Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում երկկողմ հանդիպում են ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Պուտինն առաջարկել է քննարկել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։
«Թիվ մեկ հարցը Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակն է, բայց մենք ունենք ևս մեկ օրակարգ, այն բավականին ծավալուն է: Առաջարկում եմ սկսել երկրորդ մասից, այնուհետև մենք կմնանք դեմ առ դեմ և կխոսենք այսպես կոչված, զգայուն հարցերի մասին»,- առաջարկել է Պուտինը:
Ալիևը Պուտինի առաջարկը ողջամիտ է համարել:
«Ավելին, մենք խոսելու բան ունենք, այս տարվա արդյունքները տպավորիչ են՝ կան բազմաթիվ նոր նախագծեր՝ առևտրաշրջանառության, արդյունաբերական համագործակցության, տրանսպորտի ոլորտում համագործակցության առումով, իսկ հետո կխոսենք տարածաշրջանային խնդիրների և անվտանգության հարցերի մասին»,- հավելել է Ալիևը:
Ռուսական կողմից բանակցություններին մասնակցել են ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, նախագահի օգնական Յուրի Ուշակովը, Տնտեսական զարգացման նախարարության ղեկավար Մաքսիմ Ռեշետնիկովը և ՊՆ ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինը։
Ադրբեջանական պատվիրակության կազմում էին հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբբարովը։