ՊԵՏԲՅՈՒՋԵՈՒՄ ՇԵՂՈՒՄՆԵՐ՝ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ «ԼՈՒՅՍ» հիմնադրամը, ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից, վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2023թ. հունվար-օգոստոս ամիսներին։

 

Տնտեսական ակտիվության աճի տեմպը որոշակիորեն արագացել է 2023թ. օգոստոսին՝ պայմանավորված ծառայությունների եւ առեւտրի ոլորտների զարգացումներով։ 2023թ. առաջին ամիսներին գրանցված տնտեսական աճի բարձր տեմպը պայմանավորված էր նախորդ տարվա սկզբին ռուս-ուկրաինական հակամարտության սրման հետեւանքով ՀՀ տնտեսության համար առաջացած դրական գործոններով, որոնց ազդեցության չափը աստիճանաբար նվազում է: Օգոստոսին արձանագրվել է ՏԱՑ-ի տեմպի արագացում, ինչը կարող է մի կողմից պայմանավորված լինել տուրիզմի աճի հետեւանքով ծառայությունների եւ առեւտրի աճով, կամ կարող է լինել միանգամյա գործոնների հետեւանք: Այդ մասին հնարավոր կլինի առավել հստակ դատողություն անել հաջորդ ամիս՝ սոցիալ-տնտեսական վիճակագրության հրապարակումից հետո:

Գնաճի տեմպը շարունակել է մնալ բացասական տիրույթում: Երկար ժամանակահատված բարձր գնաճից հետո՝ հունիս-օգոստոս ամիսներին, գրանցվել է գնանկում, որը, բնականաբար, էապես ցածր է ԿԲ թիրախից: Իրավիճակին արձագանքելով՝ ՀՀ ԿԲ-ն արդեն ընդհանուր առմամբ 1.0 տոկոսային կետով նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ինչը պետք է նպաստի տնտեսությունում ամբողջական պահանջարկի խթանմանը եւ գնաճի՝ դեպի թիրախին վերադարձին:

Արտահանման աճի տեմպը զգալիորեն դանդաղել է վերջին ամիսներին, ինչը կարող է պայմանավորված լինել ՀՀ ապրանքների գնային մրցունակության նվազմամբ: 2023թ. օգոստոսին արտահանման աճը կազմել է 6.1%, ինչն էականորեն ցածր է հուլիսի աճից: Հունվար-օգոստոս ամիսների աճի տեմպը նույնպես դանդաղել է՝ կազմելով 51.8% եւ հունվար-հուլիսի աճից ցածր լինելով 10.9 տոկոսային կետով: Կարեւոր է նշել նաեւ, որ աճի տեմպի դանդաղման գործում էական դեր ունի նաեւ «պատրաստի սննդի արտադրանք» ապրանքախմբի արտահանման աճի տեմպի դանդաղումը (հունվար-հունիսի 17.7%-ից հունվար- հուլիսին դարձել է 13.0%), որի նպաստումը նվազել է 1.0 տոկոսային կետ:

Պետական բյուջեի կատարումը շարունակում է շեղված մնալ պլանավորվածից: Պետական բյուջեի պակասուրդը էապես շեղված է պլանավորված մակարդակից: Մասնավորապես, պլանավորված պակասուրդի փոխարեն, արձանագրվում է էական բարձր հավելուրդ: Կապիտալ ծախսերի՝ տնտեսության ներուժի եւ երկարաժամկետ աճի տեսանկյունից կարեւորության մասին բազմիցս խոսվել է, սակայն դրանց կատարողականի խնդիրը շարունակում է արդիական մնալ:

 

 

 

ԳՈՒՄԱՐ՝ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻՆ

Լեռնային Ղարաբաղից Հայաստան բռնի տեղահանված անչափահասներին 100-հազարական դրամ տրամադրելու համար անհրաժեշտ է համապատասխան հարթակներում մուտքագրել նրանց տվյալները:

«Ժողովուրդ» օրաթերթի հաղորդմամբ՝ այս մասին հոկտեմբերի 4-ին՝ «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսին, հայտնեց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

«Երեկ երեկոյան ՀՀ կառավարությունը գրավոր ընթացակարգով հաստատել է  100 հազարական դրամների միանվագ տրամադրման որոշումը եւ հատկացման կարգը: Այն բոլոր ընտանիքներում, որտեղ կան անչափահաս երեխաներ, անհրաժեշտություն կա մուտք գործել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության  հատուկ հարթակ, որտեղ երեխայի մայրը կամ  խնամակալը պետք է լրացնեն երեխայի  ծննդյան վկայականի տվյալները, որպեսզի  այդ տվյալները կապվեն մոր կամ խնամակալի տվյալներին: Այդ դեպքում գումարը կփոխանցվի մոր կամ խնամակալի բանկային հաշվին»,-ասաց Բաղդասարյանը:

Նա հիշեցրեց՝ այն մարդիկ, որոնք առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամության կարգ ունեն կամ 75 տարեկանից ավելի բարձր են, նրանց գումարների հատկացումը  կլինի «Հայփոստ»-ի միջոցով:

«Անհրաժեշտ է ժամ առաջ գնալ որեւէ առեւտրային բանկ եւ բացել քարտային բանկային հաշիվ: Հաշիվների բացումն անվճար է: Դրանից հետո որեւէ այլ գործառույթ իրականացնել պետք չէ, որովհետեւ այդ տվյալները Հայաստանի կենտրոնական բանկի կողմից  փոխանցվում են միասնական սոցիալական ծառայություն,  եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, ամփոփելով այդ տվյալները, գումարների  փոխանցումը կիրականացնի»,- նշեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

Ավելի վաղ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները հոկտեմբերի 3-ից կարող են դիմել միանվագ 100-հազարական դրամ ստանալու համար:

Հավելենք, որ հոկտեմբերի 4-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտնեց, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100 632 անձ է ժամանել Հայաստան։

«Տեղահանված անձանց թիվն ավելացել է 7-ով»,-ասաց նա։

Բաղդասարյանի խոսքով` հաշվառվածների թիվը եւս ավելացել է եւ դարձել 96 940` ընդհանուր թվի գրեթե 97 տոկոսը։

Ինչ վերաբերում է ՀՀ բուժկենտրոններում բուժում ստացող անձանց, ապա այս պահի դրությամբ նրանց թիվը 324 է։ 114-ի վիճակը ծանր է, 15-ինը` ծայրահեղ ծանր։ Վերակենդանացման բաժանմունքներում շարունակում են բուժում ստանալ 8 երեխաներ։

 

 

 

097 ԿՈԴԸ ԿՍՊԱՍԱՐԿԻ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը բավարարեց «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ի հայտը շարժական կապի տարածաշրջանային 097 կոդով «Ղարաբաղ տելեկոմի» առկա հեռախոսահամարների սպասարկումը Team Telecom Armenia-ին տրամադրելու մասին։ Այսպիսով, «Ղարաբաղ Տելեկոմի» բոլոր բաժանորդները կկարողանան օգտվել շարժական կապի բոլոր ծառայություններից` պահպանելով իրենց հեռախոսահամարները։

«Հաշվի առնելով Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար կապ ունենալու կենսական անհրաժեշտությունը` մենք, «Ղարաբաղ Տելեկոմի» մեր գործընկերների հետ համագործակցելով, տեղահանության հենց սկզբից կարողացել ենք տրամադրել անվճար ինտերնետ եւ հեռախոսակապ: Այս ամբողջ ընթացքում նրանք միայն ցանցի փոփոխությամբ կարողացել են ստանալ լիարժեք կապ։ Այս որոշումը շատ կարեւոր քայլ է անվտանգային տեսանկյունից. այսպես մեր հայրենակիցները կշարունակեն կառավարել իրենց բանկային հաշիվները, սոցիալական ցանցերի էջերը, մեսենջերները եւ մյուս` տվյալների բազա պարունակող հավելվածները՝ զերծ մնալով տարատեսակ թվային հարձակումներից»,- նշում է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Տեղեկացնում ենք, որ արցախցիների համար հատուկ մշակված սակագնային փաթեթներից օգտվելու կամ առաջացած տեխնիկական խնդիրների դեպքում (SIM քարտերի արդիականացում եւ այլն) պետք է մոտենալ Team-ի ցանկացած մասնաճյուղ։

Team Telecom Armenia-ն ՀՀ տարածքում տրամադրում է ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային եւ ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ 2021 թվականից ընկերությունը սկսել է տարածաշրջանում եզակի՝ 25 Գբ/վ արագությամբ 25G-PON տեխնոլոգիայով NGN (Next Generation Network) ցանցի կառուցումը: Առաջիկայում այս ցանցին կմիացվեն Հայաստանի ողջ տարածքում գործող բջջային կայանները, ինչի շնորհիվ զգալիորեն կբարելավվի նաեւ շարժական կապի որակը։

 




Լրահոս