«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ տեղի ունեցավ Երեւանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդմնակալության արարողությունը, որի ավարտից հետո վերջինս պատասխանեց լրագրողների հարցերին: Կադրերի ընտրության մասին հարցերից մեկին ի պատասխան՝ նորընծա քաղաքապետը հեգնեց. «Ինչքան հարազատ «պրառաբ» ու մեբելի դիզայներ կար, վաչության պետ էր էստեղ»:
Աշղեկի մասին ակնարկելով՝ Ավինյանը, ամենայն հավանականությամբ, նկատի ուներ Հայկ Մարութանի ժամանակ շինարարության ու բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանին, ում մասին տեղեկություններ էին տարածվել, թե հայտնվել է այդ պաշտոնին՝ բացառապես շնորհիվ այն բանի, որ ժամանակին զբաղվել է Կարգին Հայկոյի՝ Հյուսիսային պողոտայի տան վերանորոգման աշխատանքներով, ու դա բավարար էր, որպեսզի այդ մարդը նշանակվեր նման պատասխանատու աշխատանքի:
Ի դեպ, ուժային կառույցների մեր աղբյուրները հայտնում են, որ մի քանի օր է, ինչ քաղաքապետարանի համապատասխան փաստաթղթեր են ուսումնասիրվում, եւ արդեն իսկ կան բավական հետաքրքիր տվյալներ, որոնք խոսում են Մարությանի իշխանության տարիներին շինարարական տենդերների կազմակերպման ու անցկացման խախտումների, խոշոր գումարների ծախսման մասին: Օրինակ՝ առանց նախագծման, վերանորոգել են Կորեայի ձորի կամուրջը, առանց նախագծման աշխատանքների, երեք տարի ճանապարհների նորոգում են անցկացրել՝ ընդհանուր շուրջ 12 մլրդ դրամ արժողության:
Ուժային կառույցների մեր աղբյուրները հայտնում են, որ Մարությանի օրոք՝ 2021թ.-ին, Մալաթիա-Սեբաստիա համայնքի՝ Մեծ Հայրենական պատերազմի հաղթանակի 40-ամյակին նվիրված հուշարձանի շինարարության մրցույթ են հայտարարել՝ չունենալով հիդրոտեխնիկական նախագիծ: Ըստ նախնական ուսումնասիրությունների՝ Մարությանի «պռարաբի»՝ վարչության պետ եղած ժամանակ «անհասկանալի» պատճառներով ճանապարհաշինական մրցույթներ են շահել հիմնականում նույն մարդիկ, յուրաքանչյուրը՝ 3-4 լոտ:
Թե մինչեւ ուր կհասնեն ուժային կառույցները Երեւանի նախկին քաղաքապետի կառավարման տարիներին տեղի ունեցած միլիարդների բյուջետային շարժի գործով, ցույց կտա ժամանակը: Մենք շարունակելու ենք տեղեկությունների ուսումնասիրությունը եւ դրանք մեր ընթերցողին ներկայացնելը:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում