Երեւանում մորը եւ քրոջը դանակահարած 48-ամյա կնոջը սեղափոխել են Հոգեկան առողջության կենտրոն։ Բանն այն է, որ նա նախկինում հաշվառված է եղել կենտրոնում։ Մեզ հայտնի դարձավ, որ դանակահարված 79-ամյա մոր ու քրոջ կյանքին վտանգ չի սպառնում։
Հիշեցնենք, որ shamshyan.com-ը գրել էր, որ հոկտեմբերի 6-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:40-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ էր ստացվել, որ «զույգ վերին վերջույթների կտրած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։
Կարճ ժամանակ անց՝ նույն բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվում, որ «ձախ գոտկային շրջանի ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում են վիրահատարանում։
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, ոստիկանները պարզել են, որ նրանք են Երևանի բնակիչներ՝ 79-ամյա Անահիտ Կ.-ն և 45-ամյա Լուսինե Կ.-ն:
Մաշտոցի ոստիկանները պարզել են նաև, որ նրանց դանակահարել է Երևանի բնակիչ 48-ամյա Էլեն Կ.-ն։
Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, քննությունը շարունակվում է։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Քնար Մանուկյան