Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը եւ ԵՄ ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչը քննարկել են Արցախից բռնի տեղահանվածների հումանիտար հարցերը։ «Ժողովուրդ» օրաթերթի հաղորդմամբ՝ Հումանիտար կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
«Հանձնակատարի հետ խոսել ենք այն հիմնական խնդիրների շուրջ, որոնք առաջացել են Ադրբեջանի կողմից շարունակական ուժի կիրառման եւ հայատյաց քաղաքականության իրագործման հետեւանքով։ Խոսել ենք տեղահանված եւ Հայաստանում ապաստան գտած ավելի 100 հազար մեր հայրենակիցների հրատապ կարիքների գնահատման, այդ թվում՝ առողջապահական, սոցիալական, հոգեբանական, ֆինանսական հարցերի մասին»,- նշեց Խաչատրյանը։
Փոխվարչապետի խոսքով՝ կառավարությունը բարձր է գնահատում այն արագ արձագանքը, որ ԵՄ-ն եւ նրա անդամ պետությունները շարունակում են ցուցաբերել ԼՂ-ից տեղահանված անձանց առաջնահերթ կարիքների հասցեագրման ուղղությամբ։
«Հանձնակատարի հետ կարեւորել ենք հումանիտար բնույթի լայնածավալ անելիքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Եվրոպական Միության կողմից գործադրվող ջանքերը համաձայնեցնելու, ստացվող հումանիտար աջակցությունը բռնի տեղահանվածների կարիքներին ուղղելու հարցում: Քննարկել ենք համագործակցության միասնական հարթակի ձեւավորման եւ այդ ձեւաչափով մեր գործողությունների արդյունավետությունը բարձրացնելու հարցերը։
Որպես առաջնային գերակայություն՝ առանձնացրել ենք մեր հայրենակիցների կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ կարիքների գնահատման կարեւորությունը։ Դա այն հիմքն է, որը պետք է հնարավոր դարձնի բռնի տեղահանվածների խնդիրների արդյունավետ լուծումը եւ հասանելի հումանիտար օգնությունը ճիշտ օգտագործելու եղանակով արագացնի մեր հայրենակիցներին բնականոն կյանքին վերադարձնելու ընթացքը։
Քննարկման ընթացքում եկել ենք այն համաձայնության, որ Եվրոպական միությունը կշարունակի ավելացված աջակցություն ցուցաբերել բոլոր անհրաժեշտ ուղղություններով՝ հաշվի առնելով այն մեծ փորձառությունը, որն ունի ճգնաժամային կառավարման հարցերում։ Համոզվածություն ենք հայտնում, որ ԵՄ-ի կողմից ցուցաբերվող աջակցությունն էապես կնպաստի նրան, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող ծրագրերը առավելագույն արդյունավետությամբ լուծեն բռնի տեղահանված մեր հայրենակիցների առաջնահերթ կարիքները»,- եզրափակեց Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ վերջին 1 օրվա ընթացքում ԼՂ-ից նոր ժամանածներ չկան, բռնի տեղահանվածների թիվը փոփոխության չի ենթարկվել: Վերջին տվյալների համաձայն՝ Հակարիի կամուրջը հատել է 100 632 անձ: Հաշվառվածների թիվը 99 տոկոս է: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ տեղեկացնելով, որ ժամանածների շուրջ 75 տոկոսը մարզերում է:
Ըստ այդմ՝ Սյունիքում տեղակայվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 5444 անձ, Վայոց ձորում՝ 2134, Գեղարքունիքում՝ 5125, Արարատում՝ 18212, Կոտայքում՝ 21593, Արագածոտնում՝ 3967, Արմավիրում՝ 8044, Լոռիում՝ 4107, Շիրակում՝ 3707, Տավուշում՝ 3139, ընդհանուր առմամբ՝ 75472 անձ:
Նշված թվից գերակշիռ մասին՝ 51-52 տոկոսին, պետությունն ապահովել է ժամանակավոր կեցության վայրով, մնացածին տրամադրվել են սնունդ, հագուստ, հիգիենայի պարագաներ, դեղորայք:
ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ՝ «ՎԱՅԼԴԲԵՐԻԶ»-ԻՑ
«Ժողովուրդ» օրաթերթը տեւական ժամանակ է՝ բնակիչներից բողոքներ է ստանում, որ «Վայլդբերիզ» օնլայն գնումների կայքին կցված իրենց անձնական քարտերից անհասկանալի պատճառներով գումար է գանձվում:
Դիմելով քարտերը սպասարկող բանկեր՝ բաժանորդները փորձել են հասկանալ, թե ինչու են անհասկանալի պատճառներով գումարներ գանձվում, եթե որեւէ պատվեր չեն կատարել: Բողոքների մեծ ալիք կար՝ հատկապես «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի հետ կապված:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ՝ հասկանալու համար, թե ինչ հիմունքներով են գումարներ գանձվում բաժանորդներից: Աշխատակիցը պարզաբանեց. ««Վայլդբերիզ» օնլայն գնումների կայքը պարբերաբար թարմացումներ է տալիս, մենք միշտ հորդորում ենք մեր բաժանորդներին անձնական տվյալների տրամադրման հարցում շատ զգույշ լինել, քանի որ մի շարք պատրվակներով կարող են կապ հաստատել՝ նպատակ ունենալով կորզել բանկային քարտի PIN եւ CVV կոդերը»:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Հորդորում ենք լինել զգոն եւ անձնական տվյալներ չտրամադրել երրորդ անձանց, ոչ մի պարագայում անհայտ ծագում ունեցող համակարգերում կամ կայքերում չլրացնել մուտքանուն եւ գաղտնաբառ: Զեղծարարները WhatsApp, Telegram եւ այլ հարթակներով գնումներ կամ վճարումներ կատարելու, Հայփոստում առաքանի ունենալու եւ մի շարք այլ պատրվակներով կապ են հաստատում կամ կեղծ հաղորդագրությունների միջոցով փորձում են կորզել Ձեր քարտի PIN եւ CVV կոդերը: Նշված տվյալները պետք չէ փոխանցել նույնիսկ բանկի աշխատակից ներկայացած անձանց:
ՕՖԵԼՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԱՀԱԶԱՆԳ՝ ՎԱՐԴԵՆԻՍԻՑ
Վարդենիս համայնքի Բանավան թաղամասի 7-րդ շենքից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնում են, որ ամիսներ առաջ իրենց շենքի տենիքը քանդել են՝ խոստումով, որ հին «շիֆերները» կփոխարինվեն երկաթյա թիթեղներով, սակայն որեւէ արձագանք չկա, ոչ մեկ ձայն չի հանում, իսկ վերջին հարկում ապրողների բնակարանները «ջրհեղեղի մեջ են»:
«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Վարդենիս համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Մկրտչյանի հետ՝ հասկանալու խնդրի էությունը. «Տեղեկությունը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Շենքի կառուցումն ամբողջովին կառուցապատողի պատասխանատվության տակ է: Նա ունի հստակ ժամկետներ, որոնք չի անցել: Երեկ էլ ինձ զանգել են, ես զրուցել եմ իրենց հետ:
Ինչ վերաբերում է բնակչին, ապա այս պարագայում ինչ վնաս կրում է բնակիչը, դրա ուղիղ պատասխանատուն հենց կառուցապատողն է, բայց մենք բոլոր բնակիչների հետ պայմանավորվել ենք համաձայնություն տալու շուրջ, որովհետեւ հնարավոր են տեղուններ այս սեզոնին, որոնք իրենց հետեւանքներն են ունենալու»:
ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ
ՏԱՐԱԴՐԱՄՆ ՈՒ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԸ
Սկզբում սկսենք նրանից, որ դոլարը տարեսկզբից մինչեւ սեպտեմբեր, կապված համաշխարհային շուկայի փոփոխությունների հետ, պարբերաբար ենթարկվել է փոփոխության։
Կապված նաեւ ռուս-ուկրաինական երկարատեւ պատերազմի հետեւանքների հետ՝ դոլարի փոխարժեքը նվազել էր՝ հասնելով 350 դրամի։ 2022 թվականի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը կրկին ռազմական գործողություններ սկսեց Հայաստանի դեմ, շուկայում իրավիճակը կրկին նույնն էր։
Դոլարի փոխարժեքն այս անգամ բարձրանալով հասել էր 480 դրամի։ Վերջին օրերին եւս դոլարը արժեւորվում է՝ պայմանավորված անվտանգային եւ քաղաքական անորոշությամբ։ Տնտեսագետները կարծում են, որ այս իրավիճակը բացասական հետեւանքներ է ունենալու։ Հոկտեմբերի 3-ին դոլարը 407 դրամից կտրուկ դարձավ 413 դրամ։ Հայ ռուսական հարաբերությունների լարումից հետո կտրուկ աճ նկատվեց նաեւ ռուբլու շրջանում։
Հոկտեմբերի 3-ին արձանագրվեց դոլարի ամենաբարձր շեմը՝ 435 դրամ։ Հենց այդ օրը Ազգային Ժողովը վավերացրեց Հռոմի ստատուտը, որից առաջ Հայաստանի հասցեին Ռուսաստանի կողմից սպառնալիքներ էին հնչում զգուշանալու եւ անսպասելիին սպասելու վերաբերյալ։
Թանկացումներ սկսեցին եւ՛ սննդամթերքի շրջանում, եւ՛ վառելիքի։ Երկու օր տեւած խառնաշփոթից եւ արտաքին ազդեցություններից հետո դոլարը սկսեց կայունանալ։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ դոլարի հետ կապված նման իրավիճակներ եւ եղել նաեւ 44-օրյա պատերազմից հետո, 2022 թվականի սպտեմբերի ռազմական գործողությունների ժամանակ եւ հիմա։
«Երբ Հայաստանի սահմաններին անվտանգային խնդիրը լարվում է, մեզ մոտ դրամի կտրուկ արժեզրկում է գրանցվում։ Սա արդեն օրինաչափություն է դարձել Հայաստանի պարագայում։ Կենտրոնական բանկը մինչեւ հիմա փորձում էր չմիջամտել, սպասում էր մինչեւ 430 դրամի շեմը հատեր, եւ միջամտեց։ ԿԲ-ն դոլար մտցրեց տնտեսության մեջ՝ կայունացնելով դրամի արժեզրկումը»:
Այս իրավիճակի պատճառով շատերը կորցրեցին լուրջ գումարներ, իսկ դոլարային փոխարժեքով վարկ վճարողները կրկնակի տուժեցին։
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ