Բլոգեր Արուս Գալստյանը կամ բոլորին հայտնի «Արուսյա Կավկազը», որը իր առօրյան անցկացնում է հիմնականում խոհանոցում, ArmLur.am-ի հետ զրույցում անկեղծացել է՝ ինչին հասել է այսօր, քրտնաջան աշխատանքի շնորհիվ է և հեշտ չի եղել:
«Հպարտ եմ, որ կարողացել եմ օտարության մեջ, նման դժվար պայմաններում հասնել այս ամենին։ Արտերկրում տարբեր վարք ու բարքերի մեջ կարողացել եմ դաստիարակված զավակներ մեծացնել, ամուսնացնել նրանց», – նշում է նա:
Տիկին Արուսի խոսքով՝ հարսը կիսով չափ ռուս է, բայց հենց իր ջանքերով այսօր հարսը հայկական ավանդույթներով է շարժվում: Ավելին՝ բլոգը հարսն է նկարում՝ օգնելով սկսեսուրին:
Այժմ տիկին Արուսյան ապրում է Պյատիգորսկում, բացի բլոգ վարելը բիզնեսով է զբաղվում, ուտեստներ (բաստուրմա, սուջուխ) է պատրաստում վաճառքի համար:
ArmLur.am-ի հետ զրուցելիս էլ տիկին Արուսյան իր սիրելի գործին էր՝ համբուրգերներ էր պատրաստում.
«Այս ամենն իմ մեջ ի ծնե է եղել, սակայն տարիների ընթացքում սովորել եմ եւ՛ մայրիկիցս, եւ՛ սկեսուրիցս։ Նաև արբեր տեղեր հյուր գնալիս այստեղից-այնտեղից բաղադրատոմսեր եմ հարցրել՝ ինձ ասել են, նաեւ իմ փորձի հաշվին եմ սովորել այս ամենը», – նշում է նա:
Տիկին Արուսյայի խոսքով՝ ի սկզբանե մեղվապահ է եղել, շուկայում է աշխատել, ապա հասկացել է, որ արդեն մտածել է՝ բավական է, որ ինչքան աշխատել է:
«Շուկայից հետո նստել ու մահվանը սպասելն ինձ համար չէր, ես ի վիճակի էի աշխատել, չէի կարող նստած մնալ: Քանի որ ես մեծաքանակ առեւտուր անողներ ունեի այդ ժամանակ, որոնք մինչ օրս կան, նրանցից մեկն ասաց, որ կարող եմ ինստագրամյան հարթակում ցուցադրել այն, ինչ անում եմ, քանի որ այսպես թե այնպես ես դա անում եմ: Ես ի սկզբանե ինստագրամում անձնական էջ չեմ ունեցել, միայն ընտանեկան նկարներ եմ հրապարակել հազվադեպ»:
Անդրադառնալով վերջին շրջանում իր հասցեին հնչող քննադատություններին տիկին Արուսյան հասցեական չի ուզում որեւէ մեկին անդրադառնալ.
«Ես ի սկզբանե բնականաբար նեղվել էի, որովհետեւ ինձ ամբողջ աշխարհից նայում, սիրում, հարգում են, իմ բաղադրատոմսերն օգնում են շատ կանանց ու աղջիկների ու իրենք այդ մասին ասում են, իսկ իմ մի քանի հայրենակիցներ փորձում են ինձ նեղացնել հրապարակավ: Ավելի ուշ ինձ ու ինձ մտածեցի, եթե ես այդպիսին չեմ՝ ինչու՞ եմ նեղվում: Ես գիտեմ, թե ով եմ: Այժմ արհամարհում եմ նեգատիվը գրող մարդկանց: Այդքան լավ արձագանքների մեջ բնական է, որ մի երկուսն էլ պետք է բացասական լինեն, ոչինչ: Կարեւորը ես գիտեմ, որ այդպես չեմ:
Մարիամ Ղազարյան