ՀՌՈՄԻ ՍՏԱՏՈՒՏԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի խորհրդարանը հոկտեմբերի 3-ին ընդունեց Հռոմի կանոնադրության վավերացման նախագիծը՝ Հռոմի ստատուտը:

 

Ընդգծենք, որ այն ընդունվել է միայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քվեարկության արդյունքում:

ՔՊ-ական պատգամավորները 60 կողմ ձայներով վավերացրրին Հռոմի ստատուտը: Ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» ֆրակցիաները դեմ քվեարկեցին դրան՝ հայտարարելով, որ այն հակասահմանադրական է եւ նորանոր աղետներ է բերելու Հայաստանի համար, ընդդիմադիր  պատգամավորներից մի քանիսն էլ չէին մասնակցել քվեարկությանը: Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել էր, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումն իրենք կդիտարկեն որպես ծայրահեղ թշնամական վերաբերմունք:

«Ժողովուրդ» օրաթերթը Հռոմի ստատուտի հնարավոր հետեւանքների մասին զրուցել է քաղաքագետ Արա Պողոսյանի հետ:

-Պարո՛ն Պողոսյան, Հռոմի ստատուտի վավերացումը   քաղաքական ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալՀայաստանի համար:

-Քաղաքական հետեւանքներ մենք, ըստ էության, արդեն տեսնում ենք: Նախ՝ Ռուսաստանում եւ փորձագիտական եւ քաղաքագիտական  դաշտերում բավական ակտիվ եւ բուռն քննարկումներ, մեղադրանքներ կան Հայաստանի Հանրապետության ու հայաստանյան իշխանության նկատմամբ: Նաեւ քաղաքական գործիչներ են արդեն արտահայտվում այս թեմայով, որոնք հատկապես իշխող  քաղաքական ուժի ներկայացուցիչներ են: Սա ենթադրում է, որ Հռոմի ստատուտի վավերացումը լուրջ խնդիրներ է առաջացնելու, բայց պետք է նկատի ունենալ, որ սա բուն պատճառը չէ: Սա հետեւանքն է նախկին հարաբերությունների որակի, զարգացման տեմպերի՝ ռեգրեսի իմաստով, եւ սա Ռուսաստանի Դաշնության կողմից պարզապես արձագանք է հանրապետության արտաքին քաղաքականության շրջադարձային հարաբերությունների նկատմամբ:

Ըստ էության, ակնհայտ է, որ նաեւ Հայաստանի իշխանություններն են առաջարկել, որ Հռոմի ստատուտի մասով Ռուսաստանի Դաշնության հետ, եթե չեմ սխալվում, երկկողմ պայմանագիր կնքվի, որը ազդեցություն չի թողնի Ռուսաստանի Դաշնության, մասնավորապես՝ նախագահի այցելությունների վրա: Սակայն այստեղ կարեւոր կետերից է նաեւ այն, որ Հռոմի ստատուտի վավերացումը ընկալվում է որպես շրջադրաձ դեպի Արեւմուտք եւ ռուսական պայմանական օրբիտայից Հայաստանի դուրս գալու գործընթացըի սկիզբ: Հետեւաբար Ռուսաստանի Դաշնության արձագանքն ու հետեւանքները, որոնք այս պահին որոշակի իմաստով կան, ապագայում կարող են խորանալ:

Հռոմի ստատուտն այն առիթն է, որը ռուսական կողմը կարող է օգտագործել իր խուսույթում՝ նշելով, որ հայկական կողմը ոչ բարեկամական դրեւորեց իրեն:

Զրուցեց ՕՖԵԼՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

 

ՔՊ-Ի ԿԱԶՄԸ՝ ԱՎԱԳԱՆԻՈՒՄ

ԿԸՀ-ն ամփոփել էր սեպտեմբերի 17-ին կայացած Երեւանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները:

 

Ըստ այդմ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 32.57 տոկոս քվե, այսինքն՝ ավագանիում կունենա 24 մանդատ:

Այսպիսով, նորընտիր ավագանիում իշխող ուժը ներկայացված կլինի հետեւյալ կազմով. քաղաքապետի թեկնածուն Տիգրան Ավինյանն է, որը ընտրությունների արդյունքով այդպես էլ չընտրվեց: Նրան հաջորդում է ԱԻ նախկին նախարար Արմեն Փամբուխչյանը, որը ընտրությունների ժամանակ նաեւ ղեկավարում էր ՔՊ նախընտրական շտաբը:

Ավագանու անդամ Նուարդ Վարդանյանը ներկայացված կլինի  նաեւ նորընտիր ավագանիում. վերջինս ՔՊ խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի քույրն է:

Ավագանու կազմում կլինի Լեւոն Հովհաննիսյանը, որն այժմ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն է, նրան հաջորդում են փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը եւ ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը:

Նորընտիր ավագանին խոստանում է նաեւ «մշակութային» լինել. ավագանու կազմում կլինեն երգիչ, կոմպոզիտոր Արթուր Իսպիրյանը եւ դերասանուհի Տաթեւ Հովակիմյանը:

ԱԺ-ից ավագանի է գործուղվել նաեւ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի օգնական Նատալյա Սինորյանը, «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի տնօրեն Ռուզաննա Երեմյանը եւ Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը:

«Իմ քայլը» խմբակցության անդամներ Մարատ Թոխյանը, Հայկ Միրզոյանը, Դիանա Քերոբյանը, Էդուարդ Ավետիսյանը, Արման Հարությունյանը, Լեւոն Զաքարյանը, Արման Բաբաջանյանը, Զարուհի Աղաջանյանը, Արման Հարությունյանը եւ Լուսինե Գեւորգյանը կշարունակեն պահպանել ավագանու անդամի իրենց մանդատները. նրանք ներկայացված կլինեն նաեւ նոր ավագանիում:

Նորընտիր ավագանիում մանդատ կունենա նաեւ Նարեկ Մանուկյանը, Արամ Ազատյանը, Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը:

ՔՊ նախընտրական ցուցակում ընդգրկված 3 անդամներ՝ Մարգարիտ Խաչատրյանը, «Կատուներ» ավանգարդ-ջազ-ռոք խմբի հիմնադիր, երաժիշտ Վահագն Հայրապետյանը եւ Ռուզաննա Երամյանը, ինքնաբացարկի դիմում են ներկայացրել: Նրանց մանդատը կանցնի ցուցակի հաջորդ համարներին՝ Հակոբ Բալայանին, Արման Բարխուդարյանին եւ Կիմա Աբրահամյանին:

ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ

 

 

 

ԳՈՐԾՈՒՂՈՒՄ՝ ԱՆՀԱՅՏ ՕՐԱԿԱՐԳՈՎ

Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը հոկտեմբերի 14-19 աշխատանքային այցով կգործուղվի Բեռլին:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պատվիրակության կազմում լինելու են Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ պատգամավորներ Շիրակ Թորոսյանը, Լիլիթ Կիրակոսյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Միքայել Թումանյանը:

Թե ՔՊ-ականներն ինչ օրակարգով են մեկնում Գերմանիա, ինչ հանդիպումներ են այնտեղ ունենալու, հայտնի չէ. ԱԺ համապատասխան որոշման մեջ այդ մասին ոչինչ կա:

Պատգամավորների գործուղման հետ կապված ծախսերը՝ ճանապարհածախսը (Վ. Վարդանյանի, Հ. Գրիգորյանի եւ Ժ. Հարությունյանի՝ Բեռլին-Երեւան), օրապահիկը (Վ. Վարդանյանի, Հ. Գրիգորյանի, Ժ. Հարությունյանին՝ հոկտեմբերի 15-19-ը), ինչպես նաեւ գիշերավարձը  կկատարվեն պետբյուջեի հաշվին:

 

 

 

Ո՞Վ ՀԱՆՁՆԵՑ ԱՐՑԱԽԸ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայն չէ այն պնդումներին, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին իշխանության է բերել ինչ-որ մեկը Ղարաբաղը հանձնելու նպատակով։ «Վալդայ»  ակումբի հանդիպման ժամանակ, պատասխանելով «RadioSputnik» կայքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հարցին, ՌԴ նախագահը նշել է, որ Փաշինյանի՝ իշխանության գալը հայ ժողովրդի ընտրությունն է։ Նա հիշեց, թե ինչպես էր Փաշինյանն իշխանության գալուց հետո նույնիսկ սկզբնական շրջանում ասում, որ Ղարաբաղը Հայաստանի մաս է։

«Ես հիմա չեմ ասում՝ ճիշտ էին որոշումները, թե սխալ: Դա իմ տեղը չէ դատելու համար, բայց կարծում եմ, որ անարդար է ասել, որ նա միտումնավոր հանձնեց Ղարաբաղը», – հավելել է Պուտինը:

Վլադիմիր Պուտինը համեմատաբար ավելի մեղմ է արտահայտվել, քան ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Պուտինը պնդել է, որ Հայաստանը երբեք չի ճանաչել Ղարաբաղը, իսկ նրա վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արեւմուտքի հետ բանակցություններում, այնուհետեւ՝ 2023 թվականի մայիսին Երեւանում կայացած մամուլի ասուլիսին, հայտարարել է, որ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքի մաս է:

ՌԴ ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովը նույնպես իր ելույթներում պնդել է՝ այն որոշումը, որ Ղարաբաղը պետք է դառնա Ադրբեջանի մաս, կայացվել է Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։

ՌԴ նախագահ Վալդիմիր Պուտինի կարծիքը չի համընկնում ո՛չ Սերգեյ Լավրովի, ո՛չ էլ Մարիա Զախարովայի կարծիքի հետ:

 

 




Լրահոս