Ի՞ՆՉ ՃԱԿԱՏԱԳԻՐ ԿՈՒՆԵՆԱ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վիեննայում օրեր առաջ տեղի է ունեցել ՄԱԳԱՏԷ-ի (Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության) ամենամյա 67-րդ նստաշրջանը։ Նստաշրջանի ընթացքում ադրբեջանական եւ թուրքական կողմի ներկայացուցիչները պահանջներ են ներկայացրել Հայաստանի ատոմակայանի տեխնիկական վիճակը վերանայելու վերաբերյալ։

 

Նրանք մասնավորապես նշել են. «Մեծամորի ԱԷԿ-ը կառուցված է բարձր սեյսմիկ գոտում հին տեխնոլոգիայիով եւ վտանգ է ներկայացնում տարածաշրջանի համար, ինչի առնչությամբ ադրբեջանական կողմը ՄԱԳԱՏԷ-ին խնդրում է առանձնակի ուշադրություն դարձնել դրա հետագա շահագործման նպատակահարմարությանը»։

Հիշեցնենք նաեւ՝ օրեր առաջ թուրքական լրատվամիջոցները հայտնում էին, որ քաղաքացինեը դիմել են Թուրքիայի խորհրդարան Մեծամորի ԱԷԿ-ի կողմից ստեղծվող ռիսկերի դեմ միջոցներ ձեռնարկելու խնդրանքով։

Հավելենք նաեւ, որ Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) նախկին գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսին 2022 թվականի հոկտեմբերի 5-ին Մեծամորի ատոմակայան այցի ժամանակ դրական է գնահատել Մեծամորի ատոմային էլեկտրակայանում կատարված անվտանգային բարեփոխումները։

Մասնավորապես, նշել է. «Հայաստանի տնտեսությունը հենված է Մեծամորի ատոմային էլեկտրակայանի վրա, եւ Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը շարունակելու է իր աջակցությունն առաջարկել՝ օգնելու ատոմակայանին ցածր ածխածնային էներգիան մատակարարել ապահով եւ անվտանգ կերպով։ Որախ եմ տեսնել Մեծամորում արված անվտանգային բարեփոխումները, տպավորված եմ դրա նվիրված անձնակազմի հանձնառությամբ»։

Ատոմակայանի բնականոն գործունեությունը կարող է խաթարվել ոչ միայն թուրքական եւ ադրբեջանական կողմի ճնշումների պատճառով, այլ նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի լարված հարաբերությունների պատճառով: Այս լարված իրավիճակում Ադրբեջանն ու Թուքիան փորձում են ճնշումներ գործադրել եւ Հայաստանի անկարող իշխանությունների միջոցով երկրում իրավիճակ փոխել։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

ԴՐԱՄՆ ԱՐԺԵԶՐԿՎՈՒՄ Է

Դրամը օր օրի արժեզրկվում է, փոխարենը եվրոն, ռուբլին ու դոլարը մեծ արժեքներով բարձրանում են: Արցախում ռազմական գործողությունների, տասնյակ հազարավոր արցախցիների բռնի տեղահանությանն ու Հայաստան տեղափոխվելուն զուգահեռ՝ վերջին օրերին եւ՛ դոլարը, եւ՛ եվրոն, եւ՛ ռուբլին, դրամի համեմատ, կտրուկ թանկացել են։ Սա հայաստանաբնակների շրջանում անհանգստության մեծ ալիք  է առաջացրել:

Վերջին տվյալներով՝ նախորդ մեկ շաբաթվա ընթացքում դրամն էժանացել է արդեն շուրջ 14 տոկոսով. սեպտեմբերի 19-ին՝ Արցախի դեմ Ադրբեջանի հարձակման օրը, բանկերը մեկ դոլարը վաճառում էին 387.5 դրամով, սեպտեմբերի 26-ին, երբ արցախցիների հոսքը Հայաստան սկսվել էր, փոխարժեքը մի փոքր էր ավելացել՝ հասնելով 390 դրամի։ Երեկ երեկոյան դոլարը վաճառում էին 445 դրամով։

Հայկական արժույթը զգալի արժեզրկվել է նաեւ եվրոյի համեմատ։ 5 օր առաջ 415 դրամով կարելի էր եվրո գնել, երեկոյան փոխարժեքն արդեն 470 դրամի հասավ։

«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Կենտրոնական բանկի հետ՝ հասկանալու, թե ինչի հետ է կապված այս երեւույթը, ինչու է դրամն արժեզրկվում, իսկ եվրոյի, ռուբլու ու դոլարի արժեքը բարձրանում է:

Կենտրոնական բանկից տեղեկացրին, որ Հայաստանի Հանրապետությունում գործում է արտարժույթի փոխարժեքի ազատ լողացող ռեժիմ, եւ, հետեւաբար, փոխարժեքի փոփոխությունները պայմանավորված են արտարժույթի շուկայում առաջարկի եւ պահանջարկի փոփոխություններով:

 

 

 

ԲԵՆԶԻՆԻ ԱՐԺԵՔԸ

Հայաստանում բենզինը եւ հեղուկ գազը շարունակում են ինտենսիվ կերպով թանկանալ, նախկին՝ 350 դրամով մեկ լիտր բենզին գտնելն այսօր արդեն երազանք է: Մասնավորապես՝ Ռեգուլյար տեսակի բենզինը դարձել է 550 դրամ,Պրեմիումը՝ 580 դրամ, Սուպերը՝ 750 դրամ: Դե իսկ հեղուկ գազը, նախկին 100 դրամի փոխարեն, այսօր արժի 180 դրամ: Շարունակաբար թանկացումների այս ֆոնին արժեզրկվում է դրամը, ու թանկանում են ռուբլին, եվրոն ու դոլարը: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել ՄՊՀ՝ հասկանալու, թե ինչի հետ են կապված այս աստիճան թանկացումները, սակայն մեր զանգերն ու հարցերն անպատասխան մնացին:

ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ԲՌՆԱԳԱՂԹԱԾՆԵՐԸ  ՎԵՐԱԲՆԱԿԵՑՎԵՑԻՆ

Հոկտեմբերի  2-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը  Արցախից բռնի տեղահանված անձանց Տավուշի մարզում կեցության պայմաններ ապահովելու եւ աջակցություն ցուցաբերելու խնդիրների վերաբերյալ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել։ Իջեւանի, Նոյեմբերյանի, Դիլիջանի, Բերդի համայնքապետարանները  զբաղված են այդ համայնքներում արցախցիների ընտանիքներին տեղավորելու, նրանց համար կեցության պայմաններ ստեղծելու հարցերով։ Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Ոսկեվան գյուղում տեղավորվել է 4 ընտանիք, Ջուջեւան գյուղում՝ նույնքան ընտանիք։ Ջուջեւանի միջնակարգ դպրոցի տնօրեն Վասիլ Չիլինգարյանը հայտնեց, որ արցախցի դպրոցականների շնորհիվ դպրոցի աշակերտների քանակն ավելացել է 13-ով։ Բերդ համայնքի բնակավայրերում տեղավորվել է 75 ընտանիք՝  225 հոգի։ Արցախցի ընտանիքներ կան, որոնք հայտնել են, որ իրենք Ստեփանակերտում են ապրել, չեն կարող բնակվել Բերդ համայնքի գուղերում, եւ մեկնել են Երեւան: Նմանապես Արցախից բռնագաղթած մի  ընտանիք է եղել Իջեւան համայնքի Սեւքար գյուղում եւ չհավանելով գյուղի անբարեկագ փողոցները, կենցաղի պայմանները՝ հեռացել է Սեւքարից։

 

 

 

ԴԱՏ՝ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲԻ ԴԵՄ

«Յուքոմ»  ՓԲԸ-ն, ընդդեմ  ֆուտբոլային ակումբ «Ուրարատու» ՍՊԸ-ի, գումարի բռանագանձման  պահանջով քաղաքացիական հայց է ներկայացրել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան: Այդ ֆուտբոլային ակումբը գրանցված է Տավուշի մարզի Սեւքար գյուղի 27-րդ փողոցի 11-րդ հողամասում։ Հայցադիմումը վարույթ է ընդունվել դատարանի 2023թ. հուլիսի 11-ի որոշմամբ։ Նույն որոշմամբ դատարանը որոշել է  գործը քննել պարզեցված վարույթի կարգով, մերժել է հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը։ Օգոստոսի 30-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Նոյեմբերյան քաղաքի նստավայրում կայացած դատական նիստում դատավոր Նարինե Անանյանը հայտնել է, որ դատարանին պարզ չէ, թե բաժանորդ ֆուտբոլային ակումբը որ ամսվա համար որքան գումար վճարելու պարտականությունը չի կատարել, որի արդյունքում պարտքը կազմել է 51 հազար 500 ՀՀ դրամ,  ընդ որում՝ անգամ հայցադիմումին կից ներկայացված «Հաշվից քաղվածքը»-ը չի պարունակում նշված տեղեկատվությունը: Դատարանը հայցվորի ուշադրությունն է հրավիրել  այն հանգամանքին, որ հայցադիմումին կից դատարան է ներկայացվել էլեկտրոնային հաղորդակացության ծառայությունների մատուցման պայմանագրի պատճենը պատասխանող ֆուտբոլային ակումբ «Ուրարատու» ՍՊԸ-ի կողմից անստորագիր տարբերակով։ Այս հարցերի վերաբերյալ հայցվորից պարզաբանումներ ստանալու նպատակով  դատավոր Ն. Անայանը որոշել է սեպտեմբերի 29-ին դատական նիստ նշանակել, որը կայացել է։ Քաղաքացիական գործի քննության արդյունքում  կայացվելիք եզրափակիչ դատական ակտը կհրապարակվի հոկտեմբերի 9-ին։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս