Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎԵԼ ՎԵԴԻՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Վեդիում լարված իրավիճակ եւ վիճաբանություններ են եղել։ Վեդու համայնքապետարանի դիմաց երեկ մարդիկ էին հավաքված եւ  բղավում էին միմյանց վրա։ «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Վեդիի համայնքապետի օգնական Պատվական Մարգարյանի հետ, որը մեզ հետ զրույցում ներկայացրեց մանրամասներ։

 

-Պարո՛ն Մարգարյան, ի՞նչն է Վեդիում ստեղծված իրավիճակի պատճառը։

-«Արարատ ցեմենտ» գործարանի աշխատակիցներն են Վեդու համայնքապետարանի դիմաց հավաքված։ Այսօր մեր մետ հանրային լսումների օր էր։ Վեդի համայնքի տարածքում ուզում են  նորագույն տեխնոլոգիաներով, փակ ցիկլով նոր ցեմենտի գործարան ստեղծել։  «Արարատ ցեմենտ» գործարանի աշխատակիցներն էլ մտավախություն ունեն, որ իրենց հաստիքները կկրճատվեն, գործարանը կսնանկանա։ Եկել են, բողոքում են եւ համայնքին խնդրում են, որ համայնքապետարանը նախնական թույլտվություն չտա։

-Համայնքապետարանում ի՞նչ է քննարկվում, թույլտվություն տրվելո՞ւ է, թե՞ ոչ։

-Ներկայացրինք, քննարկում եղավ, հարց ու պատասխան արեցինք, հանրային լսումների առաջին փուլը կայացավ։

-Ի՞նչ որոշվեց։

-Առաջին լսումը թույլտվություն տալու-չտալու վերաբերյալ չէր։ Դեռեւս պետք է 2 լսում եւս անցկացնենք, եւ դրա արդյունքում կորոշվի թույլտվություն տալ կամ չտալ։ Համայնքապետարանը գործարան կառուցել նախատեսող ընկերությանը ներկայացրել է՝ եթե ակնկալում են ստանալ թույլտվություն, պետք է համագործակցեն համայնքապետարանի հետ։ Հաջորդիվ նրանք պետք է ներկայացնեն՝ ինչ պահանջներ ունեն, եւ մենք ինչ պահանջներ ունենք։

-Համայնքապետարանը նախնական ի՞նչ որոշում ունի։

-Համայնքապետարանն այս հարցում փոքր օղակ է, կոնկրետ թույլտվություն տվողը համայնքապետարանը չէ։ Դեռեւս շատ հարցեր կան, որոնք այս հարցի վերաբերյալ պիտի գտնեն իրեց պատասխանները։

-Գործարանի տնօրինության հետ խորհրդակցություն եղե՞լ է, վերջիվերջո, աղմուկը հենց իրենց պատճառով է բարձրացել։

-Չէ, ինչու՞ մենք պետք է խորհրդակցենք։

-Իրե՞նք պիտի ձեզ հետ խորհրդակցեն։  

-Մինչ մեզ Կառավարության,  Էկոնոմիկայի, ՏԿԵ, Շրջակա միջավայրի նախարարությունների հետ։

-Համայնքապետարանը խոսե՞լ է նախարարությունների հետ որեւէ որոշման գալուց առաջ։

-Այն ընկերությունը, որը ուզում է հիմնի գործարան, ինքը պիտի դիմի նախարարություններին։ Նրանցից ստանալով  առաջարկներ եւ պահանջներ՝ ընկերությունը պետք է նրանց ներկայացուցիչների  եւ փորձագետների հետ քննարկում ունենա։

-Իսկ տեղյա՞կ եք, նման քննարկումներ եղե՞լ են։

-Եղած կլինեն։

-Համայնքապետարանը Կառավարություից կամ նախարարություններից հրահանգ ստացե՞լ է այս հարցի վերաբերյալ։

-Իհարկե, մենք առաջնորդվում ենք պետական շահով։ Մենք այստեղ աշխատում ենք՝ առաջնային համարելով պետական շահը, նոր մեր անձնական շահը։ Պետական շահից ելնելով՝ ես ունեմ իմ անձնական կարծիքը, որ եթե  պետք է տարածաշրջանում գործի փակ ցիկլով ցեմենտի արտադրությամբ գործարան, նախընտրելի է, որ գործի, քանի որ մեր պետությանն անհրաժեշտ են միլիոնավոր ներդրումներ եւ աշխատատեղեր։ Ասեմ նաեւ, որ գործարանի տերերին չեմ ճանաչում, որ չասեք՝ ճանաչում եմ, դրանից եմ կողմ։

 Զրուցեց ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ

 

 

 

ՀԱՑԱՀԱՏԻԿԱՅԻՆ ՊԱՇԱՐՆԵՐ

ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (ՄԱԿ ՊԳԿ) բարձրացրել է 2023 թվականին հացահատիկի համաշխարհային արտադրության իր կանխատեսումը` հասցնելով այդ թիվը մինչեւ 2,819 միլիարդ տոննայի, ինչը 0,9 %-ով բարձր է 2022 թվականի մակարդակից: «Ժողովուրդ» օրաթերթն այդ մասին տեղեկանում է ՄԱԿ ՊԳԿ-ի տարածած հաղորդագրությունից։

 

Պատճառն այն է, որ Ռուսաստանի Դաշնությունում եւ Ուկրաինայում բերքատվության ավելի մեծ աճ է կանխատեսվում, քան նախկինում։ Դա պայմանավորված է բարենպաստ եղանակային պայմանների պահպանմամբ: Դրան հակառակ՝ Կանադայում կանխատեսվում է ավելի վատ բերքատվություն, որը կապված է այդ երկրի հիմնական գյուղատնտեսական շրջաններում երկարատեւ երաշտի հետ:

Ըստ հաղորդագրության՝ աշխարհում հացահատիկի պաշարները 2024 թվականի սեզոնի վերջում կկազմեն 884 միլիոն տոննա, ինչը 3 %-ով կգերազանցի  սեզոնի բացման պահի մակարդակը եւ կդառնա ռեկորդային ցուցանիշ։

ՄԱԿ ՊԳԿ-ի հաղորդագրությունում անդրադարձ է կատարվում նաեւ պարենի համաշխարհային գների ինդեքսին, որը սեպտեմբերին չի փոփոխվել։ Գների նվազում է դիտվել բուսական յուղի, կաթնամթերքի եւ մսի շուկայում, մինչդեռ շաքարի եւ եգիպտացորենի գները բարձրացել են։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ, չնայած ԵՄ-ի պատժամիջոցների ճնշմանը, Ռուսաստանը ցորենի արտահանման մակարդակը բարձրացրել էր՝ հասցնելով այն մակարդակին, որը կար 2020-ին:

Այս մասին հայտնել էր Bloomberg-ը՝ հղում անելով Եվրամիության աղբյուրներին։

Գործակալության տվյալներով՝ նման ցուցանիշներին վերադարձը հնարավոր է դարձել Ռուսաստանի Դաշնության նկատմամբ բարյացակամ վերաբերմունք ունեցող երկրներից վերաարտահանումների շնորհիվ, օրինակ՝ ԱՊՀ երկրներից ու Չինաստանից։

Ըստ Logistic OS վերլուծական հարթակի՝ Ռուսաստանը մեծացրել է ցորենի մատակարարումները։ Դրանք գրեթե կրկնապատկվել են 2023 թվականի հունվարին եւ փետրվարին՝ նախորդ տարվա համեմատ։

Առաքիչներն էլ հաղթահարել են հակառուսական պատժամիջոցների հետեւանքով առաջացած ֆինանսավորման եւ ապահովագրության որոշ խնդիրներ:

 

 

ՀԱՆՔԱՎԱՅՐ՝ ՎԱԶԱՇԵՆՈՒՄ

Իջեւան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանին է դիմել« ԷՅԹԻ ԳՐՈՒՊ»  ՍՊԸ-ն, որին է պատկանում Տավուշի մարզի Վազաշենի ոսկի-բազմամետաղային հանքերեւակման տեղամասում երկրաբանահետախուզական աշխատանքների կատարման ընդերքօգտագործման իրավունքը: Գործող օրենսդրության համաձայն՝ Իջեւան համայնքի Վազաշեն բնակավայրի վարչական սահմաններում ընդգրկված 11-059-0146-0001 ծածկագրով հողամասից 6,924հա մակերեսով տարածքը հատկացվել է ընկերությանը՝ կնքելով հողի սերվիտուտի պայմանագիր՝ մեկ տարի ժամկետով, հետագայում այն երկարաձգելու հնարավորությամբ, օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություն կատարելու համար:

Հիմք ընդունելով վերոգրյալը եւ ղեկավարվելով ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի թիվ 29 եւ թիվ 31 կետերի պահանջներով՝ 2023թ. սեպտեմբերի 22-ին Իջեւան համայնքի ավագանին որոշել է հավանություն տալ Իջեւան համայնքի Վազաշեն բնակավայրի վարչական սահմաններում ընդգրկված 11-059-0146-0001 ծածկագրով հողամասից օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություն կատարելու համար 6,924հա մակերեսով տարածք «ԷՅԹԻ ԳՐՈՒՊ»  ՍՊԸ-ին հատկացնելու համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ երկարաձգելով հողի սերվիտուտի պայմանագիրը մինչեւ 23.03.2024թ., հետագայում այն երկարաձգելու հնարավորությամբ: «Էյթի գրուպ» ՍՊԸ-ն գրանցվել է 2019թ. նոյեմբերին: Հիմնադրել են Տավուշի մարզի Գետահովիտ համայնքում հաշվառված Արմեն Բորիսի Չապուխյանն ու Արաբկիր համայնքում գրանցված Տիգրան Արամի Ավետիսյանը: 2012-2017թթ.-ին Վազաշենի ոսկու հանքավայրի տարածքում երկրաբանական ուսումնասիրություններ կատարելու թույլտվություն ունեցել է «Պոլիմետ կորպորացիա» հայ-կանադական ՀՁ-ն:

 

 

ՔԱՆԴՎԱԾ, ՓՈՍԱՌԱՏ ՃԱՆԱՊԱՐՀ

Տեւական ժամանակ է, ինչ Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Դիլիջան համայնքի  Թեղուտ գյուղի  հարավային ծայրին գտնվող  կամուրջը հիմնանորոգվում է, այդ պատճառով այն փակ է տրանսպորտային միջոցների երթեւեկության համար։ Միջպետական ավտոճանապարհի այդ հատվածը տրանպորտային միջոցները հարկադրված են անցնել շրջանցիկ ավտոճանապարհով, որը ձգվում է Թեղուտ գյուղի միջով։ Մի քանի կիլոմետր երկարությամբ գյուղամիջյան ճանապարհը շատ փոսառատ է, հանդիպակաց ավտոմեքենայի հայտնվելու դեպքում  վարորդը ստիպված է  մեքենան գցել խոր փոսերի մեջ։ Թեղուտի ավտոմոբիլային կամուրջը հիմնանորոգելուց առաջ հարկ էր Թեղուտ գյուղով ձգվող ճանապարհի մեծ փոսերը լցնել ասֆալտով։ Կարծես քիչ է, որ գյուղամիջյան այդ ճանապարհը փոսառատ, կիսաքանդ է, գյուղացիները ճանապարհին    5 հատ  արհեստական խոչընդոտ՝   «պառկած մելիցա»  են սարքել, ինչի  հետեւանքով ճանապարհով երթեւեկը գրեթե անտանելի է։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս