Ե՞րբ է նախատեսված հաջորդ հանդիպումը Ինջիղուլյանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի միջազգային հայրենակցական միությունը բաց նամակ է  հղել միջազգային կազմակերպություների ներկայացուցիչներին, պահանջելով բարձրաձայնել 77-ամյա Մամիկոն Խոջոյանին Ադրբեջանում գերության ընթացքում խոշտանգելու փաստը:  Միությունը նաև  մտահոգված է  օրեր առաջ Ադրբեջանում հայտնված Արսեն Խոջոյանի ճակատագրով: Բաց նամակն ուղղված է մի շարք կառույցներին ` այդ թվում նաև  ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Ա. Սորոկինին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի պատվիրակության ղեկավար Ս. Էպրեխտին:

Armlur.am լրատվականի թղթակիցը փորձեց  ԵԱՀԿ երևանյան գրասենյակից պարզել ` ինչ ընթացք է տրվել նամակին: ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մամուլի և հանրային կապերով պատասխանատու Գոհար Ավագյանը մեզ փոխանցեց, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը նամակը փոխանցել է ԵԱՀԿ կենտրոնակայան, որը գտնվում է Վիեննայում,  քանի որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակն այդ հարցերով չի զբաղվում:

Զրուցեցինք նաև  Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ ) հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունու հետ այս և մի քանի այլ հարցերի  առնչությամբ:

-ԿԽՄԿ-ն  ի՞նչ ընթացք է տրվել   Տավուշի մարզի միջազգային հայրենակցական միության նամակին:

-Մեր   կազմակերպությունը  հանրային հարթակներում գնահատական չի տալիս, աշխատում է իշխանությունների հետ գաղտնի պաշտոնական երկխոսության ձևաչափով: Ցանկացած հարց, որը վերաբերում  է քաղաքացուն կամ ռազմագերուն (դա կլինի նրա պահման պայմաններին, առողջական վիճակին), մեր ուշադրության կենտրոնում է, պարզապես բոլոր այն քայլերը, որոնք արվում են մեր կողմից, մնում են հանրային  ուշադրությունից դուրս:

Տավուշի մարզի միջազգային հայրենակցական միությունը մտահոգություն ունի, որ  Ադրբեջանը անմարդկային կերպով կվերաբերվի նաև օրեր առաջ գերի ընկած  Արսեն Խոջոյանի հետ, ինչպես արել է Հայաստան վերադարձած Մամիկոն Խոջոյանի հետ, հետևաբար պետք է ճնշումներ գործադրել Բաքվի  վրա:

-Մեր կազմակերպությունը չի կարող որևէ գնահատական հնչեցնել, առավել ևս  ճնշումներ գործադրել Ադրբեջանի  վրա, քանի որ նման լծակներ չունի: Մենք  փորձում ենք երկխոսություն վարել տարբեր երկրների իշխանությունների հետ և հիշեցնել Ժնևի կոնվենցիաները, որոնք ստորագրել են թե Հայաստանը, թե Ադրբեջանը, և դրանք երկու երկրների ազգային օրենսդրության  մի մասն են կազմում:

– Համաձայնեք, որ  Ադրբեջանն  է միշտ խախտում հենց այդ կոնվենցիաների դրույթները:

Չեմ կարող համաձայնել, քանի որ նման բան ասելու համար բոլոր փաստերը պետք է ուսումնասիրել: Այսպես ասեմ `համաձայնել կամ չհամաձայնել, նշանակում է հանրային ինչ-որ կարծիք տալ: ԿԽՄԿ-ի առաքելությունն այն է, որ նա մուտք ունի և աշխատում է Ադրբեջանում պահվող  հայ գերիների  հետ: Մենք իրավունք չենք վերապահում մեզ գնահատական տալ, քանի որ չենք ցանկանում կորցնել  և վտանգի տակ դնել Բաքվում և ընդհանրապես որևէ երկրում  պահվող մեր քաղաքացիներին այցելելու հնարավորությունը :

Հայրենակցական միությունը նամակում բարձրաձայնում է, որ Ադրբեջանը խախտել է ժնևյան չորրորդ կոնվենցիան, քանի որ խաղաղ բնակչի` Մամիկոն Խոջոյանի  նկատմամբ ցուցաբերել է անմարդկային վերաբերմունք, հետևաբար այս  մի փաստը  հիմք ընդունելով ` կարո՞ղ է  ԿԽՄԿ-ը հստակ գնահատական տալ:

-Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կարող է միայն շատ ծայրահեղ դեպքերում կարող է  հանրայնորեն տեսակետ հայտնել: Մեր կազմակերպությունն օգտագործում է բոլոր միջոցները կառուցողական երկխոսություն իրականացնելու համար: Միայն այն դեպքում, երբ  ԿԽՄԿ-ը վստահ է, որ չի վտանգի իր շահառուին, նա կարող է հանրայնորեն հայտարարություն անել:

-Ադրբեջանում գտնվող Հակոբ Ինջիղուլյանի գործի հետ  առնչությամբ  հասարակության  մի մասը  թերի է համարում և դժգոհ է Կարմիր խաչի աշխատանքից: Ինչո՞վ է դա պայմանավորված:

Մեզ  նման բան կարող են վերագրել, քանի որ մենք քիչ ենք խոսում: Ես  փորձում եմ  բացարձակ թափանցիկ լինել բոլորի հետ: Բայց աշխատանքի ծավալը  չիմանալով ` գնահատական տալ,  կարծում եմ  ` այդքան էլ ճիշտ չէ:

-Ե՞րբ է նախատեսված հաջորդ հանդիպումն Հակոբ Ինջիղուլյանի հետ:

-Առայժմ որևէ տեղեկատվություն չկա, չեմ կարող ասել, երբ է լինելու հաջորդ հանդիպումը, բայց աշխատանք տարվում է:

 Սոնա Դավթյան




Լրահոս