն իրականացնելու անհրաժեշտությունից՝ նշված երկու վարույթները միացվել են։ Կատարվում է նախաքննություն՝ կատարվածի հանգամանքները պարզելու, հակառակորդի գործողություններին վերջնական իրավական գնահատականներ տալու նպատակով։