ՄԵԾ ՉԱՓԵՐԻ ԿԱՇԱՌՔ՝ ԵՊՀ-ՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայկ Սարգսյանը, 2000 թվականից զբաղեցնելով Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դեկանի պաշտոնը, հանդիսանալով պետության կողմից ստեղծված հիմնադրամի անունից իրավունք, պարտականություն եւ պատասխանատվություն առաջացնող գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, նույն ֆակուլտետի Տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի դոցենտ, նույն հիմքով պաշտոնատար անձ հանդիսացող Գագիկ Պետրոսի Տոնոյանի հետ խմբի կազմում, իրենց ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանող Սերգեյ Սամվելի Քեյանի օգտին ապօրինի գործողություն կատարելու դիմաց վերջինիցս պահանջել եւ ստացել են մանր չափերով՝ ընդհանուր 480.000 ՀՀ դրամ կաշառք:

 

Հայկ Սարգսյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դեկանի տեղակալ, տնտեսագիտության եւ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի դոցենտ, պաշտոնատար անձ հանդիսացող Արմեն Ռովելի Ներսիսյանի հետ խմբի կազմում, իրենց ծառայողական լիազորությունները եւ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, ֆակուլտետի հինգերորդ կուրսի ուսանող Արփի Բյուզանդի Ծառուկյանի օգտին թողտվություն, հովանավորչություն եւ ապօրինի գործողություն կատարելու համար Պետրոս Սայաթի Հովհաննիսյանից Հայկ Սարգսյանի՝ Երեւանի քաղաքի Աբովյան 52 հասցեում գտնվող աշխատասենյակում 2023 թվականի փետրվարի 17-ին ստացել են 19.000 ՀՀ դրամ արժողությամբ «KREMLIN Award» տեսակի կոնյակ եւ խոշոր չափերով՝ 1.571.560 ՀՀ դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլար կաշառք:

Այսպես, Պետրոս Հովհաննիսյանը Արփի Բյուզանդի Ծառուկյանի /Ավետիսյան/ օգտին թողտվություն, հովանավորչություն եւ ապօրինի գործողություն կատարելու համար ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանին խոշոր չափերով կաշառք տալու դիտավորությամբ 2023 թվականի փետրվարի 17-ին ներկայացել է վերջինիս՝ Երեւանի քաղաքի Աբովյան 52 հասցեում գտնվող աշխատասենյակ եւ իր հետ նախապես որպես կաշառք վերցված, ստվարաթղթե տոպրակում տեղադրված 19.000 ՀՀ դրամ արժողությամբ «KREMLIN Award» տեսակի կոնյակի տուփի մեջ տեղադրել 1.571.560 ՀՀ դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլարը: Հիշյալ կոնյակը եւ դրանում տեղադրված գումարը տոպրակով հանձնելով Հայկ Սարգսյանին՝ խնդրել է կոնյակին ուշադիր լինել:

Հայկ Սարգսյանը, Պետրոս Հովհաննիսյանից տեղեկանալով նույն ֆակուլտետի հինգերորդ կուրսի ուսանող Արփի Ծառուկյանի կողմից ծննդաբերելու եւ, նորածնի խնամքով զբաղված լինելու հանգամանքով պայմանավորված, ուսումնական գործընթացի հետ կապված խնդիրներ ունենալու մասին, ստացած կաշառքի դիմաց, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով, վերջինիս օգտին թողտվություն, հովանավորչություն եւ ապօրինի գործողություն կատարելն իրագործելու նպատակով հեռախոսազանգի միջոցով իր աշխատասենյակ է հրավիրել դեկանի տեղակալ Արմեն Ներսիսյանին եւ Տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի լաբորանտ Մանե Ռուբենի Հայրապետյանին, ու նրան եւս կաշառքի դիմաց օգնել են։ Գործով նախաքննության ավարտ է հայտարարվել, եւ գործը դատարանում է։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԾԵԾԿՌՏՈՒՔ՝ ՇԵՆԳԱՎԻԹՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ երեկ երեկոյան՝ ժամը 22։00-ի սահմաններում, Շենգավիթ վարչական շրջանի Գարեգին Նժդեհի 9-րդ փողոցի շենքերից մեկում աղմուկ-աղաղակ ու լուրջ վիճաբանություն է եղել, որի ժամանակ 1985 թվականի ծնված տղամարդը դանակահարել է 40-ամյա մի տղամարդու, որը դանակի հարվածից ընկել է գետնին։

Ականատեսներն օգնություն են կանչել, շտապ զանգահարել շտապօգնություն ու տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց։ Դեպքի վայր շտապած իրավապահները պարզել են, որ վիճաբանած անձինք անծանոթներ են ու վիճել են «թարս նայելու» հարցի շուրջ։

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԽՈՇՈՐ ՉԱՓԵՐԻ ՀԱՓՇՏԱԿՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված հսկայածավալ քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հանցավոր կազմակերպության՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի հանդիսացող անդամները համակարգչային ներգործությամբ 2022թ. մայիսի 17-ից մինչեւ 2023թ. մարտի 29-ն ընկած ժամանակահատվածում list.am կայքում ապրանքի վաճառքի կամ ծառայության մատուցման հայտարարություն տված մոտ 7 տասնյակ քաղաքացուց հափշտակել են առանձնապես խոշոր չափերի՝ 19.038.349 ՀՀ դրամ գումար:

Այնուհետեւ, հանցավոր ճանապարհով ստացված ֆինանսական միջոցների հանցավոր ծագումը թաքցնելու կամ խեղաթյուրելու նպատակով հանցավոր կազմակերպության անդամները նշված գումարները փոխանցել են տարբեր էլեկտրոնային դրամապանակների եւ բանկային քարտերի, կրիպտոարժույթի փոխանակմամբ զբաղվող անձանց միջոցով գումարը փոխակերպել են կրիպտոարժույթի՝ փոխանցելով տարբեր էլեկտրոնային դրամապանակների, եւ տնօրինել:

Հանցավոր խմբի երեք անդամների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որպես խափանման միջոց նրանց նկատմամբ ընտրվել է կալանավորումը, եւ հայտարարվել է հետախուզում։

 

 

ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 5-ին ուշագրավ դեպք է եղել Գյումրի քաղաքի Թումանյան հասցեում գտնվող ավտովերանորոգման կետում։ 23-ամյա երիտասարդն ավտովերանորոգման կետում դանակահարել է 36-ամյա տղամարդուն, որին վերանորոգման կետի աշխատակիցները տեղափոխել են հիվանդանոց։ Պարզվել է, որ դանակահարված տղամարդը ավտոփականագործ է, իսկ նրան դանակահարողը՝ մեքենա ներկող։ Իսկ ի՞նչն է եղել դանակահարության պատճառը։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ պարզվել է, որ ավտոփականագործը կոնկրետ ժամկետ է տվել մեքենան վերանորոգելու համար, սակայն նշված ժամկետում մեքենան չի վերանորոգվել, ու սկսվել է վիճաբանություն, ինչից հետո դանակահարություն է տեղի ունեցել։ Դանակահարողը դեպքից հետո դիմել է փախուստի։ Նրան փնտրում են իրավապահները։

 

 

 

ԳԱԼԵՅԱՆԸ՝ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 44-օրյա պատերազմի հերոս Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին, «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ նրան հետազոտել են եւ ասել, որ կրկին հետազոտման անհրաժեշտություն է առկա։

Նշենք, որ սեպտեմբերի 9-ին դատարանը բավարարել էր Գարիկ Գալեյանին կալանավորելու միջնորդությունը:

Վերջինիս փաստաբան Վահան Հովհաննիսյանի պնդմամբ՝ կալանքն անթույլատրելի է, քանի որ Գալեյանն ունի պատժի եւ կալանքի կրմանը խոչընդոտող 3 հիվանդություն: Դատարանի որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ դատարան։ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ Գալեյանի անձնական խուզարկությամբ վերջինիս մոտ հայտնաբերվել եւ վերցվել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա է եղել 3 միանման պոլիէթիլենային փաթեթ՝ համապատասխանաբար 1.59 գրամ, 1.51 գրամ եւ 1.60 գրամ ընդհանուր քաշերով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող յուրահատուկ հոտով դեղնականաչավուն զանգվածներով:

Ոստիկանության փորձագիտական կենտրոնից ստացված եզրակացության համաձայն` նրա մոտ հայտնաբերված նյութը հանդիսանում է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց։

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 




Լրահոս