ՀԵԼՈՈՒԻՆԸ՝ ԳՈՒՄԱՐ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՄԻՋՈՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամեն տարի՝ հոկտեմբերի 31-ին, աշխարհի տարբեր երկրներում նշվում է Հելոոինը: Տոնն ի հայտ է եկել Իռլանդիայի եւ Շոտլանդիայի կելտերի հին ավանդույթներից, որի պատմությունը սկսվել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի տարածաշրջանում։ Տոնը հիմնականում նշվում է անգլախոս երկրներում: Անվանումն առաջացել է հին իռլանդերեն samhain բառից, որը նշանակում է «ամռան ավարտ»։

 

Շոտլանդիայում Հելոուինի խորհրդանիշը շաղգամն էր, բայց Հյուսիսային Ամերիկայում դրան փոխարինել է դդումը՝ որպես ավելի էժան բանջարեղեն: Առաջին անգամ Ամերիկայում լուսատու դդումների պատրաստումը գրանցվել է 1837 թվականին։ Այս օրվա սովորույթներից է քաղցրավենիք խնդրելը: Երեխաները եւ մեծահասակները հագնում են դիմակներ եւ տնից տուն գնում: Ի դեպ, մատնանշելով այս սովորույթը՝ որոշները Հելոուինի եւ Բարեկենդանի միջեւ ընդհանրություններ են տեսնում: Հելոուինն ավանդաբար տոնում են անգլախոս երկրներում, սակայն այն մեծ ոգեւորությամբ նշում են նաեւ այլ երկրներում։ Վերջին տարիներին այն նշվում է նաեւ Հայաստանում, թեեւ Հայ առաքելական եկեղեցին օրվա հետ կապված միշտ բացասական բնույթի հայտարարություններով է հանդես գալիս:

«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանի հետ՝ պարզելու, թե ինչ դիրքորոշում ունի այս առնչությամբ Հայ առաքելական եկեղեցին.

«Հելոուինի տունը Հայ առաքելական եկեղեցու հետ որեւէ կապ չունի, դա տոն էլ չի կարելի համարել: Զվարճանքի օր է պարզապես եվրոպական երկրներում, որի ժամանակ, իբրեւ թե, բացվում են դժոխքի դարպասները, դուրս են գալիս չար ոգիները, եւ դու պարտավոր ես, որեւէ չար ոգու կերպարանք ընդունելով, դուրս գաս փողոց…Կարճ ասած, պրիմիտիվ հորինված մի հեքիաթ, որն այսօր Հայաստանում տարածվում է միմյայն այն բանի համար, որի միջոցով հնարավոր է դառնում «բիզնեսներ անել»: Ի՞նչ է սա իրենից ենթադրում: Բազմաթիվ ակումբներ մարդկանց հավաքում են, ասում են՝ այսօր Հելոուին ենք նշում, ու սկսում են մեկը մյուսով գումարներ աշխատել՝ մոռանալով, որ Հայ եկեղեցին նման կիսակախարդական բաներ չի ընդունում, եւ մեր ազգայինի հետ որեւէ կապ չունի: Սա եւս մեկ միջոց է մարդկանց ազգայինից հեռացնելու: Որեւէ եվրոպական երկիր չի տոնում մեր եկեղեցական տոները, այդ դեպքում մենք ինչու՞ ենք մեր վրա պարտավորություն վերցնում անպայման նշելու այդ տոնը: Կարծում եմ՝ մեր ազգը պետք է խորամուխ լինի: Ցանկացած չարի դեմ Հայ եկեղեցին ունի մեկ հզոր բան՝ աղոթք, որը բազմաթիվ անգամներ է իր ուժը ցույց տվել. մարդիկ են բժշկվել, իղձեր են իրականացվել եւ այլն»:

ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ՎԹԱՐԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ

Դերասան Գեւորգ Գրիգորյանը վթարի է ենթարկվել։ Այդ մասին Գեւորգը հայտնեց իր ֆեյսբուքյան էջում:

«Քանի Շամշյան չենք ընկել, ես ասեմ՝ բոլորս ողջ ենք», – գրել էր դերասանը։

Չնայած դերասանի հումորային ու սարկաստիկ գրառմանը՝ նկարից երեւում է, որ մեքենան ջարդոնի է վերածվել։

«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ ավտովթարը տեղի է ունեցել Շիրակի մարզ մեկնելու ճանապարհին։ Դերասանը ընկերոջ հետ արցախահայությանը օգնություն է ցանկացել տանել։ Մեքենան բեռնված է եղել նախատեսվածից շատ, անիվը չի դիմացել, պայթել է, մեքենան էլ, անկառավարելի դառնալով, գլորվել է ճանապարհից ներքեւ։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գեւորգը այլ մեքենայով ընկերոջը տեղափոխել է հիվանդանոց, որտեղ ախտորոշել են սալջարդ, կողոսկրի կոտրվածք։

«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց դերասանի հետ՝ պարզելու, թե ինչպես է հիմա նա. «Ես լավ եմ, ինձ հետ ամեն բան կարգին է։ Ընկերս էլ ոտքի վրա է, շնորհակալություն»։

 

 

 

ՄՈԼՈՐԱԿԸ… ԿՈՐԾԱՆԵՑԻՆ

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը սոցիալական ցանցի իր էջերում պարբերաբար կիսվում է հրապարակումներով, որոնցում արտահայտում է իր ցավն ու անհանգստությունը Հայաստանի, Արցախի ու մեր ժողովրդի կյանքում ի հայտ եկած վերջին տարիների դժվարությունների մասին:

Հովհաննիսյանը ինստագրամյան իր էջում կիսվել է լուսանկարով, որում ինքն է՝ Գանձասար վանական համալիրում։ Նկարին կից գրում է. «Էքզյուպերին ասում էր. «Առավոտյան հենց որ արթնանաս, լվացվես ու քեզ կարգի բերես, ՊԵՏՔ է ԱՆՊԱՅՄԱՆ կարգի բերես նաեւ ՔՈ ՄՈԼՈՐԱԿԸ»:

Իմ մոլորակը … կործանեցին:

Ես փորձում եմ հավաքվել, բայց դեռ ոչինչ չի ստացվում:

Ո՛չ փոքր քայլերի «տեսությունն» է օգնում, ո՛չ էլ գոռալը, ո՛չ լացելը, ոչինչ…

Ինձ կասե՞ք՝ դուք ոնց եք հավաքվում ու որ՞ մոլորակն եք կարգի բերում… էն որը …

Իմ մոլորակը վիրավոր է ու շնչակտուր ու շատ մենակ..Ես էլ…

Ու ես չգիտեմ՝ ոնց օգնեմ նրան:

Ոնց օգնեմ ինձ…ուրիշներին…

Գանձասարի ուղեգորգն է: Ինձ հստակ ուղի էր ցույց տալիս՝ դեպի լույսի ու հավատքի Խորան:

Խորանը Ծնունդի խորհուրդ ունի, նոր կյանքի:

Իսկ հիմա չկա… իմ ուղին: Խորանն էլ պղծեցին…

1989թ.-ին՝ Վարագա Ս. Խաչի տոնի օրը, Գանձասարում մատուցվեց անդրանիկ Ս. Պատարագը:

ՎԱԹՍՈՒՆԱՄՅԱ ՀԱՐԿԱԴԻՐ լռությունից հետո Արցախում եղավ Պատարագի սրբազան արարողությունը, Գանձասարի զանգերի ղողանջն ավետեց Արցախ աշխարհի հոգեւոր կյանքի վերածնունդը…

Վարագա Սուրբ Խաչի տոնն էր օրեր առաջ…

Քայլերը միշտ են բերում արդյունքի…մտածված քայլերը՝ մտածված արդյունքի, ԱՆՄԻՏ, դավաճանական քայլերը՝ մտածված կործանման…

ԱՆՈՒՂԻ քայլերը՝ մոլորության..

Մեր մոլորակը մոլորվել է. ես էլ հետը:

Սրտիս լույսը վառ եմ փորձում պահել, որ Խաչս սուր մնա, որ ցավը չբթացնի, որ արագ «կյանքը շարունակվում է»- ն նոր խաբեություն չդառնա ու հետո ավելի ուժեղ խոցի:

Ա՜խր…

Ամեն քանդվելուց հետո քարերս մանրվում են, շենքս, տունս, շինությունս խարխլվում է, ես հանուն եմ փնտրում, հանուն, որով պիտի ապրեմ ու տեսնեմ իմ աչքով ՎԵՐԱծնունդը իմ մոլորակի, ու ոչնչացումը թշնամու( ներքին, թե արտաքին):

Կառչում եմ էն մարդկանցից, որ իրար են օգնում, հույս ու հաց են տալիս իրար, քրիստոսավայել ամենաթանկն են տալիս կողքինին….

Բայց ոնց՞ չտեսնեմ Հուդաներին…, որոնք ծիծաղում են հայի գերեվարման լուրի տակ ու մտածված շարունակում …

Մոլոր-մոլոր պտտվում է մոլորակս՝ կաղալով, վիրավոր ու շիվար:

Սիրտ չունի:

Սիրտը մեր բուժել է պետք, արնահոսող սիրտը…

Արցախի հողը ԴԱՐԵՐՈՎ հայի քրտինքով, սիրով, արյամբ ու պայքարով է ներծծված:

Երիցս անիծված է էն «ազգ»-ն ու անհատը, որը չի հասկանում դա:

ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆՆ ամբողջապես ծանրանալու է այդպիսինների վրա գերեզմանի տապանաքարի պես:

Ու ես դա տեսնելու եմ..

ԽԱՉԸ ՎԵՐ:

Մոլորակը պետք է սկսենք ՄԱՔՐԵԼ աղտից»:

ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ

 

 

ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՄԵԿՆԵՑԻՆ

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Երեւան-Ստամբուլ-Պոտգորիցա չվերթով մեկնել է Մոնտենեգրո, որտեղ կմասնակցի Եվրոպայի գավաթի խաղարկությանը. այս մասին հայտնում է ֆեդերացիան: Ընտրանին 13 քաշային կարգերից հանդես կգա 12-ում։ Հայաստանը կներկայացնեն հետեւյալ մարզիկները՝ 48 կգ Բարեղամ Հարությունյան, 51 կգ Ռուդոլֆ Գարբոյան, 54 կգ Ռուսլան Ասլիկյան, 57 կգ Արթուր Բազեյան, 60 կգ Արթուր Ղազարյան, 63.5 կգ Նարեկ Հովհաննիսյան, 67 կգ Գուրգեն Մադոյան, 71 կգ Զավեն Գալստյան, 80 կգ Համբարձում Հակոբյան, 92 կգ Նարեկ Մանասյան, 96 կգ Ռաֆայել Հովհաննիսյան, գերծանր քաշային Դավիթ Չալոյան: Հավաքականի գլխավոր մարզիչը Կարեն Աղամալյանն է:

 

 

 

ԿՎԵՐԱԴԱՌՆԱ՞ ԵՎՐՈՊԱ

Ամերիկյան «Ինտեր Մայամիի» եւ աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 36-ամյա հարձակվող Լիոնել Մեսին կարող է մի քանի ամսով վերադառնալ Եվրոպա, եթե ամերիկյան թիմը չնվաճի ՄԼՍ-ի փլեյ-օֆֆի ուղեգիր. հաղորդում է Inter Miami FC Hub-ը։

ՄԼՍ-ի կանոնավոր առաջնությունը կավարտվի հոկտեմբերի 22-ին։ Եթե «Ինտեր Մայամին» չկարողանա դուրս գալ փլեյ-օֆֆ, Մեսին իրավունք կունենա կարճատեւ վարձակալությամբ հանդես գալ այլ ակումբում։

ՄԼՍ-ի Արեւելյան կոնֆերենցիայում 31 խաղից հետո «Ինտեր Մայամին» 33 միավորով 14-րդ տեղում է։ 1/16 եզրափակիչի ուղեգիր ընձեռող 9-րդ տեղում գտնվող «Մոնրեալից» «Ինտեր Մայամին» հետ է 5 միավոր։

ՄԼՍ-ի հաջորդ մրցաշրջանը կմեկնարկի 2024թ. մարտին։

Մեսիի պայմանագիրը «Ինտեր Մայամիի» հետ նախատեսված է մինչեւ 2025 թվականը։

 

 

 

ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎ

Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր Միլանի «Ինտերի» նորեկ, Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Մարկուս Տյուրամը պատմել է իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմում հարմարվելու մասին։

«Ես սիրում եմ թիմային աշխատանք, ակումբակիցներից նոր բան սովորել, եւ ես ստացա այդպիսի հնարավորություն «Ինտերում»։ Մենք ունենք շատ միասնական կոլեկտիվ։ Այսպիսի մթնոլորտում հեշտ է հարմարվելը։ Մենք շատ ժամանակ ենք անցկացնում միասին նաեւ խաղադաշտից դուրս։ Դա շատ կարեւոր է ընդհանուր նպատակներին հասնելու համար»,- Տյուրամի խոսքը մեջբերում է Sky Sport Italia-ն։

26-ամյա ֆուտբոլիստն այս ամռանն է Մյոնխենգլադբախի «Բորուսիայից» տեղափոխվել «Ինտեր» ազատ գործակալի կարգավիճակում անվճար։

Գերմանական թիմում անցկացրած չորս մրցաշրջանի ընթացքում Տյուրամը մասնակցել է 134 հանդիպման, խփել է 44 գոլ, կատարել 29 գոլային փոխանցում։




Լրահոս