ArmLur.am-ը զրուցել է հասարակական ակտիվ գործունեություն իրականացնող Արթուր Չախոյանի հետ: Նա հանրությանն ավելի շատ հայտնի է որպես Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված շինարարական մրցույթները, ճանապարհի եզրաքարերի, ասֆալտի որակի քննադատող: Այս տարվա հոկտեմբերի 9-ի երեկոյան Արթուր Չախոյանի վրա երեք մարդ է հարձակվել, որից մեկին Արթուրը վնասազերծել է և հանձնել ոստիկաններին: Արթուրն այդ հարձակումը որակում է մահափորձ: Սակայն իրավապահ մարմիններն Արթուրի կողմից վնասազերծված անձին բաց են թողել:
Արթուր Չախոյանի խոսքով՝ իր դեմ մահափորձ կատարած անձիք ազատության մեջ են ու ինքն իրեն ապահով չի զգում:
Նա իր հարձակումը կապում է հասարակական ակտիվ գործունեության հետ, սակայն չի պատրաստվում լռել:
Նշենք որ Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ Արթուր Չախոյանի հաղորդման հիման վրա, ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ դանակով հարձակված անձի ինքնությունը, ով հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ։
Նույն օրը՝ երեկոյան ավելի ուշ, հաղորդում է ստացվել նաև Երևան քաղաքի նշված բնակչից, որ ինքը, տեղեկանալով, որ կա անձ, ով տեսանյութեր ու ինչ-որ ինֆորմացիաներ է ուղարկում ադրբեջանցիներին, փորձել է հանդիպում ունենալ նշված անձի հետ, ում ինքն անձնապես չի ճանաչում:
Հանդիպման ընթացքում, ըստ հաղորդման, կոնֆլիկտ է առաջացել, ինչի հետևանքով ինքը ստացել է մարմնական վնասվածքներ:
Առաջին հաղորդման հիման վրա՝ ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում, նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի (զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ հոգեկան ներգործություն) և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործություն), իսկ երկրորդ հաղորդման հիման վրա՝ 171-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի (առողջությանը թեթև վնաս պատճառելը, որն առաջացրել է առողջության կարճատև քայքայում) հատկանիշներով, որոնք, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու նպատակով, միացվել են մեկ վարույթում՝ համատեղ քննություն կատարելու համար:
Հաղորդում ներկայացրած երկու անձանց նկատմաբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Նշված վարույթով ձերբակալված անձ չկա։
Առավել ուշագրավ մանրամասները՝ArmLur.am-ի տեսանյութում:
Քնար Մանուկյան