Երեւանի քաղաքապետարանի նորընտիր ավագանու հատուկ նիստում տեղի ունեցավ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդման հանդիսավոր արարողությունը:
Նկատենք, որ Տիգրան Ավինյանի երդման հանդիսավոր արարողությանը ներկա էր Տեր Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանը:
ArmLur.am-ը նկատեց, որ 2018 թվականին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի երդման արարողությանը ներկա էր Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն: Ինչու է Տիգրան Ավինյանի երդման արարողությանը գնացել Կճոյանը, այլ ոչ թե Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն:
Այս պատմության մեջ ամենաուշագրավն այն է, որ քաղաքական իշխանությունները մի կողմից դատում են Կճոյանին, մյուս կողմից նրան հրավիրում քաղաքապետարան՝ մասնակցելու Տիգրան Ավինյանի երդման հանդիսավոր արարողությանը:
Ինչպես հայտնի է, իրավապահ համակարգը նոր գրոհ է սկսել Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի դեմ։ Պարզվում է, որ ԱԺ ՔՊ-ական պատգամավորի խնամիները պատերազմ են հայտարարել Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, այս տարվա հունվարի 23-ին Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Նավասարդ (Սամվել) Կճոյանը հրավիրվել էր Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն:
Կճոյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր, ավելին՝ Նավասարդ Կճոյանի գույքն արգելանքի տակ է դրվել: Բանն այն է, որ իրավապահները հարց են բարձրացրել՝ որտեղից հոգեւորականը, որը չի ունեցել եկամուտ, ունի մեծ ծավալների գույք:
Հոգեւորականը բացատրել է, որ դա նա՝ որպես հոգեւորական, ստացել է նվիրատվություն, իսկ, ահա, իրավապահները հոգեւորականին բացատրել են, որ եկեղեցին ասում է՝ այդ նվիրատվությունն իրենը չէ, եկեղեցունն է: Սա էլ դեռ քիչ չէ, հիմա էլ շուրջ 2 տարի առաջվա քրեական գործն է դատախազությունը վերաբացել : Գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ փողերի լվացման համար մեղադրվող Ս. Կ.-ն (Խոսքը Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի մասին է, -խմբ.) կրկին մեղադրյալի կարգավիճակ ունի. վերադաս դատախազը վերացրել է քննիչի՝ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը։
Բան այն է, որ շուրջ 10 տարի է ինչ սնանկացած գործարար, օֆշորի սկանդալի գործով առանցքային տուժող Փայլակ Հայրապետյանը պնդում է, որ իրեն պատկանող գույքի դիմաց ստացված մոտ 10 միլիոն դոլարը գործարար Աշոտ Սուքիասյանը, Աֆրիկայում ոսկու և ալմաստի արդյունահանման մեջ ներդնելու փոխարեն, փոխանցել է օֆշորում գրանցված մի քանի կազմակերպությունների ՝ այդ թվում WLISPERA HOLDINGS-ին: Կիպրոսի ռեգիստրի պաշտոնական կայքի համաձայն WLISPERA HOLDINGS LIMITED-ի բաժնետերերն են Աշոտ Սուքիասյանը, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը և Սամվել Կճոյանը:
Սուքիասյանը, սակայն, պնդել է, թե նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը և արքեպիսկոպոս Կճոյանը որևէ կապ չունեն օֆշորային այդ կազմակերպության հետ, և որ նրանց ստորագրություններն անձամբ է սարքել: Իսկ հիմա այս գործով քննությունը շաչունակվում է։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։
Քնար Մանուկյան