Կարեւորը Մելիքբեկյանն է. ֆուտբոլը կսպասի. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հինգշաբթի Հայաստանի ազգային հավաքականը պարտվեց «Եվրո 2024»-ի իր խմբի հետնապահ Լատվիայի հավաքականին՝ ցուցադրելով իր վատագույն խաղերից մեկը: Նկատենք, որ այսօր ունենք ազգային թիմ, որը նույնիսկ հայախոս չէ. գերիշխում է ռուսերենը, հետո հայերենն ու իսպաներենը, ազգային հավաքականի կազմում դաշտ դուրս եկած խաղացողների հայկական ֆուտբոլային դպրոցը ներկայացնողները փոքրամասնություն են՝ ի հակադրում նատուրալիզացվածների ու սփյուռքում ծնվածների:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի քաղաքականության կամ դրա բացակայության արդյունքում շատ վատ հանդիպումներ են անցկացնում հավաքականի ռեզերվը, վաղվա օրը համարվող տարբեր տարիքային հավաքականները: Այսպես, մինչեւ 17 տարեկանների ազգային հավաքականը հոկտեմբերի 11-ին պարտվում է Իռլանդիայի իրենց հասակակիցներին խոշոր հաշվով (4:0), այսօր կխաղա Շվեյցարիայի դեմ, ու չկա մասնագետ, որը դրական արդյունք է ակնկալում:

Այս հավաքականն անցած տարի 7:0 պարտվել է Նորվեգիային, 4:0՝ Իռլանդիային, եւ 2:5 հաշվով ավարտել է խայտառակ պարտությունների շարքը Բելառուսի հավաքականի դեմ խաղում: Խայտառակ պատկեր է նաեւ 21 տարեկանների ազգային թիմի պարագայում. այս թիմի մրցակիցներն են Ռումինիան, Շվեյցարիան, Ֆինլանդիան, ու կրկին լավ արդյունքներ ակնկալելը դժվար է: Չներկայացնելով այս ու մյուս տարիքային թիմերի գրանցած արդյունքները՝ պարզ է, թե ինչպիսին է լինելու մեր ազգային հավաքականի ապագան. հետո գալու են ֆեդերացիայի ղեկավարներն ու ասեն, որ մեր միակ ճանապարհը Սփյուռքի ու նատուրալիզացված «հայերի» հավաքական ունենալն է՝ «դե կադրեր չկան» հիմնավորմամբ:

Իսկ կադրեր չկան ֆեդերացիայի աշխատանքի բացակայության պատճառով, որոնք համոզում են, որ կարեւորն այսօր երկու նոր մարզադաշտ կառուցելն է (ինչը միլիարդների շրջանառություն է եւ «անվերահսկելի» ֆինանսներ) ու պատրաստվելը այս տարվա վերջին կայանալիք ՀՖՖ նախագահի հերթական ընտրություններին, որի ընթացքում իշխանությունների ձեռամբ նորից ընտրելու են Արմեն Մելիքբեկյանին, քանզի կարեւոր չէ, թե ինչ արդյունք կա ֆուտբոլում, եւ ինչ խայտառակ ձախողումներ են: Կարեւորն այն է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը գոհ է ոլորտը տապալած Մելիքբեկյանից՝ որպես ինքնուրույնություն չդրսեւորող ղեկավար:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս