Հոկտեմբերի 10-ին կայանալիք Երեւանի ավագանու նիստում ավագանու անդամները բաց քվեարկությամբ նոր քաղաքապետ կընտրեն: Հոկտեմբերի 5-ին արտահերթ նիստով ավագանին մի շարք հստակեցումներ է արել քաղաքապետի ընտրության ընթացակարգում:
Իսկ ի՞նչ են այս փոփոխությունները ենթադրում: Այսպիսով, հոկտեմբերի 10-ին սպասվող քաղաքապետի ընտրության ժամանակ յուրաքանչյուր քվերաթերթիկի վրա պետք է գրվի նաեւ ավագանու անդամի անունը: Քվերակության արդյունքներից հետո արդեն քաղաքապետարանում կհրապարակվեն վերջնական արդյունքները, թե ավագանու որ անդամը որ թեկնածուի օգտին է քվեարկել: Թե սա ինչպես է անդրադառնալու ընտրության վերջնարդյունքի վրա, դժվար է ասել, բայց այս փոփոխությունը հստակ ցույց է տալիս իշխանության անհանգստությունները եւ վախերը:
Թեեւ դեռ ավագանու ընտրությունների անցողիկ շեմը հաղթահարած ուժերն իրենց վերջնական որոշման մասին չեն հայտարարել, բայց, կարծես, ջրերն արդեն պարզվում են: Քաղաքական ուժերի հայտարարություններից պարզ է դառնում, որ հոկտեմբերի 10-ին սպասվող ավագանու նիստը, ամեն դեպքում, կկայանա, քանի որ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, իշխանությանը հաջողվել է «Հանրային ձայն» կուսակցության հետ համաձայնության գալ, ապահովել 1 ձայն, որպեսզի այդ օրը քվորում ապահովեն: Եթե նիստը կայանում է, եւ որպես քաղաքապետ առաջադրվում է միայն 1 թեկնածու, այս դեպքում՝ Տիգրան Ավինյանը, ապա նրա՝ քաղաքապետ ընտրվելու համար բավարար կլինի ընդամենը 27 ձայն, իսկ «Քաղաքացիական պայմանգիր» եւ «Հանրապետություն» կուսակցությունները միասին ունեն 32 ձայն:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հանրապետություն» կուսակցությունների միջեւ առկա է ներքին համաձայնություն, որ Արամ Սարգսյանի թիմակիցները գան ու կողմ քվեարկեն Տիգրան Ավինյանի թեկնածությանը, դրա փոխարեն՝ «Հանրապետություն» կուսակցությանը կհատկացվի փոխքաղաքապետի պաշտոնը:
Ակնհայտ է, որ քվեաթերթիկի վրա ավագանու անդամների անուն գրելը իշխանության պահանջն է:
Այսպիսով նրանք, հավանաբար, մտադիր են վերահսկել առաջին հերթին իրենց թիմակիցների, ինչպես նաեւ ավագանու մյուս անդամների քվեարկությունը, որպեսզի հանկարծ ներքին կարգով ձեռք բերված այս պայմանավորվածությունները չխախտվեն: Գաղտնիք չէ, որ իշխանականների ներսում էլ «գզվռտոց» է գնում, քանի որ Տիգրան Ավինյանի թեկնածությունը ոչ միանշանակ է ընդունվել անգամ ՔՊ-ում:
Այսինքն՝ իշխանությունները վտանգ են զգում ոչ միայն ընդդիմադիր շրջանակներից, այլ նաեւ հենց իրենց թիմակիցներից, ուստի որոշել են այնպես անել, որ ավագանու անդամները քվեաթերթիկի վրա գրեն իրենց անունները, որպեսզի, եթե իրենց թեկնածուն չանցնի, ապա իմանան, թե ում հետ հաշիվներ պետք է պարզեն:
Հավելենք, որ քվեարկություն վերահսկելը ՔՊ-ում արդեն ավանդույթ է դարձել. խորհրդարանում էլ քվեարկություններից հետո ՔՊ-ականները նկարում են իրենց քվեաթերթիկները, որպեսզի ներկայացնեն ղեկավարությանը:
ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ
ԱՅՑԵԼԵՑ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ
Ադրբեջանի օմբուդսմենն այցելել է Ռուբեն Վարդանյանին։
«Սպուտնիկ Ադրբեջանի» փոխանցմամբ՝ Վարդանյանը գոհունակություն է հայտնել պահման պայմաններից։ Նա հայտնել է նաեւ, որ նախնական բուժզննում է անցել, առողջական խնդիրներ չունի։
Ռուբեն Վարդանյանը կկարողանա հեռախոսով շփվել ընտանիքի հետ։ Նրան տրամադրվել է փաստաբան։
ՏԵՂԱՎՈՐՎԵԼ ԵՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՆԵՐՈՒՄ
«Կրթության որակի անկում չունենք: ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաների 38 տոկոսը՝ շուրջ 7904 երեխա, ընդգրկվել է տարբեր կրթական հաստատություններում»,- ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
Ըստ մարզերի՝ բաշխվածությունն ունի հետեւյալ պատկերը՝ Սյունիքում՝ 320, Վայոց ձորում՝ 152, Գեղարքունիքում՝ 367, Արարատում՝ 1221, Կոտայքում՝ 1348, Արագածոտնում՝ 371, Արմավիրում՝ 671, Լոռիում՝ 404, Շիրակում՝ 282, Տավուշում՝ 222, Երեւանում՝ 2543:
ՆԱԽԱՐԱՐԸ՝ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ
Մեկնարկել է Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազպաշի այցն Ադրբեջան։
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, իրանցի նախարարին Կովսականի (Զանգիլանի) օդանավակայանում դիմավորել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւը։
Մեհրդադ Բազրպաշը ծանոթացել է Զանգիլանի օդանավակայանում ստեղծված պայմաններին։ Այցի շրջանակներում նախատեսվում է նաեւ այցելություն Աղբանդայի մայրուղու վրա գտնվող կամուրջ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ նոր ծրագրեր՝ կապված ճանապարհների կառուցման ընթացքի հետ:
ՀԱՅՏՆԻ Է ԼՍՈՒՄՆԵՐԻ ՕՐԸ
Հաագայում ՄԱԿ-ի միջազգային դատարանը Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հարցով Ադրբեջանի դեմ ներկայացված հայցի վերաբերյալ լսումների օր է նշանակել հոկտեմբերի 12-ը։
Այս մասին ասվում է դատարանի հայտարարության մեջ։
«Միջազգային դատարանը՝ ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմինը, հինգշաբթի՝ 2023 թվականի հոկտեմբերի 12-ին, կանցկացնի «Ռասսայական խտրականության բոլոր ձեւերի վերացման միջազգային կոնվենցիայի» (Հայաստանը՝ ընդդեմ Ադրբեջանի) կիրառման գործով հանրային լսումներ»,- ասված է հրապարակված հայտարարության մեջ:
ՀԱՆԴԻՊՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
Գրանադայում հոկտեմբերի 5-ին, հնգակողմ հանդիպման փոխարեն, կայացել է քառակողմ հանդիպում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ:
Հիշեցնենք նաեւ, որ նախօրեին Ալիեւը հրաժարվել էր հանդիպմանը ներկա գտնվել. այցի չեղարկման պատճառը դարձել է Ֆրանսիայի նախագահի մասնակցությունը եւ Թուրքիայի նախագահի մասնակցության մերժումը։
Հանդիպման արդյունքում ընդունվել է հայտարարություն, որում, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը բնորոշվում է զանգվածային տեղահանություն: Եվրոպական խորհրդի նախագահը, Ֆրանսիայի նախագահը եւ Գերմանիայի կանցլերն ընդգծում են իրենց անսասան աջակցությունը Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ սահմանների անձեռնմխելիությանը եւ աջակցություն են հայտնում «ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանը՝ իր բոլոր չափումներով՝ հիմնված Հայաստանի Հանրապետության կարիքների վրա։
Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը ֆրանսիական FranceInter ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է. «Ադրբեջանի վստահությունը Ֆրանսիայի նկատմամբ՝ որպես նույնիսկ պոտենցիալ միջնորդ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում, այսօր զրոյական է»։ Նա նաեւ Ֆրանսիային համարել է անխոհեմ եւ նշել, որ Ֆրանսիան տարածաշրջանը տանում է դեպի ռազմական առճակատման նոր վտանգավոր գիծ։
Գրանադայում տեղի ունեցած հանդիպումից հետո լուրեր տարածվեցին, որ Նիկոլ Փաշինյանը հանձնել է ադրբեջանական անկլավները, որի մեջ մտնում են Տավուշի մարզի մի քանի գյուղեր, Տիգրանաշենը, փոխարենը չի ստացել Արծվաշենը, համաձայնել է «Զանգեզուրի միջանցքի» հետ։
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ավելի ուշ հերքեց այս լուրերը՝ ասելով. «ՖԵՅՔԱԶԵՐԾՈՒՄ. Գրանադայում վարչապետը հանձնել է անկլավներն ու միջանցքը: Հայաստանը Գրանադայում ինչ ցանկացել է, ստացել է՝ հասնելով լուրջ հաղթանակի: Անկլավների թեմա չի քննարկվել, միջանցքի թեման փակ է: Չվախենաք»:
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ