Հայաստան-Ռուսաստան լարված հարաբերությունների ֆոնին կարծիք կա, որ ռուսական կողմը վրեժ լուծելու համար, կփորձի Հայաստանի սահմանից հեռացնել խաղաղապահներին։ Այս թեմայի շուրջ ArmLur.am-ը զրուցել է ռուս քաղաքագետ Մոդեստ Կոլերովի հետ։
-Պարո՛ն Կոլերով, 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Արցախի Ասկերանի, Շուշիի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում փակվել է ռուս խաղաղապահների 7 դիտակետ և 15 ժամանակավոր դիտակետ։ Ինչո՞վ է սա պայմանավորված։
-Ես կարող եմ ասել, որ Լեռնային Ղարաբաղում ավարտվել են հայերի էթնիկ զտումները։ Այնտեղ գործնականում հսկելու ոչինչ չկա։ Նրանց մնալն անիմաստ էր։
– Ո՞վ է հսկելու հայ-ադրբեջանական անցակետը Բերձորի հատվածում, եթե փակվում են ռուս խաղաղապահների անցակետերը։
-Ես անձամբ Բերձորում էի մեկուկես տարի առաջ։ Նույնիսկ այն ժամանակ այնտեղ այլեւս բնակչություն չկար։ Այսինքն՝ այնտեղ արդեն նույնիսկ սահման չկա։
-Ըստ ձեզ, այս պահին ինչ փուլում են հայ-ռուսական հարաբերությունները։
-Այսօր Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները գտնվում են վերջին 100 տարվա ընթացքում ամենացածր կետում և կշարունակեն միայն վատթարանալ։
– Ի՞նչ եք կարծում ինչ քայլեր պիտի անի Հայաստանը Ռուսաստանի վստահությունը կրկին շահելու համար։
-Հայաստանի իշխանություններն այժմ բոլորովին նպատակ չունեն Ռուսաստանի հետ անկեղծորեն վստահելի հարաբերություններ պահպանել։ Ուստի պետք է ցանկանանք, որ Հայաստանի իշխանություններն այժմ ավարտին հասցնեն Ռուսաստանից հեռանալու իրենց ծրագրերը՝ հանել Գյումրիի և Էրեբունիի բազաները, դուրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից։ Սրանից հետո կարող եք նոր անկեղծ խոսակցություն սկսել։ Իսկ հիմա, առանց սրա, ցանկացած խոսակցություն կեղծավորություն կլինի։
Նայեք շուրջը. Իսրայելը նույնիսկ Ուկրաինային հետին պլան մղեց ԱՄՆ-ի և Արևմուտքի առաջ: Ակնհայտ է, որ Արեւմուտքի համար Հայաստանն անգամ տեղափոխվել է 10-րդ տեղ։ Եվ Մակրոնի բոլոր ջանքերը Հայաստանի ուղղությամբ անիմաստ են։
Զրուցեց Էմմա Միքայելյանը