ՀՌՈՄԻ ՍՏԱՏՈՒՏԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտ միջազգային պայմանագիր, որով հիմնվել է Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ)։ Ընդունվել է Հռոմում 1988 թվականի հուլիսի 17-ին կայացած դիվանագիտական կոնֆերանսում եւ ուժի մեջ է մտել 2002 թվականի հուլիսի 1-ից:

 

Ձեւավորման Պատմությունը

1990-ական թվականներին գործած միջազգային տրիբունալները (նախկին Հարավսլավիայի գործով միջազգային քրեական տրիբունալը եւ Ռուանդայի գործով միջազգային քրեական տրիբունալը) միջազգային հանրությանը ցույց տվեցին, որ ցեղասպանությանը, ռազմական հանցագործություններին եւ մարդկության դեմ ուղղված հանցագործություններին առնչվող գործերի որոշման համար անհրաժեշտ է ստեղծել անկախ եւ մշտական դատարան։

1998 թվականի հունիսին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան կոնֆերանս հրավիրեց՝ «միջազգային քրեական դատարան ստեղծելու նպատակով կոնվենցիայի ավարտման եւ ընդունման համար»։

1998 թվականի հուլիսի 17-ին Հռոմի ստատուտն ընդունվեց քվեարկության միջոցով, որի ընթացքում 120 պետություն քվեարկեց «կողմ», 7-ը՝ «դեմ» (ԱՄՆ, Չինաստան, Իրաք, Յեմեն, Կատար, Լիբիա եւ Իսրայել) եւ 21 պետություն ձեռնպահ մնաց։

ՄՔԴ-ի Կանոնադրության՝ ուժի մեջ մտնելու համար պայման էր հանդիսանում Կանոնադրության վավերացումը ոչ պակաս, քան 60 պետության կողմից։ Այդ «խոչընդոտը»  հաղթահարվեց   2002 թվականի ապրիլի 11-ին։ Համաձայնագիրն ուժի մեջ մտավ 2002 թվականի հուլիսի 1-ին։

Դատարանի իրավասություն

Հռոմի ստատուտի 5-րդ հոդվածի համաձայն՝ Միջազգային քրեական դատարանի իրավասությունը  պետք է սահմանափակված լինի ամբողջ միջազգային հանրությանը մտահոգող ամենածանր հանցագործություններով։ Դատարանը իրավասություն ունի հետեւյալ հանցանքների նկատմամբ՝ ցեղասպանություն, մարդկության դեմ հանցագործություններ, պատերազմական հանցագործություններ, ագրեսիա:

Դատարանի իրավասությունը

ժամանակի մեջ

Հռոմի ստատուտի 11-րդ հոդվածի համաձայն՝ Դատարանը իրավասություն ունի միայն այն հանցանքների նկատմամբ, որոնք կատարվել են ստատուտի՝ ուժի մեջ մտնելուց հետո, այսինքն՝ 2002 թվականի հուլիսի 1-ից հետո։ Եթե պետությունը դառնում է ստատուտի կողմ դրա՝ ուժի մեջ մտնելուց հետո, ապա Դատարանը իր իրավասությունը կարող է տարածել այդ պետության համար ստատուտի՝ ուժի մեջ մտնելուց հետո կատարված հանցանքների նկատմամբ: Ընդհանուր առմամբ, Հռոմի ստատուտը ստորագրել են 139 պետություններ, բայց համաձայնագիրը վավերացրել են ոչ բոլորը։

Հայաստանը  ստորագրել է Հռոմի ստատուտը 1999 թվականի հոկտեմբերի 1-ին: Հայաստանի Սահմանադրական դատարանը համաձայնագիրը մասնակիորեն հակասահմանադրական էր ճանաչել։

2023 թվականի մարտի 28-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը հրապարակել է նաեւ նոր որոշման տեքստ՝ անդրադառնալով նաեւ 2004 թվականի որոշմանը։ 2023 թվականի հոկտեմբերի 3-ին Հայաստանի ազգային ժողովը  վավերացրեց Հռոմի ստատուտը 60 կողմ եւ 22 դեմ ձայներով։

Պայմանագիրը ստորագրած

տարածաշրջանի պետություններ

Ընդհանուր առմամբ, Հռոմի ստատուտը ստորագրել են 139 պետություններ, բայց համաձայնագիրը վավերացրել են ոչ բոլորը։ 2019 թ. նոյեմբերի դրությամբ ստատուտի մասնակից են 123 պետություններ։

2023 թվականի սեպտեմբերի 13-ին՝ ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը վավերացնելու է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը ամբողջությամբ:

Ռուսաստանը ստորագրել է Հռոմի ստատուտը, բայց չի վավերացրել այն։ 2016 թվականին, սակայն, երկիրը որոշել է չեղարկել իր ստորագրությունը այն բանից հետո, երբ Միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի՝ Ղրիմում իրականացրած գործողությունները որակել է «օկուպացիա»։

2023 թվականի մարտի 17-ին դատարանը կայացրեց Ռուսաստանի եւ դրա նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ եւս մեկ որոշում՝ կարգադրելով ձերբակալել Պուտինին՝ ուկրաինացի երեխաների բռնի տեղահանման հիմքով։

Իրանը ստորագրել է Հռոմի ստատուտը 1999 թվականի հոկտեմբերի 1-ին, սակայն մինչեւ այժմ չի վավերացրել այս համաձայնագիրը:

Թուրքիան ու Ադրբեջանը չեն ստորագրել Հռոմի ստատուտը:

Վրաստանը ստորագրել է Հռոմի ստատուտը 1998 թվականի հուլիսի 18-ին, իսկ վավերացրել է 2003 թվականի սեպտեմբերի 5-ին՝ Էդուարդ Շեւարդնաձեի  կառավարման օրերին։ Կանոնադրությունը սահմանում է դատարանի գործառույթները, իրավազորությունը եւ կառուցվածքը։

ՕՖԵԼՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՀԱՃԱԽՈՒՄ ԵՆ ԴՊՐՈՑ

ԼՂ-ից բռնի տեղահանված 6104 երեխա արդեն իսկ հաճախում է դպրոց:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ներկայացմամբ՝ 6104 երեխա արդեն իսկ հաճախում է դպրոց: Տեղաբաշխվածությունն ըստ մարզերի հետեւյալն է՝ Արագածոտնում՝ 306, Արարատում՝ 943, Արմավիրում՝ 467, Գեղարքունիքում՝ 294, Լոռիում՝ 315, Կոտայքում՝ 1033, Շիրակում՝ 216, Սյունիքում՝ 216, Վայոց ձորում՝ 108, Տավուշում՝ 158, Երեւանում՝ 2048: Նրա խոսքով՝ առաջիկա օրերին աշակերտների թիվը կավելանա, եւ կապահովվի ՀՀ-ում գտնվող բոլոր դպրոցահասակ երեխաների կրթության շարունակականությունը: Ըստ նախարարի՝ երեխաները հընթացս ապահովվում են նաեւ գրենական պիտույքներով, կարգավորվում է դասագրքերի հարցը: ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին դասագրքերը տրամադրվում են անվճար դպրոցների կողմից:

 

 

 

ՇԻՆՈՒԹՅՈՒՆ Է ՔԱՆԴՎՈՒՄ

Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը տեղեկացնում է, որ Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասում քանդվում է ապօրինի 21 շինություն։

«Երեւանի քաղաքապետի համապատասխան որոշումներով՝ Աջափնյակ վարչական շրջանի, Սիլիկյան թաղամասի 9-րդ փողոցի եւ գերեզմանին հարակից տարածքում քանդվում են առանց հողօգտագործման իրավունքի եւ առանց համապատասխան թույլտվությունների թվով 21 շինություն: Նշված բոլոր շինություններն ապօրինի են եւ կառուցվել են վերջին ամսիների ընթացքում համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա»,- այս մասին ասվում է Հայկ Կոստանյանի ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ։

 

 

 

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿԱԼԱՆԱՎՈՐԵՑ

Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի եւ Դավիթ Իշխանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Ինչպես հայտնում է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը, նրանք հարցաքննվել են։

Երեք գործիչներն էլ կալանավորվել են 4 ամսով։

 

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ՝ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Երեւանի ավագանին երեկ՝ հոկտեմբերի 5-ին, արտահերթ նիստ էր հրավիրել:

Նիստի ժամանակ ընդունվել է նոր որոշում, որով հոկտեմբերի 10-ին կայանալիք նորընտիր ավագանու նիստի անցկացման հետ կապված մի քանի հստակեցումներ են արվել:

Փաստացի, սա առաջին դեպքն է, երբ քաղաքապետ պետք է ընտրի ոչ թե հանրությունը, այլ ավագանին:

Ինչպես փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը երեկվա  նիստում նշեց, ուսումնասիրելով կանոնակարգը՝ պարզ է դառնում, որ մանրամասն կանոնակարգումը, թե ինչպես պետք է նիստը անցկացվի, բացակայում է։ Բացի այդ, օրենքում կա մի դրվագ, երբ նշված է՝ քվեարկությունը պետք է անցկացվի քվեաթերթիկներով, բայց կոնկրետ թե ինչպես այն պետք է ապահովվի, նշված չէ։

Կանոնակարգի փոփոխություններն ուղղված են հենց այս գործընթացը կանոնակարգելուն:

Այսպիսով, Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ երբ ընտրական ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը հրաժարվում է, կամ ավագանու ընտրությունների արդյունքով որեւէ կուսակցություն (կուսակցությունների դաշինք) չի ստանում ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա համայնքի ղեկավարն ընտրվում է բաց քվեարկության միջոցով:

Ավագանու այսօրվա նիստում կատարված փոփոխությունները ենթադրում են, որ, օրինակ, հոկտեմբերի 10-ին յուրաքանչյուր քվերաթերթիկի վրա պետք է գրվի նաեւ ավագանու անդամի անունը:

Քվերակության արդյունքներից հետո արդեն քաղաքապետարանում կհրապարակվեն վերջնական արդյունքները, թե ավագանու որ անդամը որ թեկնածուի օգտին է քվեարկել:

Հիշեցնենք, որ «Ազգային առաջընթաց» կուսակցությունը եւ «Մայր Հայաստան» դաշինքը հայտարարել են, որ չեն ներկայանալու նիստին, որպեսզի քվորում չապահովեն: «Հանրային ձայն» կուսակցությունը թեեւ վերջնական որոշում չի հայտնել, բայց կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը հայտարարել է, որ նոր արտահերթ ընտրություններ թույլ տալ չի կարելի:

Ստացվում է, որ եթե «Հանրային ձայն» կուսակցությունից մասնակցություն լինի նիստին, եւ քվորում ապահովվի, ապա նիստը կկայանա, եւ Տիգրան Ավինյանը, ամենայն հավանականությամբ, կընտրվի Երեւանի քաղաքապետ։

ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ




Լրահոս