«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Լիպարիտ Վարպետյանը, զբաղեցնելով Երեւան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի պետի պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնի անունից իրավունք, պարտականություն եւ պատասխանատվություն առաջացնող գործառույթներ իրականացնող, բաժնի աշխատանքները համակարգելու եւ ղեկավարելու, ինչպես նաեւ համապատասխան հիմնախնդիրների լուծմանն ուղղված որոշումներ կայացնելու լիազորություններ ունեցող պաշտոնատար անձ, նույն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի գլխավոր մասնագետ՝ նույն հիմքով պաշտոնատար անձ հանդիսացող Վահան Բեսալյանի հետ նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում, իրենց ծառայողական լիազորությունները եւ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, տարբեր քաղաքացիների կամ նրանց մատնանշած անձանց օգտին գործողություններ կատարելու համար տարբեր անձանցից պահանջել եւ ստացել են կաշառք։
Վահան Արշալույսի Բեսալյանը, զբաղեցնելով Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնի անունից իրավունք, պարտականություն եւ պատասխանատվություն առաջացնող գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, ունենալով տվյալ բաժնի հիմնախնդիրների լուծմանը, որոշումների ընդունմանը եւ հանձնարարականների կատարմանը մասնակցելու լիազորություններ, նույն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի պետ՝ նույն հիմքով պաշտոնատար անձ հանդիսացող, բաժնի աշխատանքները համակարգելու եւ ղեկավարելու, ինչպես նաեւ համապատասխան հիմնախնդիրների լուծմանն ուղղված որոշումներ կայացնելու լիազորություններ ունեցող Լիպարիտ Վարպետյանի հետ նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում, իրենց ծառայողական լիազորությունները եւ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, տարբեր քաղաքացիների, ինչպես նաեւ նրանց մատնանշած անձանց օգտին գործողութուններ կատարելու, ինչպես նաեւ թողտվության եւ հովանավորչության դիմաց 2023 թվականի տարբեր ժամանակահատվածում վերջիններիս կողմից, ինչպես նաեւ նրանց մատնանշած անձանց օգտին շինարարական աշխատանքների անխոչընդոտ իրականացման համար գործողություներ կատարելու կամ գործողություններ կատարելուց զերծ մնալու դիմաց պահանջել, իսկ որոշ դեպքերում ստացել են տարբեր չափերով կաշառք:
Արթուր Աբրահամյանը, Երեւան քաղաքի բնակիչ, իր բարեկամ Հրաչիկ Սամսոնյանի կողմից լիազորված լինելով վերջինիս անունից Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմ դիմումներ ներկայացնելու եւ այնտեղից պատասխաններ ստանալու իրավունքով, Հրաչիկ Սամսոնյանի կողմից Սիլիկյան թաղամաս, 7-րդ փողոց, հ. 58/1 հասցեում կառուցվող բնակելի տան եւ պարսպի նախագծային փաստաթղթերը համաձայնեցնելու եւ շինարարության թույտվություն ստանալու համար դիմում է ներկայացնել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին, ինչի կապակցությամբ դիմել է պաշտոնատար անձ հանդիսացող՝ Երեւան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի գլխավոր մասնագետ Վահան Բեսալյանին, որը, իր գործողությունները նախապես համաձայնեցնելով Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի պետ Լիպարիտ Վարպետյանի հետ, 2023 թվականին՝ դեռեւս չպարզված օրը, Արթուր Աբրահամյանից վերջինիս մատնանշած անձի՝ Հրաչիկ Սամսոնյանի օգտին գործողություններ կատարելու, այն է՝ վերջինիս կողմից կառուցվող բնակելի տան եւ պարսպի շինարարական աշխատանքների ճարտապետահատակագծային առաջադրանքը եւ շինարարություն թույլտվությունը տրամադրելու համար, պահանջել եւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Արթուր Աբրահամյանից մաս-մաս ստացել է ընդհանուր 250.000 ՀՀ դրամ կաշառք, որից 130.000 ՀՀ դրամը ստացել է դեռեւս չպարզված օրը, 40.000 ՀՀ դրամը՝ 2023 թվականի մայիսի 15-ին, իսկ մնացած 80.000 ՀՀ դրամը ստացել է 2023 թվականի հունիսի 12-ին:
Գեղամ Տոնոյանը Երեւան քաղաքի Սիլիկյան թաղամասի 5-րդ փողոց 24/2-րդ տան աստիճանների քանդման եւ փոխարինման գործընթացը ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ N 596-Ն որոշմամբ սահմանված պահանջների խախտմամբ, այն է՝ առանց համապատասխան փաստաթղթերի իրականացնելու եւ տվյալ գործընթացի իրականացման ընթացքում խախտումները քողարկելու նպատակով նշված հարցը քննարկել է պաշտոնատար անձ հանդիսացող՝ Երեւան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի գլխավոր մասնագետ Վահան Բեսալյանի հետ, որը Գեղամ Տոնոյանի կողմից վերը նշված ապօրինի շինարարությունը չարձանագրելու թողտվության եւ ապօրինի անգործության համար վերջինիցս 2023 թվականի մարտի 25-ին պահանջել է 500.000 ՀՀ դրամ կաշառք, իսկ Գեղամ Տոնոյանը, համաձայնելով առաջարկին, իր օգտին պաշտոնատար անձի կողմից թողտվության եւ ապօրինի անգործության համար Վահան Բեսալյանին խոստացել է տալ 500.000 ՀՀ դրամ կաշառք:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՀՐԱՀԱՆԳԵԼ Է ՀԱՓՇՏԱԿԵԼ
«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 4-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել 1992-2018 թվականներին Պաշտպանության նախարարությունում եւ Ոստիկանությունում մի շարք, այդ թվում՝ Արաբկիրի եւ Կենտրոնականի զինվորական կոմիսարի, ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետի պաշտոնները զբաղեցրած Վ.Մ.-ի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով գումարներ յուրացնելու եւ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար:
Մասնավորապես, Վ.Մ.-ն 2015 թվականի ապրիլի 13-ին՝ Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետի պաշտոնում նշանակվելուց հետո, նույն վարչության Արմավիրի պահպանության բաժանմունքի պետի պաշտոնը զբաղեցրած Խ.Ա.-ին հրահանգել է հափշտակել նրան վստահված պետական միջոցներից եւ որպես մասնաբաժին՝ յուրաքանչյուր ամիս իրեն տալ 1000 ԱՄՆ դոլար՝ երաշխավորելով, որ հափշտակությունը չի բացահայտվի: Արդյունքում Վ.Մ.-ն նշված ժամանակահատվածում կազմակերպել է Խ.Ա.-ին վստահված պետական միջոց հանդիսացող 13 մլն 935 հազար 200 դրամի յուրացումը, որից 8 մլն 239 հազար 390 դրամին համարժեք 17 հազար ԱՄՆ դոլարը՝ որպես հափշտակված գումարի մասնաբաժին, տրվել է Վ.Մ.-ին:
Վ.Մ.-ն, 1992 թվականից մինչեւ 2018 թվականը Պաշտպանության նախարարությունում եւ Ոստիկանությունում զբաղեցնելով մի շարք պաշտոններ, ստացել է մոտ 821 հազար 128 ռուբլի եւ 39 մլն դրամ աշխատավարձ, սակայն նույն ժամանակահատվածում ձեռք է բերել եւ օտարել անշարժ ու շարժական գույքեր, ՀՀ-ում գործող բանկերում կատարել է ապօրինի ստացված կանխիկ գումարների տարբեր չափերով մուտքագրում, ձեւակերպել ավանդներ, փոխանցումներ է կատարել, որոնք ընդհանուր արժեքով էականորեն գերազանցել են նրա օրինական եկամուտները։
Վ.Մ.-ն ձեռնարկատիրական գործունեությանը մասնակցելու, պետական գույքի յուրացմանը հանցակցելու եւ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտների հանցավոր ծագումը թաքցնելու եւ խեղաթյուրելու նպատակով օրինականացրել է 1 մլրդ 418 մլն 60 հազար 977 դրամ:
ՀՕԳՈՒՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ
Երեկ՝ հոկտեմբերի 5-ին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է մեկ վճիռ եւ երեք որոշում՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության:
Մասնավորապես, «Գուրբանովը՝ ընդդեմ Հայաստանի» գործով, որը վերաբերում էր դիմումատուի որդու (Ադրբեջանական զինված ուժերի հատուկ ստորաբաժանման զինծառայող) դիակը ՀՀ կողմից Ադրբեջանին վերադարձնելու ենթադրյալ ձգձգումներին, ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ ՀՀ կողմից թույլ չի տրվել կոնվենցիայի 8-րդ (անձնական եւ ընտանեկան կյանքը հարգելու իրավունք) եւ 14-րդ (խտրականության արգելք) հոդվածների խախտում, իսկ 3-րդ (խոշտանգման արգելք) հոդվածի ներքո ներկայացված դիմումատուի պահանջը ՄԻԵԴ-ը ճանաչել է անընդունելի:
«Ասգարովան եւ Վեսելովան՝ ընդդեմ Հայաստանի» գործով, որը վերաբերում էր ադրբեջանցի դիվերսանտներ Գուլիեւի եւ Ասգարովի կոնվենցիոն իրավունքների ենթադրյալ խախտումներին, գանգատն ամբողջությամբ ճանաչվել է անընդունելի: Այս գործով ՄԻԵԴ-ը գտել է, որ դիմումատուների ամուսինները՝ Ասգարովը եւ Գուլիեւը, որոնք դատապարտվել էին Լեռնային Ղարաբաղում, չեն գտնվել այնպիսի բացարձակ մեկուսացման մեջ, որը զրկեր նրանց իրենց հարազատների հետ շփումից: Նրանց նկատմամբ ցուցաբերվել է նույնպիսի վերաբերմունք, ինչպես մնացած դատապարտյալների նկատմամբ: Ավելին՝ նրանք զրկված չեն եղել ՄԻԵԴ դիմելու համար իրենց հարազատներին կամ որեւէ իրավապաշտպանի լիազորագիր ներկայացնելու հնարավորությունից:
«Ալիեւը՝ ընդդեմ Հայաստանի» եւ «Ալլահվերդիեւը՝ ընդդեմ Հայաստանի» գործերով, որոնք վերաբերում էին 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում դիմումատուների կոնվենցիոն մի շարք իրավունքների, այդ թվում՝ սեփականության իրավունքի ենթադրյալ խախտումներին, ՄԻԵԴ-ը գանգատները ճանաչել է անընդունելի՝ պատերազմական ակտիվ գործողությունների ընթացքում տեղի ունեցած վերը նշված ենթադրյալ խախտումների նկատմամբ իր իրավազորության բացակայության հիմքով: Նույն հիմնավորմամբ անընդունելի են ճանաչվել նաեւ «Հակոբյանը՝ ընդդեմ Ադրբեջանի» եւ «Օհանյանը՝ ընդդեմ Ադրբեջանի» գործերը: