«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ում ներկայացվել են վերջին տվյալները Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց վերաբերյալ, ինչպես նաեւ Կառավարության աջակցության ծրագրերի ընթացքը:
Ըստ Նազելի Բաղդասարյանի ներկայացրած տվյալների՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց թիվը կազմում է 100 632, իսկ հաշվառված անձանց թիվը կազմում է 98 216:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ մեկնարկում է նաեւ ուսանողների աջակցության ծրագիրը: Ուսանողների կրթության ֆինանսավորման հարցի կապակցությամբ մեկնարկել է կրթաթոշակային ծրագիր. կրթաթոշակի չափը որոշվելու է՝ տվյալ մասնագիտության ուսման վարձի համեմատ:
«Կարգավորել ենք բոլոր այն դեպքերը, երբ գրանցվում են կրթական ծրագրերի, կրեդիտների տարբերություններ. այս բոլոր դեպքերի պարագայում մեր ուսումնական հաստատությունները տեղյակ են, որ պետք է կցագրեն ուսանողներին, ու սա իրականացվում է՝ նաեւ առանց լիցենզիոն տեղերի սահմանափակումը հաշվի առնելու: Կրթաթոշակի չափի որոշման համար հիմք ենք վերցրել պետական բուհերում տվյալ մասնագիտությամբ ուսման միջին վարձի չափը: Սա լինելու է կրթաթոշակի առավելագույն չափը, որը պետությունը փոխհատուցելու է: Առաջին կիսամյակից հետո, երբ ուսանողները կցուցաբերեն որոշակի առաջադիմություն, կրթաթոշակի բազային չափը կավելանա բոլոր այն ուսանողների համար, որոնք կունենան բարձր առաջադիմություն: Այս կարգն արդեն շրջանառության մեջ է. կարծում եմ՝ եկող շաբաթ կմեկնարկենք ֆինանսական աջակցության այս սխեման ու, ըստ այդմ, մեր ուսանողների կրթության շարունակականությունն ապահովված կլինի նաեւ ֆինանսական տեսանկյունից»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հավաքագրվում են նաեւ տվյալներ այն ուսանողների վերաբերյալ, որոնք կրթություն են ստանում Հայաստանի բուհերում, եւ նրանց ֆինանսավորումն իրականացվել է ԼՂ իշխանությունների կամ նրանց ընտանիքների կողմից:
«Ունենք ուսանողների երկու խումբ. ուսանողների մի խումբը ուսանող է եղել ԼՂ հաստատություններում եւ այս պահին ունի կրթության ընդհատման խնդիր: Ունենք ՀՀ բուհերում սովորող ուսանողներ, որոնց ուսման վճարումներն իրականացվել է ԼՂ կառավարության կողմից կամ իրենց ծնողների կողմից, որոնք այս պահին դժվարությամբ են վճարումներ կատարում: Առաջիկայում նաեւ այս խմբի ուսանողներին ուղղված աջակցության ծրագիր կլինի»,- եզրափակել է նախարարը:
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչներին աշխատանքով ապահովման հետ կապված՝ նախարարը նշել է, որ հանրակրթության համակարգում առկա է 1790 թափուր աշխատատեղ, որից 1450-ն ուսուցչական թափուր տեղեր են: Նա ընդգծել է, որ էլեկտրոնային տարբերակով այս տեղեկատվությունը հասանելի կդառնա:
Նա տեղեկացրել է նաեւ, որ գործուղման առավելագույն ժամկետը 2 տարի է: Ուսուցիչները հնարավորություն կունենան այս ժամանակահատվածում հարմարվել, տեղավորվել իրենց մասնագիտական աշխատանքը շարունակելու եւ իրենց պլանների մասին հեռանկարային որոշումներ կայացնելու համար:
Թափուր տեղերի համալրման գործընթացը կլինի արտամրցութային: Համալրումը տեղի կունենա գործուղման տարբերակով, ինչը նշանակում է, որ ուսուցիչները կստանան իրենց բազային աշխատավարձի 30 տոկոսի չափով հավելավճար: Նախատեսվում է հոկտեմբերի 10-ից հարթակը հասանելի դարձնել, որի միջոցով ուսուցիչները կկարողանան տեսնել թափուր հաստիքները եւ դիմել աշխատանքի համար:
ՏԵՂԱՎՈՐՎԵԼ ԵՆ ԿՐԹԱՐԱՆՆԵՐՈՒՄ
ՀՀ ԿԳՄՍ նախարարության՝ «Ժողովուրդ» օրաթերթին տրամադրած տվյալների համաձայն՝ հոկտեմբերի 9-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 9082 երեխա կրթությունը շարունակում է հայաստանյան կրթական հաստատություններում:
«Ժողովուրդ» օրաթերթի հաղորդմամբ՝ այս մասին հոկտեմբերի 9-ին՝ «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսին, հայտնեց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
«Կրթությունը Երեւանում ստանում է 2910 երեխա, Կոտայքի մարզում՝ 1561, Արարատում՝ 1322, Արմավիրում՝ 790, Լոռիում՝ 472, Գեղարքունիքում՝ 441, Արագածոտնի մարզում՝ 430, Սյունիքի մարզում՝ 390, Շիրակի մարզում՝ 342, Տավուշում՝ 258, Վայոց ձորում՝ 166»,- շեշտեց վարչապետի մամուլի քարտուղարը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաեւ քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել եւ վիրավորվել էին նաեւ քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին ԼՂ իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Վերջին օրերին Լեռնային Ղարաբաղից ՀՀ են տեղափոխվում բռնի տեղահանված քաղաքացիներ:
ՆՈՐ ԱՐՑԱԽՑԻՆԵՐ
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ընտանիքներում 38 ծնունդ է գրանցվել. 14-ը Երեւանում է, 24-ը՝ ՀՀ մարզերում:
«Ժողովուրդ» օրաթերթի հաղորդմամբ՝ այս մասին հոկտեմբերի 9-ին՝ «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսին, հայտնեց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
Անդրադառնալով Հայաստանի տարբեր բուժհաստատություններում առողջությունը վերականգնող անձանց, որոնք բռնի տեղահանվել են Լեռնային Ղարաբաղից, նա ընդգծեց՝ հոկտեմբերի 9-ի դրությամբ նրանց թիվը 278 է:
«95 բուժառուի վիճակը գնահատվում է ծանր, 11-ինը՝ ծայրահեղ ծանր: Միջին ծանրության հիվանդներ կան անչափահասների շրջանում. 7 երեխա շարունակում է իր բուժումը»,-տեղեկացրեց Բաղդասարյանը:
Նա հիշեցրեց՝ շարունակվում է կցագրումը առողջապահության առաջնային հաստատություններում՝ ամբուլատորիաներում եւ պոլիկլինիկաներում: «Հոկտեմբերի 9-ի դրությամբ այդ թիվը կազմում է 16 հազար 448. մարդկանց գրեթե 16, 5 տոկոսն արդեն իսկ հաշվառվել է պոլիկլինիկաներում եւ ամբուլատորիաներում»,-շեշտեց Բաղդասարյանն ու հիշեցրեց՝ առողջապահության հետ կապված բոլոր խնդիրները Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մարդիկ լուծում են պետական պատվերի շրջանակներում:
ԿՈՌՈՒՊՑԻԱՆ՝ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ
Իջեւան համայնքի հանրակրթական դպրոցների ուսուցիչները «Ժողովուրդ» օրաթերթին բողոքել են, որ իրենք ամեն ամիս իրենց աշխատավարձի մեկ տոկոսը փոխանցում են արհմիության հաշվեհամարին: Այդ հաշվեհամարին բազում միլիոնների դրամներ կան, սակայն կրթության եւ գիտության աշխատողների արհմիությունը տարվա մեջ երկու անգամ միայն՝ մարտի 8-ի եւ հոկտեմբերի 5-ի՝ ուսուցչի օրվա առթիվ որոշակի գումարներ է փոխանցում հանրակրթական դպրոցներին, մնացած գումարները մնում եւ տնօրինվում են արհմիության կողմից, իրենք չգիտեն, թե ինչպես են ծախսվում այդ միլիոնավոր դրամները։ Նրանք ասացին, որ արհմիությունը՝ որպես ճյուղային անկախ մարմին, պետք է պաշտպաներ ուսուցիչների իրավունքները, սակայն երբեւէ չի զբաղվել ուսուցիչների իրավունքների, շահերի պաշտպանությամբ. այն գործում է որպես իշխանության կցորդ։ Ուսուցիչներն ասացին, որ Իջեւանի տարածաշրջանի կրթության եւ գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպություննների տարածքային միության նախագահ Զինա Ստեփանյանի աշխատավայրը Տավուշի մարզպետարանի շենքն է, Զ. Ստեփանյանի որդին Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի, սպորտի վարչության պետ Մերուժան Հարությունյանն է։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին երկու անգամ տեղեկատվական հարցում ենք ուղարկել՝ հարցնելով, թե իրավական ինչ հիմքերով Զինա Ստեփանյանը Տավուշի մարզպետարանի շենքում աշխատավայր ունի, այնտեղ է նստում։ Մարզպետարանից ստացված երկրորդ պատասխանում նշված է. «Կրթության եւ գիտության աշխատողների արհմիության ճյուղային հանրապետական միության նախագահը 2001 թվականին դիմել է ՀՀ Տավուշի մարզպետին՝ Իջեւանի տարածաշրջանի կրթության եւ գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների միությանը ՀՀ Տավուշի մարզպետարանի շենքում մեկ սենյակ հատկացնելու խնդրանքով: ՀՀ Տավուշի մարզպետարանում Իջեւանի տարածաշրջանի կրթության եւ գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների միությանը հատկացվել է մեկ սենյակ, որի վերաբերյալ տեղեկատվություն է ներկայացվել պետռեգիստր՝ գրանցման նպատակով: Ներկայումս Իջեւանի տարածաշրջանի կրթության եւ գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների միության նախագահ Զինա Ստեփանյանն առանձին աշխատասենյակ չի զբաղեցնում եւ նստում է ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության աշխատակիցների հետ»: Կրթության եւ գիտության աշխատողների՝ անկախ համարվող արհմիության ղեկավարը, որը Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի հարազատ մայրն է, նստում, աշխատում է մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության աշխատակիցների հետ, եւ նա կարո՞ղ է գործատու-վերադասից՝ մարզպետարանից պաշտպանել ուսուցիչների իրավունքները։ Նիկոլ Փաշինյանի ասած՝ «կոռուպցիան հո պոզով-պոչով կենդանի չէ՞», կոռուպցիան հենց սա է, որ կա։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ