Ո՞ՐՆ Է ԹԱՆԿԱՑՄԱՆ ՊԱՏՃԱՌԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը երեկ գրել էր, որ Հայաստանում բենզինը եւ հեղուկ գազը շարունակում են ինտենսիվ կերպով թանկանալ. նախկին 350 դրամով մեկ լիտր բենզին գտնելն այսօր արդեն երազանք է: Մասնավորապես, Ռեգուլյար տեսակի բենզիները դարձել է 550 դրամ, Պրեմիումը՝ 580 դրամ, Սուպերը՝ 750 դրամ:

 

Դե իսկ հեղուկ գազը, նախկին 100 դրամի փոխարեն, այսօր արժե 180 դրամ:

Շարունակաբար թանկացումների այս ֆոնին արժեզրկվում է դրամն ու թանկանում ռուբլին, եվրոն ու դոլարը: Իսկ ինչպե՞ս պետք է վճարի միջին վիճակագրական քաղաքացին:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձել էր  կապ հաստատել Մրցակցության պաշտպանության հանձնաժողով՝ հասկանալու համար, թե ինչի հետ են կապված այս աստիճան թանկացումները, սակայն մեր զանգերն ու հարցերը մնացել էին անպատասխան։

Ավելի ուշ արդեն ՄՊՀ-ն հանդես է գալիս հրապարակային հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է.

«Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում բենզինի շուկայում տեղի ունեցող գնային տատանումները։ Նշենք, որ բենզինի գնագոյացումը պայմանավորված է մի շարք հանգամանքներով, մասնավորապես՝ միջազգային շուկաներում տեղի ունեցող բենզինի գների փոփոխություններով, արտարժույթի տատանումներով, ինչպես նաեւ տեղափոխման ծախսերով եւ այլն։ Հանձնաժողովի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 2023 թվականի հունվարին 1 լիտր Ռեգուլյար տեսակի բենզինի ներմուծման միջին գինը կազմել է 0,41 ցենտ, իսկ սեպտեմբերին՝ 0,8 ցենտ։

Բացի այդ, 2023 թվականի հունվարին փոխարժեքը եղել է միջինում 390 դրամ, իսկ հոկտեմբերին միջինում կազմել է 414 դրամ։ Վերոգրյալից ելնելով` կարող ենք փաստել, որ բենզինի գնի բարձրացումը պայմանվորված է եւ՛ ներմուծման գնի բարձրացմամբ, եւ՛ դոլարի փոխարժեքի որոշակի աճով։

Նշենք նաեւ, որ բենզինի գները, վերոգրյալ գործոններով պայմանավորված, մշտապես տատանվում են, եւ 2022 թվականին հունվար-օգոստոս ամիսներին Ռեգուլյար տեսակի բենզինի գինը տատանվել է 500-520 դրամի սահմաններում, իսկ Պրեմիում տեսակինը՝ 520-540 դրամի սահմաններում։

Մինչդեռ, 2023 թվականի հունվար-մայիս ամիսներին, պայմանավորված ներմուծման ցածր գնով եւ դրամի արժեւորմամբ, Ռեգուլյար տեսակի բենզինի գինը տատանվել է 320-350 դրամի սահմաններում, իսկ Պրեմիումինը՝ 350-370։

Այսպիսով, միջազգային շուկաներում բենզինի գների, այդ թվում՝ դոլարի փոխարժեքի փոփոխություններով պայմանավորված՝ բենզինի շուկայում մշտապես տեղի են ունենում տատանումներ, որի արդյունքում շուկայում որոշ ամիսներին կարող են լինել համեմատաբար ցածր գներ, իսկ որոշ ամիսներին՝ բարձր։

Նշենք նաեւ, որ հանձնաժողովը պարբերաբար դիտարկում է բենզինի գնի վրա ազդող գործոնների եւ գների տատանումների համարժեքությունը. մրցակցության օրենսդրության խախտումներ բացահայտելու դեպքում հարուցվում են վարույթներ»:

Հավելենք, որ հոկտեմբերի 5-ի դրությամբ դոլարի փոխարժեքը կտրուկ նվազել է: Տատանումը կազմում է մինչեւ 23 դրամ: Հետաքրքիր է՝ արդյոք բենզինի գինը նորից կիջնի այս ֆոնին:

ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ԳՆԱՃԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ

Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2023 թ. սեպտեմբերը 2022 թ. սեպտեմբերի նկատմամբ) կազմել է 0.1 տոկոս, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 0.9 տոկոս:

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրին ՀՀ վիճակագրական կոմիտեից՝ մանրամասնելով, որ 2023 թվականի հունվար-սեպտեմբերին սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.3 տոկոս (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.6 տոկոս հավելաճ):  Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2023 թ. սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, սպառողական գներն աճել են 0.6-1.0 տոկոսով, այդ թվում՝ համեմատաբար բարձր գնաճ արձանագրվել է Գյումրի եւ Հրազդան քաղաքներում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 0.9 տոկոսով։

Հանրապետությունում 2023 թ. սեպտեմբերին, 2022 թ. սեպտեմբերի համեմատ, արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 3.1 տոկոս գնանկում, իսկ 2023 թ. օգոստոսի համեմատ՝ 1.4 տոկոս գնաճ:

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2023 թ. սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 1.0-1.7 տոկոսով (գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է  Եղեգնաձոր քաղաքում): Մայրաքաղաքում սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 1.5 տոկոսով:

Անցած տարվա սեպտեմբերի համեմատ՝ 2023 թվականի նույն ժամանակահատվածում խոզի մսի գինը նվազել է 14.2 տոկոսով,  ոչխարինը՝ 2.7 տոկոսով, թռչնամսինը՝ 0.2 տոկոսով։

Նախորդ ամսվա համեմատ՝ սեպտեմբերին խոզի, ոչխարի մսի եւ թռչնամսի գները նվազել են  համապատասխանաբար 1.2 տոկոսով,  1.4 տոկոսով  եւ   0.4 տոկոսով:

Տավարի մսի գինն այս տարվա սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի  համեմատ, աճել է 2.2 տոկոսով, իսկ 2023 թ. օգոստոսի համեմատ՝ արձանագրվել է 0.3 տոկոս գնանկում:

Բանջարեղենի ապրանքախմբում 2023 թ.  սեպտեմբերին, 2022 թ. սեպտեմբերի համեմատ, արձանագրվել է 6.6%, իսկ 2023 թ. օգոստոսի համեմատ՝ 14.9% գնաճ:

2023 թ. սեպտեմբերին, նախորդ ամսվա համեմատ, մրգի եւ բանջարեղենի ապրանքախմբերի միջին կշռված գնաճը կազմել է 9.45 տոկոս:

Այս եւ մի շարք  այլ  ապրանքախմբեր, սպառողական զամբյուղում ունենալով 9.38%  տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին 0.89  տոկոսային կետով:

2023 թ. սեպտեմբերին, 2022 թ. սեպտեմբերի համեմատ, ոչ պարենային ապրանքների շուկայում գների մակարդակը մնացել է անփոփոխ, իսկ 2023 թ. օգոստոսի համեմատ՝ արձանագրվել է  0.6% գնաճ:

 




Լրահոս